Տիգրան Սարգսյանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն. խաղատների տերերը եկել էին իրենց մտահոգություններով կիսվելու վարչապետի հետ:
Իսկ այդ մտահոգությունները կապված են 2 տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխության հետ: Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների համաձայն, նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:
Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի, Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով` այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է: Վերջիններս չեն նշել, թե կոնկրետ որ խաղատան բացումը նկատի ունեն (կամ էլ` այդ մասին չի նշվել պաշտոնական հաղորդագրության մեջ), սակայն նկատել են, որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին:
Առաջին հայացքից` կոնկրետություն չպարունակող այս տեղեկատվությունն իրականում շատ հետաքրքիր տողատակեր ունի: Այսպես, թեպետ չի նշվում, թե 2013-ին ո՞ր խոշոր խաղատունն է գործարկվելու` վտանգի ենթարկելով փոքր ու միջինների գործունեությունը, դժվար չէ գլխի ընկնել, թե ինչի մասին է խոսքը: 40 միլիարդ դրամը կամ 100 միլիոն դոլարը չափազանց մեծ գումար է, և նման արժեքով զվարճանքի օբյեկտ կառուցել Հայաստանում շատ քչերն իրենց կարող են թույլ տալ: Բացի այդ, նման օբյեկտը նկատելի պետք է լինի` իր մասշտաբներով: Դատելով այս ամենից` խաղատների տերերը, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն Երևան-Սևան ավտոճանապարհի սկզբնամասում կառուցվող շքեղ համալիրը` բուրգերի տեսքով: Այն պատկանում է «Բարգավաճ Հայաստան»կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հայաստան էին այցելել հյուրանոցային բիզնեսի համաշխարհային բրենդերից մեկի` «Կեմպինսկի» ընկերության ներկայացուցիչները` պայմանագիր ստորագրելու զվարճանքների համալիրի կառավարումն իրականացնելու համար: Տեսանյութում նշվում էր, որ համալիրն այնքան մեծ է, որ կարող է միաժամանակ սպասարկել 7 հազար այցելուի:
Այս առումով մանր ու միջին խաղատների տերերի անհանգստությունը կարելի է հասկանալ: 2010 թ. «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում` հաջորդ տարվա հունվարի մեկից նրանք ստիպված են լինելու փակել իրենց խաղատներն ու տեղափոխվել Ջերմուկ, Սևան կամ Ծաղկաձոր: Այսինքն` Երևան-Սևան ավտոճանապարհի երկայնքով շարված տասնյակ կազինոները ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը, քանի որ ոչ ոք չի հասնի Ծաղկաձոր, եթե ճանապարհի սկզբին Երևանին շատ մոտ կա խաղատուն, այն էլ` բավականին շքեղ:
Նրանց փաստարկներն ու մտահոգությունները համոզիչ են թվացել Տիգրան Սարգսյանին: «Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում, և առաջարկել է խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ` ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին: Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին` իրենց խնդիրներին հետամուտ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:
Թվում է` շատ սովորական աշխատանքային պրոցես է: Սակայն դա` միայն առաջին հայացքից: Հաշվի առնելով ԲՀԿ-ի կողմից վարչապետի հասցեին հնչող քննադատություններն ու հրաժարականի պահանջը, վարչապետի արագ արձագանքը և հարցին դրական լուծում տալը կարելի է դիտել ոչ այլ ինչ, եթե ոչ` պատասխան Գագիկ Ծառուկյանին: Հայաստանում այսօր մրցակցային դաշտը, մեղմ ասած, շատ բացթողումներ ունի, սակայն ոչ բոլոր դեպքերում են շահագրգիռ կողմերը հրավիրվում վարչապետի մոտ և գոհ հեռանում: Առավել ևս` այն դեպքերում, երբ վարչապետն իրեն չի համարում այդ ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը:Այսինքն` որքան էլ չի նշվում Գագիկ Ծառուկյանի անունը, որքան էլ այս ամենը ներկայացվում է` որպես մենաշնորհի դեմ պայքար, ակնհայտ է, որ այս հարցում կա նաև քաղաքական ենթատեքստ:
Անգամ, եթե վերանանք քաղաքական շարժառիթներից, ապա կառավարության խիստ բարյացակամ վերաբերմունքը խաղատների սեփականատերերի հանդեպ և օրենքի կիրառման հետաձգումը խոսում է այն մասին, որ կառավարությունն ինչ-որ տեղ սխալվել է:
Փաստորեն` կառավարությունը սահմանում է խաղի նոր կանոններ, ոմանք այդ խաղի կանոնները հաշվի առնելով` բիզնես ծրագրեր են մշակում, ներդրումներ են անում, իսկ հետո հանկարծ որոշվում է հին կանոնները թողնել ուժի մեջ: Ստացվում է, որ ընդամենը 2 տարի առաջ ընդունվել է օրենք, որը մենաշնորհային ռիսկեր է պարունակում:
Եվ այդ օրենքը ընդունվել է այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանն արդեն 2 տարի վարչապետ էր: Օրենքը մշակվել է նրա կառավարության կողմից: Այսինքն` կառավարությունն անուղղակիորեն ընդունում է, որ 2 տարի առաջ սխալ է թույլ տվել£ Հաշվի առնելով, որ սեփական սխալները թեկուզ անուղղակիորեն խոստովանելը մեր կառավարությանը բնորոշ չէ, կարելի է հասկանալ, թե որքան մեծ է եղել Ծառուկյանին պատասխան տալու ցանկությունը: