Բաժիններ՝

«Վիրտուալ Հայաստանի» պերճանքն ու թշվառությունը

Մինչև վերջերս հասարակական կյանքն ու դրա կարգավորումը կարելի էր ներկայացնել եռանկյունու տեսքով, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ուներ իր հստակ գործառույթն ու նշանակությունը՝ հասարակություն, իշխանություն, լրատվամիջոցներ։

Այսօր ավելացել է չորրորդ կողմը, սակայն պատկերը դարձել է ոչ թե քառանկյուն՝ չորս կողմերով, այլ անհասկանալի ինչ-որ բան։ Սակայն` ամեն ինչ հերթով։
Վերը նշված եռանկյունու մեջ իր ուրույն տեղն ուներ լրատվական դաշտը։ Լրատվամիջոցների միջոցով տեղի էր ունենում իշխանության և հասարակության շփումը, լրատվամիջոցների օգնությամբ հասարակությունը վերահսկում էր իշխանություններին։
Ինտերնետի զարգացումն ու սոցցանցերի տարածումը որոշակի փոփոխության ենթարկեց այս մեխանիզմը` ամեն ինչ դարձավ ավելի օպերատիվ և ավելի բաց։ Պետական համակարգն ակտիվորեն ներգրավվեց սոցիալական ցանցերում` առաջին հայացքից հասարակությանը հնարավորություն տալով անմիջական շփման մեջ մտնել իր հետ և ավելի խիստ վերահսկողության տակ պահել իր գործունեությունը։

Թվում էր, թե ԶԼՄ-ների անհրաժեշտությունը` որպես վերահսկողության և միջնորդական գործիք, շուտով կվերանա: Սակայն դա տեղի չունեցավ և դժվար էլ տեղի ունենա, որովհետև կոնկրետ Հայաստանում պետական համակարգը «ֆեյսբուք» կոչվածն օգտագործում է ոչ թե հաշվետու լինելու և անմիջական շփման համար, այլ ընդամենը զբաղված է իմիտացիայով և սոցիալական ցանցն ավելի շատ օգտագործում է սեփական PR-ն անելու համար: Ինչևէ, սա այլ թեմա է: Ժամանակն է` խոսենք եռանկյունու նոր ավելացած` չորրորդ կողմի մասին, որն ամենից շատ է օգուտ քաղում ինտերնետի ընձեռած հնարավորություններից։

Խոսքը վերաբերում է այն ընկերություններին կամ անհատներին, որոնք զբաղվում են, այսպես կոչված, ցանցային առաջխաղացմամբ կամ, ինչպես իրենք են ասում` Social Promotion-ով։
Եթե ավելի հասկանալի լեզվով խոսենք` նրանք զբաղվում են ձեր ինտերնետային ռեսուրսը (լինի դա լրատվամիջոց, ընկերություն թե անհատ) ֆեյսբուքում «ռասկրուտկա» անելով, որպեսզի այն մեծ տարածում ունենա։ Կամ` շատ Like-եր: Կարճ ասած` խոսքը վերաբերում է Like վաճառողներին։

Կարդացեք նաև

Ֆեյսբուքում գրանցված ակտիվ օգտատերերը կհասկանան` ինչի մասին է խոսքը, սակայն, քանի որ (բարեբախտաբար թե դժբախտաբար) ոչ բոլորն են ֆեյսբուքի օգտատեր, մի երկու բառով պարզաբանենք այդ Like-երի նշանակությունը: Ի՞նչ է սա տալիս. որքան շատ Like ունի էջը ֆեյսբուքում, այնքան մեծ է նրա ֆեյսբուքյան լսարանը, այնքան ավելի մեծ թվով մարդիկ են տեսնում հրապարակման անոնսը, և մեծ է հավանականությունը, որ «քլիք» անելով այդ անոնսի վրա` շատերը կայցելեն հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացող կայքը։

