«Մարդկությունն անհանգիստ է, բայց ես շատ հանգիստ եմ, տագնապի մեջ չեմ»

Ասում է հայտնի աբստրակցիոնիստ Քիքին (Գրիգոր Միքայելյան)

Քիքին իրեն համարում է չգործիչ, ում նկարելու մեթոդը չնկարելու ավանդույթն է: Ընդհանրապես նա համարում է, որ գործողության արվեստը միշտ իր դադարն է փնտրում: Երբ շարժումը գտնում է իր դադարը, հանգիստը, ուրեմն` ազատություն է: Համարում է, որ արվեստը նրա համար է, որ ինքը գործ չանի: Ասում է` մարդկությունն ապրում է դատողականությամբ, իսկ ոմանք, շատ քչերը` բանականությամբ: Բնակվելով ԱՄՆ-ում, Քիքին Հայաստանում վերջին անգամ եղել էր 2008թ.: Օրեր առաջ, մասնակցելով Գյումրիի Բիենալեին, նա ուղղակի հիացել է այդ քաղաքի երիտասարդությամբ: Շուտով նա նաև կմասնակցի «Շուշի-Արտ փրոջեքթ» անկախ արտիստական նախաձեռնության կողմից Շուշիում իրականացվող ժամանակակից արվեստի ցուցահանդեսին: Մինչ այդ` սեպտեմբերի 21-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում մի խումբ աբստրակցիոնիստների հետ, կցուցադրվեն նաև Քիքիի գործերը:

– Մեկ էլ չորս տարի առաջ էիր Հայաստանում. ավելի իմաստնացե՞լ ես, թե՞ անհանգիստ ես դարձել:

– Ավելի հանգիստ եմ դարձել` բոլոր իմաստներով: Ինձ մոտ իմաստները բոլոր իմաստներով են լինում: Մարդկությունն անհանգիստ է, բայց ես հանգիստ եմ, տագնապի մեջ չեմ:

Կարդացեք նաև

– Հիմա դու վերջը տեսնո՞ւմ ես:

– Վերջը միշտ հանգստություն է, ոչ թե անհանգստություն: Սկիզբ ու վերջը հանգիստ է, մեջտեղն է անհանգստությունը: Երբ աշխարհ ես գալիս` շոկ ես ապրում: Հենց ընկնում ես աշխարհ` կաթվածահար ես լինում, լացուկոծ ես դնում, բողոքում ես` էս ի՞նչ շնորհք է, էս ի՞նչ աշխարհ է, ես էսպես չէի պատկերացնում, էս չէր իմ ուզածը: Ծնվող երեխայի լացը դա է: Բա հո ուրախություն չէ՞, դժգոհություն է, շոկ: Այդ շոկն ամբողջ կյանքում մարդկանց մոտ մնում է ու վերածվում է հիստերիայի: Մարդկությունն ի՞նչ է` հիստերիայի պատմություն:

– Փաստորեն` երեխան ներքին բնազդներով չի՞ պատկերացնում` որտեղ է հայտնվելու:

– Երեխան մի քիչ ուրիշ է: Ես նկատի ունեմ երեխա, որը գիտակցական ինչ-որ չափով փորձ ունի: Ես ավելի խորն եմ նայում, մետաֆիզիկ եմ ասում, առանց որի` ֆիզիկական էլ չի լինի: Ինչի՞ց է ձևավորվում մարդու ֆիզիկականը. ինչ-որ մի ուրիշ պատճառ կա: Երևի էդ վիճակին ադապտացվել է: Ինչպես որ էս կյանքին ադապտացվում ենք` հետո լաց չենք լինում, ինչքա՞ն կարող ենք լաց լինել, անցնում ենք գործողությունների, որպեսզի ադապտացվենք, փորձենք հարմարվել այս իրականությանը:

Մարդ կա` չի ուզում այս իրականությանը հարմարվել` ռոմանտիկները, խենթ մարդիկ: Մարդ կա` համարում է, որ ինքն այս փորձը լրիվ չի յուրացրել, դրա համար իր ապրելն ուրիշ նշանակություն ունի, միգուցե ճանաչողության փորձ է ձեռք բերում: Մարդ կա` էս կյանքին մոտենում է` ինչպես միակը: Մարդ կա` վերաբերվում է ինչպես իր ճանապարհի մի հատված: Նայած` ով ինչ տեսակ է մոտենում իրականության հասկացողությանը, որի մեջ ինքը գտնվում է:

