Երևանում տեղադրվելիք քանդակի «հերոս» կդառնա վրան նստող ամեն մարդ
Բրոնզաձույլ 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ «Հուշարձան ընթերցողին» կտեղադրվի Երևանում, որը կամբողջացնի այն մարդը, ով կնստի քանդակի վրա, ինչու չէ, լուսանկարվելու համար: 2.5 մետր բարձրությամբ քանդակը հեղինակելու է դիզայներ, ոսկերիչ եւ քանդակագործ Արման Դավթյանը, նույն ինքը` Նուռը: Նա BRAVO.am-ին ցույց է տվել Ընթերցողի հուշարձանի էսքիզը, մակետը, ներկայացրել է դրա ստեղծման գաղափարը, որն օգոստոսից նյութականացնում է: Նախնական տվյալներով, քանդակը կտեղադրվի Խնկո Ապոր անվան գրադարանի շրջակայքում:
Որոշեց ընթերցողի չքանդակել
Արձան կանգնեցնում են մեծ գործ արած մարդու հիշատակին, հազվադեպ էլ` նրա կյանքի օրոք: Քանի որ վստահ եմ` ընթերցողներ դեռ կան և այդքան հազվագյուտ չեն, որոշեցի ընթերցողի չքանդակել, և այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը:
Լուսամփոփի լույս և խորհրդանշական գրություն
Կոմպոզիցիայի համար օգտագործված տարբեր դարաշրջանների ու ձևավորումներով գրքերի վրա հեղինակներ չեն նշվելու, քանի որ հանճարների ընտրությունս սուբյեկտիվ կլիներ. թող ամեն մարդ տեսնի այն հեղինակին, որին նախընտրում է: Գիշերները քանդակը կլուսավորի լուսամփոփի լույսը: Բացված գրքի վրա էլ աշխարհի բոլոր լեզուներով գրություն կլինի: Նշեմ, որ այն նվիրված է Երևանի` այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Բացումը` 2013-ին
Էսքիզային առաջարկս Երևանի քաղաքապետարանը հաստատել է հուլիսին: Քանդակը պատրաստ կլինի նոյեմբերի կեսին, բայց կարծում եմ` հանդիսավոր բացումը խորհրդանշական կլինի իրականացնել 2013-ի ապրիլին, երբ կլրանա Երևանի` Գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու մեկ տարին, և այդ տիտղոսը կփոխանցվի այլ քաղաքի: Բացի դա, Ընթերցողի հուշարձանն ավելի շատ ամառային քանդակ է:
Հոգեբանական, դաստիարակչական խաղ
Կարծում եմ` լուսանկարվելու համար քանդակի վրա առաջին հերթին կնստեն նրանք, որոնք ընթերցող չեն, որովհետև մարդը սիրում է ընդունել այն կերպարը, որն ինքն իրականում չունի: Անգամ սոցիալական ցանցերում սեփական լուսանկարի փոխարեն, օրինակ, աղջիկները դնում են Անջելինա Ջոլիի նկարը, հետո ձգտում նմանվել այս դերասանուհուն` հարդարվելով նրա նման եւ այլն: Իմ քանդակի դեպքում էլ հոգեբանական, դաստիարակչական փոքրիկ խաղ կա. ընթերցանության հետ սեր չունեցող մարդը, նկարվելով արձանի վրա, պարտքով վերցնում է ընթերցողի կերպարը, հետո փորձելու է այդ պարտքը վերադարձնել. մեկ օր անպայման սկսելու է կարդալ: Գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը մեծ հաջողություն և հաղթանակ կլինի:
«Շփում» արձանի հետ
Ժամանակն է, որ մոնումենտալ արձանների կողքին մեր քաղաքում հայտնվեն ինտերակտիվ, քաղաքային արձաններ, որոնք իրենց պարզությամբ կազդեն ժամանակակից մարդու մտածողության վրա` հաղորդելով օգտակար և ուսուցանող ինֆորմացիա: Ամբողջ աշխարհում այսպիսի քանդակները մեծ սեր են վայելում, որոնց հետ մարիկ կարողանում են շփվել, կոնտակտի մեջ մտնել:
Ցանկալի մաշվածություն
Ժամանակի ընթացքում, իհարկե, Ընթերցողի հուշարձանը մաշվածություն ձեռք կբերի, որն ավելի կարժևորի այն` ցույց տալով` ինչքան ընթերցող կա այս քաղաքում: Օրինակ, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող Պետրոս առաքյալի բրոնզե արձանի մերկ ոտքը հավատացյալների ձեռքի հպումից մաշվել է: Միշտ ցանկանում էի պատկերացնել` ինչքան ժամանակ եւ քանի շոշափում է պետք, որպեսզի նման հաստություն ունեցող բրոնզը դառնա թուղթ: Հենց դա էլ ինձ համար ներշնչանքի մեծ աղբյուր դարձավ:
Գրքասերների «ակումբ»
Քանդակն ունենալու է գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Ցանկանում եմ, որ այդ ձևով գրքերի փոխանակման բարի ավանդույթ ստեղծվի:
Տրանսֆորմացիա
Իմ առաջին մեծ քանդակն է, հուսով եմ` ոչ վերջինը: Միշտ ձգտել եմ դեպի արտահայտման այս միջոցը, որովհետև հենց քանդակագործությունն է իմ մասնագիտությունը, ոչ թե այն, ինչով զբաղվում եմ մինչ այսօր: Համարում եմ` ճիշտ տրանսֆորմացիա է փոքր ֆորմաներից դեպի մեծերը, որովհետեւ փոքր տարիքում ես ստեղծում էի շատ մեծ արձաններ և ստիպված էի լինում աթոռի վրա կանգնել, որպեսզի կարողանայի քանդակել:
«Ապրում» են գրադարանում
Ընտանիքիս անդամները անհամբեր ու սրտատրոփ սպասում են` երբ պատրաստ կլինի քանդակը: Գաղափարը շատ են հավանել: Մենք կարդալու սիրահար ենք, տանն առանձին սենյակ ունենք, որը կոչում ենք գրադարան, այնտեղ էլ անցկացնում ենք մեր ազատ ժամանակը, ապրում ենք այնտեղ: Աղջիկներս այն տարիքում են, երբ արկածային գրականությունն է հետաքրքրում, ես էլ հիմա կարդում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» գործը:
Կոչ վատ արտահայտվողներին
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի (Bravo.am)