«Մրցունակության հիմնադրամը պետական և մասնավոր հատվածների համագործակցության հաջողված հարթակ է»

Ասում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը

NAM – Ինչո՞ւ է հիմնադրամն ընտրել իր այս պետական/մասնավոր զուգորդված ձևաչափը:

Ա.Խ. – Փորձը մեզ ցույց տվեց, թե ինչքան կարևոր է աշխատանքի բաժանումը: Պետությունը, որպես կանոն, միակն է, ով ստանձնում է տնտեսական հարաբերությունները կարգավորողի դերը, և կարգավորման մեխանիզմները միայն պետության ձեռքում են: Մյուս կողմից` մասնավոր սեկտորը շատ ավելի պրագմատիկ ու ճկուն է և շատ ավելի լավ է կարողանում սահմանել իր նպատակներին հասնելու միջոցները:

Այսպիսով` այս զուգորդված կառուցվածքը դառնում է մեկ ընդհանուր հարթակ բոլորի համար: Այն ղեկավարվում է ադմինիստրատիվ խորհրդի կողմից, որի անդամները հավասար քանակով ներկայացնում են պետական և մասնավոր սեկտորները, իսկ նախագահը Հայաստանի վարչապետն է:

Կարդացեք նաև

NAM – Ձեր գործունեության երեք առաջնային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը: Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը, չէ՞ որ Հայաստանի խնդիրները շատ ավելի շատ են:

Ա.Խ. – Մենք ընտրել ենք այն ոլորտները, որտեղ կարող ենք արագ առաջխաղացում ունենալ: Այս ընտրությունը հիմնված է «McKinsey»-ի գրասենյակի կատարած ուսումնասիրության, ինչպես նաև «Հայաստան 2020» ծրագրի արդյունքների վերլուծության վրա, ընդ որում` հաշվի է առնում նաև երկրի ներքին պայմաններն ու ռեսուրսները: Այս երեքից դեռևս առավել քիչ ուշադրության է արժանացել կրթության ոլորտը. մյուս երկուսն արագ կերպով զարգանում են:

NAM – «Հայաստան 2020»-ը ուներ հստակ ժամանակային շրջանակներ` զարգացման ծրագրերի իրականացման համար: Դուք նո՞ւյնպես սահմանել եք հիմնադրամի առջև դրված նպատակների կատարման ժամկետները:

Ա.Խ. – Այս հարցը հարկավոր է դիտարկել մի քանի տեսանկյուններից: Զուտ էմոցիոնալ առումով, բնականաբար, գերադասելի է, որ փոփոխությունները տեղի ունենան ինչքան հնարավոր է շուտ: Սակայն իրատեսական մոտեցումը հուշում է, որ «բարեկեցիկ կյանքի» գաղափարը ժամանակի ընթացքում փոխվում է: Այն, ինչ երեկ համարվում էր բավարար կամ նույնիսկ գերազանց, այսօր այլևս ընդունելի չէ:

Անհնար է ակնկալել երկարաժամկետ զարգացում` չունենալով համակարգային փոփոխություններ, և մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին դիտարկվում է մասնավոր և պետական սեկտորների մերձեցում: Տաթևի վանքի վերածննդի նախագիծը դրա վառ ապացույցն է:

NAM – Կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այդ նախագծին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ձեր գործունեության մեջ դրա ունեցած առաջնահերթությանը:

Ա.Խ. – Տաթևի նախագիծը պետական ու մասնավոր սեկտորների համագործակցության շատ լավ օրինակ է: Ճոպանուղու կառուցման համար անհրաժեշտ ամբողջ գումարից 20 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրել է ռուսաստանցի հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, իսկ 10 միլիոնը` պետությունը: Սակայն այսքանով ամեն ինչ դեռ չի ավարտվում: Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել նախագծի երկրորդ փուլին և նպատակ ունենք մինչև 2017թ. ամբողջությամբ վերականգնել Տաթևի վանքի համալիրը:

Ընդհանուր ծախսերը գնահատվել են մոտ 6 միլիոն ԱՄՆ դոլար: Ավելին` վերջերս մենք ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ ստորագրել ենք մի համաձայնագիր, որը նախատեսում է վերաբնակեցնել Տաթևի վանքի շրջակա ինը գյուղերը. չէ՞ որ անհնար է ունենալ զբոսաշրջության կենտրոն` առանց հարակից զարգացած բնակավայրերի:

NAM – Հայաստանում զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ փոքր և միջին բիզնեսն ամենազարգացածներից են: Ինչպե՞ս է հիմնադրամը կարողանում կապեր պահպանել և համագործակցել այդ բոլոր ընկերությունների հետ:

Ա.Խ. – Մենք ունենք այդ ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների կոորդինատներն ու ընդհանուր տվյալները: Նախկինում գործում էր Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալությունը. այժմ այն լուծարվել է, իսկ դրա բոլոր գործառնությունները փոխանցվել են մեր հիմնադրամին: Այժմ մեր հերթն է` համագործակցելու զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ` հասկանալու նրանց խնդիրներն ու հիմնվելով դրա վրա` կազմելու մեր ծրագրերը:

NAM – Այնուամենայնիվ, Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալությունը տեղակայված էր քաղաքի կենտրոնում և հասանելի էր բոլորին, մինչդեռ ձեր գրասենյակները դժվար հասանելի են, լայն հասարակությունը չի ճանաչում ձեզ: Իսկ գրեթե բոլոր երկրներում գործնականում ամեն քայլափոխի զբոսաշրջության գրասենյակներ ու տեղեկատվական կենտրոններ կանգ

Ա.Խ. – Անշուշտ, դա կարևորագույն հարց է, և մենք արդեն պատրաստել ենք մի բիզնես-նախագիծ, որը սահմանում է կառուցվելիք զբոսաշրջության կենտրոնի հիմնական բնութագրերն ու ապագայում առաջարկվող ծառայությունների ցանկը: Սակայն հիմնադրամն ինքը միջոցներ չունի դա իրականացնելու համար: Մենք կարող ենք լոկ կազմել նախագիծն ու ապահովել բոլոր անհրաժեշտ տեղեկատվական հիմքերը դրանք շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ 2013 թվականին Երևանում արդեն կբացվի տուրիստական տեղեկատվական առաջին կենտրոնը, բնականաբար` պետական և մասնավոր սեկտորների մասնակցությամբ:

NAM – Անդրադառնանք առողջապահության ոլորտին. վերջերս դուք հայտարարել եք, որ Հայաստանում կառուցվելու է տարածաշրջանում համարժեքը չունեցող միջուկային բժշկության խոշոր կենտրոն:

Ա.Խ. – Հայաստանում այսօր մահվան բոլոր պատճառների մոտ 65%-ը կազմում են սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը, և սրա պատճառն արդյունավետ ախտորոշման և բուժման պակասն է: Միջուկային բժշկությունը կարող է դառնալ այս ամենի լուծումը: Այս է պատճառը, որ մենք որոշել ենք ստեղծել միջուկային բժշկության մի կենտրոն, որը նպատակ կունենա դառնալ աշխարհում լավագույններից մեկը` ուռուցքաբանության, սրտաբանության և նյարդաբանության բնագավառներում: Ավելի քան 3000քմ մակերես ունեցող այդ նոր կենտրոնի շինարարության գործընթացը պետք է սկսվի հուլիսին:

Նախատեսվում է, որ կենտրոնն իր դռները կբացի գալիք տարի: Կենտրոնի միջազգային սերտիֆիկացումը թույլ կտա, որ աշխարհի բազմաթիվ երկրներից հիվանդներ գան բուժվելու այստեղ` իրենց բժշկական ապահովագրության հաշվին. չէ՞ որ ակնհայտ է, որ նույն բուժման ծախսերը Երևանում շատ ավելի էժան կլինեն, քան Արևմտյան Եվրոպայում:

NAM – Հայտնի է, որ Հայաստանում բազմաթիվ հիվանդներ ուշացնում են բժշկին դիմելը` փող չունենալու պատճառով: Իսկ միջուկային մեթոդով ախտորոշումը բավականին թանկ է: Ինչպե՞ս եք պատրաստվում այդ կենտրոնը հասանելի դարձնել լայն հասարակությանը:

Ա.Խ. – Հիմա մենք փորձում ենք լուծումներ գտնել այդ հարցի համար: Հնարավոր տարբերակներից են համաձայնագրերը հայկական ապահովագրական ընկերությունների հետ անապահով խավի բուժման մասին, կամ, օրինակ, պետության մասնակցությունը ամբողջ գործընթացին: Աշխարհում բազմաթիվ նման մեխանիզմներ կան, և դրանք հարկավոր է կիրառել նաև Հայաստանում:

NAM – Արդյոք հայ բժիշկները պատրա՞ստ են աշխատելու այդ գերժամանակակից մեթոդով:

Ա.Խ. – Ե՛վ այո, և՛ ոչ: Կենտրոնի առավելությունը լինելու է ոչ միայն դրա տրամադրած բժշկական ծառայությունները, այլև գործող կառույցների հետ ինտեգրացումը: Օրինակ` Երևանի բժշկական համալսարանի հետ կապերը թույլ կտան պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետների: Մյուս կողմից` կենտրոնը կայուն կապեր կունենա նաև Ֆիզիկայի ինստիտուտի հետ, մասնավորապես` համագործակցելով հետազոտությունների և զարգացման բնագավառներում:

Այս նախագծում մեր գործընկերն է ԱՄՆ-ի քաղաքացի Հայկ Բաքերջյանը, ով աշխարհի մի շարք երկրներում արդեն նման կենտրոնների սեփականատեր է: Մենք նախատեսում ենք շարունակել մեր աշխատանքները առողջապահության ոլորտում` նույն կենտրոնում ստեղծելով նաև բժշկական թվային պատկերագրման գերժամանակակից համակարգ. այս պահին դրա տեխնիկական բնութագրերը քննարկվում են ամերիկյան ընկերությունների հետ: Եզրափակելով` կցանկանայի հատկապես ընդգծել Սփյուռքի կարևորությունը: Ես կուզենայի, որ Սփյուռքը շատ ավելի լայնորեն մասնակից լիներ և աջակցեր Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Հարցազրույցը` ԶԱՌԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ
Nouvelles d’Armenie Magazine, N186

Տեսանյութեր

Լրահոս