– Ինչպե՞ս ես մոտենում իրականությանը:

– Ես մոտենում եմ էսպես. մի բան, որը լրիվ ազատ է: Իրականությունն ինձ համար այնքան ամբողջական է, որ այդ փուլերը տեսնելով, վերապրելով, ինքս ինչ-որ բան ճանաչելով, փորձելով` ավելի ճշտվում է իմ այն միտքը, իմաստը, նշանակությունը, որ ոչինչ էլ տեղի չի ունենում առանձնապես: Տեղի ունենալն ինձ համար արտահայտությունն է այն գիտակցության, որը գոյություն չունի: Գոյություն չունեցող գիտակցության տարբեր արտահայտություններն է:

– Ուրեմն` էլ ի՞նչ իրականություն, եթե գոյություն չունեցող երևույթ է:

– Դա է ինձ համար իրականությունը, այսինքն` իրական այն իմաստով, որ իրականը միշտ կարող է շրջվել: Ամբողջական է, այսինքն` էնպես չի, որ արտահայտվի՞, թե՞ չարտահայտվի, ինքը հարաբերական չէ: Հիմնականում ինձ համար խոչընդոտը, կեղծը, սուտը գոյություն ունի: Ի՞նչ է սուտըգ ինքն ամբողջական հարաբերականությունը որպես իրական է ընդունում: Իրականությունն ընդունում է հարաբերական, ի՞նչ խոսք, չես կարող ժխտել, և սկսում է այդ տեսակետից անել` ինչ ուզում է, որը երբեք բանական չէ:

Մենք մարդկության ամբողջ պատմության մեջ դա ենք տեսնում` սուտը, կեղծը, հնարվածը: Դա ներկայացվում է` որպես արվեստ, գիտություն, ծրագիր, գաղափարախոսություն, ապրանք, ինչ ասեսգ Արվեստը մի պահ հասավ նրան, որ կարծես թե լրիվ ռադիկալ, ծայրահեղ մերժեց դա: Դրա համար, երբ ասում ենք` աբստրակտ արվեստ, մաքուր արվեստ, էլի համարում ենք, որ կուլտուրայի, մտածողության էտապ է, և արդեն անցնում ենք նորից հին պատմությանը: Այսինքն` դա մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ:

Եթե մարդն ուզում է ինչ-որ բան ունենալ, շատ ունենալ ոչ թե հիմա, այլ` հետո, պարզ է, որ դա պետք չի: Եթե մարդն ուզում է իրականության մեջ լինել` ոչ թե անհրաժեշտություն է, այլ` առանց դրա ապրելու իմաստը չի գտնում: Այսինքն` բանական լինելը մարդու համար օգտակա՞ր է, թե՞ ոչ: Որոշ մարդկանց համար բանական լինելուց օգուտ չկա, իսկ մի քանի հոգու համար` օգտակար է:

– Ի՞նչ տեսակի մարդկանց համար բանական լինելն օգտակար չէ:

– Օգտակար չէ, երբ ուզում ես գործ անել վաղվա համար, երբ գործողության մոտիվը, նպատակն ուղղված է դեպի ապագան, դեպի վաղը: Դու վախենում ես, որ վաղը կարող է ինչ-որ բան չունենաս, կամ` ունես, բայց վաղը կարող է կորցնես:

– Այսինքն` մարդիկ բանականությունը փոխարինում են վաղվա օրվա ապահովությամբ:

– Անպայման, այն տրամաբանությամբ, որը սարքում է այն դատողականությունը, այն պատկերները, իրականությունը, որը փոխարինում է իրական, ամբողջական բանականությանը:

– Արվեստագետներ նույնպես կան, որոնց համար բանականությունն օգտակար չէ:

– Այո, որովհետև արվեստ է թե ինչ է` տարբերություն չկա: Մարդուն բացարձակ ձեռնտու չէ, որպեսզի արվեստը լինի մեկ այլ ոլորտ, մարդուն պետք չէ, որ գիտությունը լինի մեկ այլ ոլորտ, և պետք էլ չի մարդուն, որ մշակույթն առհասարակ լինի առանձին ոլորտ: Մարդն ուզում է շուկայի, առուծախի, օգտակարի ոլորտը լինի նաև արվեստում: Երբ ասում են` շոու-բիզնես, այսինքն` արվեստ ներկայացնելու բիզնես, ուզում են ասել, որ դա էլ է, չէ՞, արվեստ:

Երբ ասում ես` դա արվեստ չի, ասում է` ինչպե՞ս, մարդը դրա պահանջը, հոգեբանական կարիքն ունի, ինքը կրթվում է դրանով, վերապրում է ինչ-որ բաներ, հաճույք է ստանում, դրա միջոցով քննադատում ենք հասարակությանը: Մի խոսքով` խնդիրներ է դնում, որը երբեք չի լուծում, բայց իբր թե դա անհրաժեշտություն է:

– Արվեստը պետք է շուկայի դաշտ չմտնի՞:

– Ինձ համար արվեստը դա արվեստ է: Դրա համար եմ ես սիրում արվեստը: Ոչ թե արվեստ սիրում եմ, որպեսզի ինչ-որ գործ անեմ էս աշխարհում, այլ արվեստը նրա համար է, որ ես երբեք գործ չանեմ: Գործ նշանակում է` լավից լավը չսարքել: Այսինքն` լավից լավը չկա, կատարյալից կատարյալը չկա, լավ մարդուց ավելի լավ մարդ չկա:

Սոկրատից ավելի լավ մարդ չկա, Պողոսից ավելի լավ մարդ չկա: Մարդն ուզում է ավելի լավը լինել, և հենց դա փչացնում է իրեն, թյուրիմացության մեջ է գցում իրեն և ուրիշներին:

– Ավելի լավը լինելու պահանջն անհատի ներքին ենթագիտակցակա՞ն, թե՞ հասարակական պահանջ է:

– Էդպես ընդունված է, դատողականությունն էդպես է ասում` լավից լավը կա:

– Բայց եթե մարդն ինքնազարգացման ճանապարհով չգնա` կդեգրադացվի:

– Մարդն իր վրա աշխատում է ոչ թե նրա համար, որ ավելի լավը լինի, այլ, որ լավը լինի, հասկանա` որն է լավը: Բայց մարդը հիմնականում աշխատում է, որ ավելի լավը լինի:

Այսինքն` երբ 100 դոլար ունես` աշխատում ես փողդ շատացնել` 1000 դոլար ունենալ, բայց դրանից մարդը ոչ թե ավելի լավն է դառնում, այլ հակառակը` հաստատ ավելի վատն է դառնում: Դա ես չեմ հնարել, դա այդպես է: Ճշմարտությունը քեզ ավելի կոնկրետ է դարձնում, գոնե քեզ շիզոֆրենիայից ապահովում ես:

– Չորս տարի անց ի՞նչ ես բացահայտել, արվեստի դաշտում ի՞նչ է կատարվում:

– Արվեստի դաշտում ամեն տեղ նույն պրոցեսներն են: Տարբերություն չկա` որ երկրում ես, դրանով մեր ժամանակի առանձնահատկությունն է տարբերվում` 20-րդ դարի երկրորդ կեսը և 21-րդ դարն էլ, գիտենք, որ նույնն է, առանձնապես փոփոխություն չկա: Աշխարհի բոլոր երկրներում նույն սկզբունքներն են, և Հայաստանը ոչնչով չի տարբերվում Հնդկաստանից կամ ԱՄՆ-ից մշակույթի, արվեստի, կոնցեպտների, մոտեցումների, գործունեության մեջ:

Տարբերություն, փոփոխություն կար այն ժամանակ, երբ մի երկիրն ազատ չէր, էս բանն էստեղ չէր կարելի անել, իսկ սա կարելի էր: Հիմա ազատ է, կարելի կամ չի կարելիի հարց չկա: Անկախությունը դա է: Այսինքն, երբ երկիրն անկախ է, համապատասխանում է դեմոկրատիայի, մարդու իրավունքների, ազատության չափանիշներին, ուրեմն` սկզբունքը նույնն է, բայց ինչպես են կատարում իրենց պարտականությունները` դա արդեն կուլտուրա է:

Արվեստն ունի այն հասկացողությունը, որ ժամանակի մեջ ընդունված կամ ընդունված չէ: Երբ ընդունված չէ որևէ երկրում` համարվում է հեղափոխական, նոնկոնֆորմիստական, իսկ, երբ ընդունված է` նոնկոնֆորմիստ չէ: Ծաղկում են շուկայական հարաբերությունները, որն ինձ չի հետաքրքրում, ոչ էլ հուզում է: Էդ տեսակ մշակույթը ես սկզբից ևեթ չեմ ընդունել: Ես երբեք ինձ գործիչ չեմ համարել, ոչ մշակույթի, ոչ արվեստի կամ հասարակական գործիչ: Ես չգործիչ եմ, ոչ թե գործիչ: Նկարելու իմ մեթոդը չնկարելու մեթոդ է: Այսինքն` այն, ինչը մշակել է մշակույթը` դրան համահունչ գնում է նաև չնկարելու ավանդույթը:

– Այսինքն` մերժվում է նկարելու «դպրոցը»:

– Չէ, մի բան, որ այդ դպրոցից չի օգտվում, այլ օգտվում է մեկ այլ մեթոդից, ինքն ունի մի ուրիշ ավանդույթ` չնկարելու ավանդույթը: Միշտ է ունեցել` հազարամյակներ: Արևմտյան արվեստը մի 100 տարի է` դա օգտագործում է, իսկ Արևելքի արվեստը` չնկարելու արվեստը, 1000 տարուց ավելի ունի:

– Ի՞նչ է չգործելը:

– Ամեն տեսակ գործողություն ուզում է գտնել իր հանգիստը: Հայտնի կատեգորիա է` ամեն շարժում իր դադարն է փնտրում: Երբ գործողությունն իր դադարը գտնում է` հանգստանալու, բավարարվելու` չքվում է, այլևս կարիք չկա շարունակելու: Այսինքն` գտա, հայտնագործեցի, վերջը` գտա:

Գործողության նկարչությունը միշտ իր դադարն է գտել ու այդ դադարի, ազատության մեջ ապրում է: Շարժվում է` ինչպես ուզի, բայց դա այն շարժումը չի, որ տանում է մի կետից մյուս կետը: Դա իր սեփական, ինքն իր մեջ շարժում է: Դա չի նշանակում, որ ինքն ամեն ինչից առանձնացավ, այլ նշանակում է, որ ամեն ինչ էդ տեսակ էլ հենց շարժվում է: Դա կոչվում է ազատություն:

– Տարածությունը կամ գտնվելու վայրը որքանո՞վ կարող է ազդել ստեղծագործության վրա:

– Փառք Աստծո, որ կապ չունի: Լինում է, որ երբ հանդիպում է հակառակ ճնշմանը` ավելի է ուրախանում, հաստատվում է, որ ինքն ազատ է: Այսինքն` երբ ես հանդիպում եմ մի բանի, որը չի համապատասխանում ինձ` ես համոզվում եմ, որ ես ճիշտ եմ:

– Հայաստանում ի՞նչ նոր բան տեսար: Մի բանից զարմացա՞ր:

– Դե, կենցաղային բաներն ինձ չեն հետաքրքրում, որովհետև չեմ հասկանում էդ ամեն ինչից` ապրանքների որակից, օրենքներից, և այլն: Գյումրիում տեսա երիտասարդ ուսանողների, աշխարհի ամենալավ երիտասարդությունն է: Աշխարհի առաջադեմ, լավ կրթություն ստացած ուսանողների հետ շատ եմ շփվել, բայց նրանք անտարբեր մարդիկ են, իսկ Գյումրիի երիտասարդության մեջ էդ ի՜նչ կյանք կա: Դա ինձ համար արդեն ամեն ինչ էր, ամենակարևոր բաներից էր:

Այսինքն` էն, ինչից խոսում ենք` արվեստից ենք խոսում, ուրեմն` արվեստը կշարունակի լինել: Ինձ զարմացրեց էդ երիտասարդության ազնվությունը, խելքը, կրթվածությունը, պատրաստվածությունը, կողմնորոշումը, որն ուրիշ տեղ չես գտնի: Ուրիշ տեղ էնքան ծանրաբեռնված են, որ ժամանակ չունեն դրա մասին մտածելու: Մեր ընկերներին, հին ծանոթներին հարցնում եմ` ո՞նց ես, ասում է` ժամանակ չունեմ մտածելու, թե ոնց եմ: Նույնն էլ հիմա արվեստի մեջ է, որովհետև, եթե ինքը մտածի` ինչ է անում կամ ինչ չի անում` իրեն կխանգարի:

– Սեպտեմբերի 21-ին Ժամանակակից արվեստի թանգարանում ընկերներիդ հետ ցուցահանդես եք անելու: Հետաքրքիր ոգևորություն կա բոլորիդ մեջ:

– Շատ ոգևորված ենք, ես դեռ Ամերիկայում էի ոգևորվել: Երբ տղաներից մի քանիսի նոր գործերը տեսա, որը միայն ու միայն մաքուր արվեստի մասին է` շատ տպավորվեցի: Աբստրակտ արվեստ են անում, բայց շեշտում եմ` մաքուր: Արվեստ հասկացողությունը, ինչպես բոլոր ոլորտներում է` շատ լայն է: Այնպես, ինչպես «սուպեր», մեգա բառերն են: Հիմա տիեզերական մակարդակի անուններ կան: Արվեստն էլ է էդպես` սուպերեսիմինչեր, ոճեր կան իրար խառնած, միացրած, որպեսզի հետաքրքիր լինի: Ինձ հետաքրքրում է մաքուր արվեստը: Էնտեղից արդեն տեսա տարիներով կատարած կոնկրետ նկարչության արդյունքները, և դա ինձ ահավոր շատ ոգևորեց, ես երազեցի իրենց հետ ցուցահանդես անել:

Միասին նայենք այդ աշխատանքները. Ում հետաքրքիր է` թող նայի, դա մասսայական արվեստ չի: Աբստրակտ արվեստ է: Ուզում ենք ցույց տանք արվեստ, ով սիրում է արվեստ` կարող է գալ, բայց մարդկանց կրթելու կամ մի բան ստեղծելու կոնկրետ նպատակ չկա: Ամենակարևորն այն է, որ այդ օրը հրաշալի համապատասխանում է ցուցահանդեսին: Անկախության օրն է, իսկ եթե մենք անկախ ենք, ուրեմն` այլևս հարց չկա` անկախ ենք: Եթե անկախ չենք, ուրեմն` մենք այդ տոնը չէինք կարող նշել: Հեղափոխություն կանեինք, կպայքարեինք:

Փաստ է, որ անկախ ենք, ու ինչ հրաշալի է, որ անկախ ենք: Ինչ ուզում ես արա, բայց օրենքով արա, ոչ մեկին մի վնասիր, ոնց ուզում ես մտածիր: Իսկ եթե ինչ-որ մեկը կատարելագործում է այդ անկախությունը` ես ոչինչ չունեմ ասելու: Ինչպես ասացի` կամ լավ է, կամ լավ չէ: Լավից ավելի լավը` խորամանկություն է:

– Կարևո՞ր է, որ հասարակությունը նկարչի աշխատանքը գնահատի, ակտիվ լինի ցուցահանդեսներին:

– Սա շատ կարևոր հարց է, որի պատճառը ես գիտեմ: Երբ մարդը նվիրվում է կարևոր գործի, օրինակ` բժիշկը, զինվորը, դատավորը, առաջին հերթին ինքն իր առաջ է պատասխանատու: Առաջին հերթին երդվում է, բայց նկարիչն էլ է երդվում: Ասում է` ճիշտը միայն ճիշտ է: Թեկուզ դա չընդունվի, չգնահատվի, չհասկացվի` դու դա ճիշտ կանե՞ս, թե՞ կհանձնվես: Ես ասել եմ` կանեմ:

Դրա համար եթե ինձ ուշադրություն են դարձրել, գովել են, գործ են գնել` ինձ համար շատ զարմանալի է, որովհետև ի սկզբանե կարծում էի, որ ոչ մի բան պիտի չլինի: Ես դժգոհելու առիթ չունեմ: Իսկ եթե մեկը մտածել է, որ դա պետք է արվի` որպես մասնագիտական աշխատանք, անհրաժեշտություն կամ գնահատվելու ակնկալիքով` ինքն իրեն տանջում է: Ինձ համար կարևոր է, թե արդյո՞ք ես իմ ներքին երդումը խախտել եմ, արդյո՞ք արվեստն ինձ համար այն տեղն է, որտեղ ես բացարձակ ազատ եմ, թե՞ արվեստն այն նույն տարածքն է, որը կոչվում է մասնագիտություն:

– Պատահե՞լ է, որ գայթակղվել ես ու ցանկացել ես ներքին երդումը խախտել:

– Երբեք չի եղել, զզվել եմ, ոչ թե ուզել եմ խախտել: Սկզբից էլ ինձ մոտ տհաճություն է առաջացրել, երբ ինչ-որ բան ցանկացել են փաթաթել իմ վզին կամ պահանջել ինչ-որ բան, որը երբեք միտք չեմ ունեցել անելու և չեմ էլ անի:

Տեսանյութեր

Լրահոս