«Մենք հիմա ունենք ամենաօլիգարխիկ տնտեսություններից մեկը»
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի նախաշեմին խոսելով 1990-ական թթ. Հայաստանի ձեռքբերումների և խնդիրների մասին և դրանք համեմատելով ներկայիս իրավիճակի հետ, նշեց, որ եթե մենք վերցնենք Հայաստանի ներքաղաքական դեմոկրատիայի ինստիտուտների զարգացումը, ապա կտեսնենք դեմոկրատիայի հրաբուխ, սակայն 90-ականների կեսերից դա սկսեց աստիճանաբար մարել:
«Հիմա մենք դեմոկրատիա չունենք, լիարժեք դեմոկրատիա չունենք: Վերջին տարիներին վիճակը մի փոքր կայունացել է, չի բարելավվել, որովհետև ես կարծում եմ` այդ կայունացմանը` համենայնդեպս դիկտատուրայի կանգառին, մենք պարտական ենք ինտերնետին: Օլիգարխները ստիպված են իրենց մի քիչ կարգին պահել»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ըստ նրա` հաջորդ ձեռքբերումը Հայաստանն ունեցել է տնտեսության ոլորտում: «Մենք ունեցել ենք ամենալավ տնտեսական ռեֆորմները` համաշխարհային բանկ, «վագրի թռիչքը»` H-16, և ոչ միայն ԱՊՀ-ում, այլև արևելյան Եվրոպայի երկրների մեջ:
Իսկ մենք հիմա ունենք ամենաօլիգարխիկ տնտեսություններից մեկը, և այդ վատ ցուցանիշով մենք արագորեն անցանք Ռուսաստանին էլ, Ուկրաինային էլ, և ԱՊՀ-ում համարվում ենք վատագույնը Տաջիկստանից հետո: Սա կարևոր է, որովհետև մենք երբեմն ցույց ենք տալիս ՀՆԱ-ի ցուցանիշ կամ աճ, ինչպես երեկ վիճում էինք, թե ինչպես է ապահովվել անցած տարվա ՀՆԱ-ի աճը: Դա ավելի կոնկրետ խոսակցություն է, և մենք տեսնում ենք, որ ծիծաղելի հնարքներ են օգտագործում այդ աճը ցույց տալու համար, ըստ որում այն աստիճանի, որ փորձում են խաբել ԱԺ-ին, չնայած հիմա արդեն դա չի անցնում: Այնուամենայնիվ, երբ մենք նայում ենք, ապա տեսնում ենք, որ ունենք շատ կենտրոնացված տնտեսություն:
Բավական է` նշեմ մեկ թիվ. Հայաստանում ինչ հարստություն և եկամուտ կա, դրա 37 տոկոսը ժողովրդինն է, 63 տոկոսը` 40 ընտանիքինը:
Սա ազգային համախառն ներքին արդյունքի օգտագործման հաշիվներն են ցույց տալիս: Սպառման ցուցանիշը համախառն ազգային եկամուտում 81 տոկոս է. երկիրը որևէ բան խնայելու հնարավորություն չունի, և բնակչության 85 տոկոսի համար աշխատավարձի եկամուտների 64 տոկոսը գնում է սննդին: Սա վատ ցուցանիշ է, ըստ որում արդեն այն աստիճանի վատ, որոնք բերում, հանգեցնում են, նրան, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի հետ չի կարող համեմատվել, այլև իջնում է և համեմատվում է աֆրիկյան երկրների հետ:
Ես ասում եմ բոլորին` մեծահարուստներին, օլիգարխներին` պիտի կիսվե´ք, այս երկրում ձեզ այսքան չի հասնում: Ուզում եք սա սոցիալիզմ համարեք, բայց ես սոցիալիստ չեմ, բայց գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է կիսվեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Հաջորդը` 21 տարում Հայաստանում չի կայացել հարկային համակարգ. բավական է ասել, որ հարկեր-ՀՆԱ հարաբերությունը 21 տոկոսից (1996թ.) իջել է 17 տոկոսի (2012թ.): 1992-ին մենք պայքարում էինք ստվերային տնտեսության դեմ: Ստվերային տնտեսությունը 47 տոկոսից 15 տարում դարձել է 53 տոկոս:
Ահա այսպիսին է վիճակը:
Եվ վերջապես մի կարևոր հանգամանք. 1990-ականների սկիզբին կար այն միտումը, որ աշխարհում ձևավորվում էր Համաշխարհային առևտրի կազմակերպությունը, որը, թվում էր, թե կլինի փրկություն, որոշակի համագործակցությունը կար և´ Հայաստանի և´ Արևմուտքի, և նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդպիսի դարաշրջան էր, մարդու իրավունքները գերակայում էին (հիշում եք, երբ ԽՍՀՄ-ում ինչ-որ մեկին նեղացնում էին, անմիջապես նրա անունով փողոց էին անվանում Արևմուտքում): Հիմա այս արժեքները հետին պլան են գնացել, ձևավորվել է Եվրոմիությունը, ձևավորվում է Ասիական միությունը (հավանաբար նկատի ունի Եվրասիական Միությունը, Ա.Ս.), խորանում են հարաբերությունները ԱՊՀ-ի ներսում, այսինքն` սկսում է տիրապետել ռեգիոնալիզմը, և պետական էգոիզմը գալիս է փոխարինելու 90-ականների համագործակցության մթնոլորտին:
Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծումից հետո Արևմուտքը չի ցանկանում գնալ հարաբերությունների հետագա խորացման, որովհետև գտնում է, որ եթե ապրանքների և ծառայությունների շուկան ազատագրել է, այսինքն ինքն ազատորեն կարող է մտնել այդ շուկաները, ապա չի ուզում խորանալ մինչև ռեսուրսների մակարդակը: «Stop»-ներ են դրվում միգրացիայի և կապիտալի հանդեպ:
Կապիտալը հիմա Արևելքից` քիչ զարգացած երկրներից հոսում է դեպի բարձր զարգացած երկրներ, և մենք տեսնում ենք, որ շատ միջազգային կազմակերպություններ դաձնում են ռեակցիոն և պարզապես սկում են գովել այն ինչ վատ է, այդ միտումը նկատվում է: Արաբական երկրների զարթոնքը սկզբում բոլորին զարմացրեց, հիմա թող ոչ ոքի չզարմացնի, որ այն ուղղվում է քրիստոնեական աշխարհի` Արևմուտքի դեմ, որովհետև մարդիկ ասում են. «Ձեր ապրանքները ազատորեն բերում, վաճառում եք մեզ մոտ, և մենք չենք կարողանում առաջ գնալ, թողե´ք մենք առաջ գնանք, թողե´ք մենք ձեզնից ռեսուրսներ քաղենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը` այս համատեքստում հիշելով նաև Հայաստանի օրինակը. «Դրա փայլուն օրինակը մենք կարող ենք տեսնել Հայաստանում, թե ինչպես է ցանկացած ապուշություն գովերգվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից»: