««Գնումների մասին» օրենքն ընդունվել է, որպեսզի մեկ կետից` Բաղրամյան 26-ից, կառավարվի բյուջեի լվացումը»

«Մենք 5 տարի շարունակ պայքարել ենք «ատկատների» դեմ, կատարել շատ բացահայտումներ, ջրի երես հանել խնդիրը, բայց գլոբալ առումով խնդիրը չի լուծվել, և նախագահի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ «ատկատների» վերաբերյալ հնչած սուր քննադատությունը սպասված էր և ուշացած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով ասուլիսի էր եկել իր կուսակիցներ Անահիտ Բախշյանի և Գառնիկ Սահակյանի հետ:

«Խնդիրը համակարգի մեջ է, և 5 տարիների ընթացքում ամբողջ պատմությունը երևի սկսվեց նրանից, որ Գառնիկ Սահակյանը, ով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ էր, ունի դեղագործական կազմակերպություն և Հայաստանի եզակի բարեխիղճ հարկատուներից է, ըստ էության, դարձավ «ատկատների» զոհը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա, հավատալով «Պետական գնումների մասին» օրենքին, մրցույթների գաղափարին, իր ներկրած դեղորայքը բավական մատչելի գնով փորձեց իրացնել այն շուկայում, որը ստեղծվում է պետության կողմից` ի դեմս պետական բյուջեի հատկացումների, և ի՞նչ պարզվեց շուտով. Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող որոշ հիվանդանոցներում (Արյունաբանության ինստիտուտը) մրցույթները մեզ կանգնեցրեցին մի զավեշտալի փաստի առաջ` ինստիտուտը դեղը գնել էր 8 անգամ ավելի թանկ, այն դեպքում, երբ դրա համարժեքը ապահովվել էր Գառնիկ Սահակյանի կողմից:

Երբ պատգամավորների կողմից գրություններ ուղարկվեց «պետական գնումների գործակալության պետին»` Երևանի այն ժամանակվա քաղաքապետին (Գագիկ Բեգլարյանին.- Ա.Ս.), մենք խնդրեցինք տեղեկություն տրամադրել, թե ո՞ր հաստատություններն են 2009 թ. հայտարարել մրցույթներ, և որտե՞ղ են տեղադրվել մրցույթի մասին հայտարարությունները, քանի որ դա նաև այդ «ատկատ» կոչված մեխանիզմի տարրերից մեկն է, որովհետև շատ հաճախ մրցույթի մասին հայտարարությունը տալիս են այն լրատվամիջոցներում, որոնք ընթերցողներ չունեն, և այդպես դիմում են միայն յուրայինները, ովքեր տեղյակ են մրցույթից: Պատկերացրեք` քաղաքապետարանից անգամ պատշաճ պատասխան չեկավ,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով,-  Քանի դեռ մեր երկրում ազգային հարստության արդար և արդյունավետ բաշխում չկա, թող որ մեր երկրի ՀՆԱ-ն հասնի միլիարդների, Հայաստանն ունենա նավթի հարստություններ, միևնույն է` նման է լինելու մի ընտանիքի, որտեղ բոլորը գողանում են, և որտեղ այդ ընտանիքում ոչինչ չի ավելանում: Եվ այս խնդրի միակ լուծումը կոռուպցիայի դեմ լուրջ պայքար տանելն է»:

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ իրենց «համառ հետապնդումների արդյունքում «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվեց ընդամենը 50 մլն դրամով, և դա դարձրել են դրոշակ, թե՝  «տեսեք, մենք լավ ենք աշխատում»:

Իսկ Գառնիկ Սահակյանը, խոսելով իրեն պատկանող 1993 թ. ստեղծված «Սզնի ՍՊԸ»-ի` գնումների շուկայում չարաշահումների արդյունքում  ներկայիս ծանր ֆինանսական վիճակի մասին, այսպիսի դիտարկում կատարեց. «Նախ ասեմ, որ մինչև 2000 թ. «Գնումների մասին» օրենքի ընդունումը Առողջապահության նախարարությունը դեղերի գնման մրցույթներ էր անցկացնում, և՝ առանց այս օրենքի, և անցկացնում էր հրաշալի` կատարելության աստիճանի: Այս օրենքի ընդունումից հետո գնալով շուկան սկսեց բևեռանալ: Գրեթե 10 տարի հետո ես եկա այն եզրակացության, որ «գնումների մասին» օրենքն ընդունվել է, որպեսզի գնումներ չանցկացվի, որպեսզի մեկ կետից` Բաղրամյան 26-ից, կառավարվի բյուջեի լվացումը: Եվ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` բոլոր ոլորտներում բյուջեի առնվազն 25-30 տոկոսը փոշիացվում է «ատկատների» տեսքով, որովհետև, եթե ուզում ես 10 տոկոս «ատկատ» ստանաս, 25-30 տոկոս պետք է տրվի, որ դրա հարկերն էլ տրվեն»: Գ.Սահակյանը նշեց, որ Պետգնումների գործակալության ստեղծումից հետո ընդամենը մեկ տարի է կարողացել մասնակցել մրցույթներին: «Հետո ստեղծեցին պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր իրենց թելադրված խաղի կանոններով չէին առաջնորդվում, դուրս մնային: Ես և իմ նման շատ ֆիրմաներ չկարողացանք մասնակցել մրցույթներին: Ընդ որում, իմ ներկրած դեղերը հիմնական ներկրողները վերցնում էին և շատ ավելի թանկ՝ պետբյուջեին վաճառում: Այսինքն` անցած 12 տարվա ընթացքում Հայաստանում անցկացված մաքուր գնումներ կարելի է ձեռքի մատների վրա հաշվել»:

Գ.Սահակյանն ասաց, որ 2010 թ. ապրիլին Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող Արյունաբանության ինստիտուտում մասնակցել է առաջին մրցույթին,  որին մասնակցել է նաև «Նատալի ֆարմ ՍՊԸ»-ն: «Իմ գնային առաջարկը 198 դրամ էր, իսկ «Նատալի ֆարմի» առաջարկը` 1593 դրամ: Ընդ որում, հետագայում, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) պաշտոնական նամակ ստացա, այնտեղ ֆիքսված էր, որ ապրանքը գնվել է 45 ցենտով` 210 դրամով է ձեռք բերվել: Հետո ինձ մերժեցին: Իմիջիայլոց ասեմ, որ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ ինձ ասացին. «Մեկ ա, էդ չենք վերցնում, դու ինչքան ուզում ես՝ ցածր գին դիր»»:

Գ.Սահակյանը շեշտեց, որ այս ամբողջ գործընթացներում առանցքային ֆիգուր է հանդիսանում «Նատալի ֆարմը»: «Քաղապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներն անցկացրել են մրցակցային բանակցություններ, որտեղ հրավիրվել է» «Նատալի ֆարմը» և նրա հետ մի «պադստավնոյ» ֆիրմա` օրինակ իր (Սամվել Ալեքսանյանի.- Ա.Ս.) զոքանչի «Դամիլյա ՍՊԸ»-ն», և հաղթող է ճանաչվում «Նատալին»՝ իր ուզած գներով: Եվ բյուջեն տուժում է 3 մլրդ 450 մլն դրամով: Շոու սարքեցին, թե 50 մլն տուգանել են: Բա ո՞վ  3 մլրդ 450 մլն գողանա, որ դրանից 50 մլն-ն աչքին երևա»:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս