Բարուրով երեխային փլատակների տակից խոզերն են գտել

20 տարի անց վիճակներն էն չի

Մարմինը հետ ու առաջ դանդաղ թափահարող Ալվարդը չգիտեմ` ինչ է զգում, երբ սկսում է հանկարծակի ամբողջ մարմնով ցնցվել: Ինչ-որ բառ կամ ինչ-որ տեսարան` նրան իր միջից հրելով, այս ու այն կողմ է շպրտում: Ինչ-որ բառ կամ ինչ-որ տեսարան Ալվարդն ուղեղով ընկալում է, բայց արտաքուստ անհաղորդ ու ոչինչ չասող հայացք ունի: Բազմոցին նստած աղջկա` մարմնի արագությամբ հետ ու առաջ անդադար շարժումից նրանց «դոմիկն» աչքիս առաջ պտտվում է: Ճիշտ այնպես, ինչպես Ալվարդի աչքի առաջ ամբողջ աշխարհն է պտտվել:

1988 թվականին ծնված Ալվարդը չգիտեմ` այն ժամանակ ինչ է զգացել, որ երկրաշարժից հետո այսքան տարի անց էլ ցնցումն իր մեջ է անցել: Մայրն ասում է` մի քանի ամսական աղջիկը` Ալվարդը, մնացել է փլատակների տակ: Գետնի տակ անցած Սպիտակի փլատակների տակ բարուրով երեխան մնացել է այնքան, մինչև մարդկանց փոխարեն` իր վրա խոզեր են եկել ու սկսել են հիստերիկ խռխռալ:

Չգիտեմ` 88-ի փլատակների տակ` խոզերով շրջապատված բարուրով Ալվարդն այդ ժամանակ ի՞նչ է զգացել, բայց մինչև հիմա մարմինը թափահարելով` ցնցվում է ու չի խոսում: Թե ինչ է կատարվել 88-ի դեկտեմբերի 9-ին փլատակների տակ մնացած, խոզերով շրջապատված բարուրով Ալվարդի հետ` միայն ինքը գիտի, բայց իմացածը բնազդային հիշողություն է, որը երբեք չի վերարտադրել: Ոչ ոք չի հասկանում` Ալվարդի աչքին հիմա մարդիկ մա՞րդ են երևում, թե՞ մարդիկ խոզերի պես են թվում:

Կարդացեք նաև

Երբ մայրը երկրաշարժի մասին հիշողություններից է պատմում, Ալվարդն աչքերը գամում է աներևույթ մի կետի ու մարմինն անմտածել ծեփում է այս ու այն կողմ. «Փլատակներից մեզ փրկելուց հետո շատերս անկողին ընկանք, օրերով դրսում մնալով` ցրտահարվել էինք: Երեխուս պանելների տակից հանելուց հետո սկեսուրիս տվեցին, ես հիվանդ, ցրտահարված էի: Նույն վիճակն երեխու մոտ էր: Տեղափոխել էին Նորքի հիվանդանոց, շատ էր սառել: Բժիշկներն ուզեցել էին կաթիլային միացնել, բայց երակը չէին գտել: Գլխի երակից էին միացրել ուգ»: Ու Ալվարդը դարձել է հաշմանդամ: Սրտի աղմուկից բացի` մտավոր խնդիր ունի:

Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում տեղադրված «դոմիկում» բնակվում է Սուսաննա Սարգսյանը` իր հինգ երեխաների հետ: Ապրում են աղքատության նպաստով: Սպիտակում համատարած գործազրկության պատճառով տղամարդիկ քոչում են ռուսաստաններ: Տղամարդիկ քոչում են ռուսաստաններ, ու շատերն այլևս չեն վերադառնում. թեթև ապրելու համար` իրենց պարտքը կատարում են` ընտանիքին ամսական փոքրիկ գումար ուղարկելով: Շատերը Ռուսաստանում նոր ընտանիք են կազմում, որտեղ կանայք երկրաշարժ տեսած չեն, իսկ երեխաներն էլ երկրաշարժի հետևանքով հաշմանդամ չեն: Տիկին Սուսաննան ամուսնու մասին իմ հարցերին չի ցանկանում պատասխանել: Չի ցանկանում նաև հիշել, թե վերջին անգամ նա երբ է եկել Հայաստան:

Միայն գիտի, որ Սպիտակում ընտանիքի հայրերն անգործությունից կամ հարբեցող են դառնում, կամ գժվում են, կամ էլ հասցնում են փախչել Ռուսաստան: Մեկ էլ գիտի, որ Ռուսաստանում ընտանիք կազմող տղամարդիկ փախչում են իրենց անցյալից, բայց ոչ երբեք` հիշողությունից: Երեխաների հայրն այնտեղ է, մայրն` այստեղ, ու երեխաները հավանաբար շատ բան չեն հասկանում. հասկանում է միայն տիկին Սուսաննան, ով վիրավորանքը խեղդել է ներսում, բայց հոգու խորքում հավանաբար ուրախ է` ամուսնուն գժված կամ հարբեցող չտեսնելու համար:

Անչափահաս երեք երեխաները սովորում են գիշերօթիկ դպրոցում, որտեղից վերադառնում են «տուն» միայն շաբաթ-կիրակի օրերին: «Ուրիշ ճար չունեմ, երեխեքը քնելու տեղ չունեն: Էս մի քանի մետրանոց տարածքում չեն տեղավորվում, դրա համար գիշերօթիկ են գնում, որ հանգիստ քնեն»,- ասում է տիկին Սուսաննան, ով «կյանքի գնով» կարողացել է Թեհմինեի Վանաձորի ուսումնարանում սովորելու հարցը լուծել:

Ալվարդն առավոտից իրիկուն հարկադրված հաղթահարում է տնակային կյանքը. նա հիմա ապրում է այն տարածքում, որտեղ իրենց նախկին տունը փլվել է, ու ինքը մնացել է տան փլատակների տակ: «Մասնագետներն ասացին` սրտի աղմուկ ունի. եթե մինչև յոթ տարեկանը չանցնի` կբերեք վիրահատության: Վիճակներս էն չէր, շատ վատ էինք: Հիշում եք, էլի, մեր վիճակը: Վիճակներս տենց էլ մնաց, էլի էն չենք»,- ասում է Սուսաննան` վստահեցնելով, թե աղջիկը նույնիսկ հաշմանդամության կարգ չունի, որի համար գոնե թոշակ կստանային: Հարցնում եմ` «Մինչև էսօր չե՞ք տարել ստուգման»: Պատասխանում է` «Չէ»: «Մտավոր խնդիր ունի՞, ինչո՞ւ է էսպես ցնցվում»` հարցնում եմ: «Չգիտեմ, չգիտեմ, մի հարցրու»,- կտրուկ պատասխանում է ու սառած նայում է աչքերիս մեջ:

Հետո լարված իրավիճակը թոթափելու համար խոսակցությանը միջամտում է Վանաձորի ուսումնարանի ուսանող Թեհմինեն: Մի քիչ պատմում է դասերից, մի քիչ` կյանքից, մի քիչ հարցուփորձ է անում Երևանից ու, երբ անդրադառնում է կենցաղային պայմաններին, ասում է. «Երազում եմ, երազում եմգ Ես միշտ երազում եմ, որ մենք տուն ունենանք ու մի քիչ մարդավարի ապրենք: Ձեր նման, ոնց որ Երևանում ա, որ տելեվիզրով ցույց են տալիս»:
Թեհմինեն պոռթկալով լաց է լինում: Հետո աղջկա լացից լաց է լինում տիկին Սուսաննան: Հետո մոր արցունքոտ աչքերը տեսնելով` լաց է լինում նաև Հասմիկը: Հետո բոլորին լաց լինելուց տեսնելով` լաց է լինում նաև Անահիտը: Լաց չի լինում միայն Ալվարդը: Նա միայն մոլորված նայում է մորը, քույրերին ու ամբողջ խոսակցության ընթացքում դանդաղ հետ ու առաջ անող մարմինը սկսում է այնպես թափահարել, որ տնակն աչքիս առաջ պտտվում է:

Տեսանյութեր

Լրահոս