Like ասվածի արժեքն ու նշանակությունը շատ արագ աճում է՝ ֆեյսբուքի տարածմանը զուգընթաց։ Իսկ ֆեյսբուքը շատ արագ զարգանում և օգտատերեր է հավաքում Հայաստանում: Օրինակ, internetworldstats.com-ի տվյալներով, 2012թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանից գրանցված էր 282.700 ֆեյսբուքի օգտատեր: Այսօր այդ թիվը, ըստ ֆեյսբուքի` անցնում է 330 հազարը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ինտերնետից օգտվում է շուրջ 1.4 միլիոն մարդ։ Այսինքն, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «ֆեյսբուքիստների» թիվը դեռ կաճի: Հետևաբար, Social Prom-ով զբաղվող ընկերությունների շուկան մեծանում է, և նրանք սկսում են ավելի ակտիվ Like-եր վաճառել։ Բառի բուն իմաստով։

Բաց տեքստով առաջարկում են ոչ թե մեծացնել ճանաչելիությունը, այլ Like-եր` կոնկրետ գներով։ Ընդ որում, ոչ թե մեկ-երկու, 10 կամ 20 հատով, այլ հազարներով։ Ինչպես նշեցինք` ընդամենը 330 հազար ֆեյսբուքյան լսարան ունեցող Հայաստանում դժվար է բնական ճանապարհով հասնել նրան, որ էջն ունենա մի քանի տասնյակ հազար «հավանող»։ Սակայն դա խնդիր չէ. կարելի է օգտագործել այլ երկրների պոտենցիալը: Օրինակ` հայալեզու կայքի համար կարող են մի քանի հազար լայք ապահովել Գվինեայից, Իսպանիայից և այլ երկրներից։ Հասկանալի է, որ սրանք ձևական Like-եր են և, ըստ էության, լսարան չեն, սակայն կարևորը` ցուցանիշը մեծ է ու տպավորիչ։

Like գնողները հասկանում են այս ամենը, սակայն գնում են: Ինչո՞ւ։ Հենց նույն այդ թվի համար, որպեսզի իրենց կայքում երևա, որ կայքը ֆեյսբուքում ունի 60 կամ 70 հազար հավանող: Սա արժեք է` նախատեսված հիմնականում պոտենցիալ գովազդատուների համար։ Գովազդատուները, բնականաբար, ցանկանում են իրենց «բաններ» կոչվածը տեղադրել այն կայքերում, որոնք ունեն մեծ թվով այցելուներ։ Իսկ այցելությունների իրական թվի մասին նրանք կարող են պատկերացում կազմել կամ նույն կայքի տվյալներից (որտեղ նշված է, թե ամենակարդացված նյութերը քանի ընթերցող են ունեցել), կամ էլ` Like-երի քանակից։

Այս ամենի արդյունքում` աղճատվում է ամբողջ լրատվական դաշտի պատկերը։ Ստացվում է, որ սոցիալական ցանցերում ավելի մեծ ճանաչում ու լսարան ունեն այն լրատվական ռեսուրսները, որոնք ոչ թե փորձում են որակյալ լրատվություն մատուցել, այլ ներգրավված են ֆեյսբուքյան խաղերում: Ինչպես նկատել էր «Առավոտ» թերթի մեր գործընկեր Աննա Իսրայելյանը, Like վաճառելու առաջարկներին ծանոթանալով` պարզ է դառնում, «թե ինչպես են սոցիալական ցանցերում խիստ պոպուլյարների և «լավագույն» կայքերի շարքում հայտնվել բացառապես պատճենահանմամբ նյութեր տարածողները, որոնք անգամ չունեն սեփական լրագրողներ. բավարարվում են 2-3 հոգով, որոնք կայքն են թարմացնում` copy-paste անելով մյուսներից կամ, լավագույն դեպքում` գոնե թարգմանելով»:

Այսինքն` ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորը բոլորին խաբում են ու ինքնակամ խաբվում։ Like վաճառողները խաբում են գնորդ-կայքերին, կայքերը` ընթերցողներին ու գովազդատուներին, գովազդատուները` հասարակ սպառողներին (իհարկե, ոչ Like-երի տեսքով):
Մի քանի խոսք էլ եռանկյունու հիմնական կողմերից մեկի` պետական համակարգի մասին, որը լրատվական ու մասնավոր այլ կայքերից ետ չի մնում։

Պետական որոշ կառույցներ ու որոշ պետական այրեր այնքան մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ են մոտենում ֆեյսբուքին, այնպիսի ջանասիրությամբ են տարածում իրենց նյութերն ու այնպես են տանջվում Like-եր հավաքելու համար, որ մարդ ապշում է։ Ախր մի պահ կարելի է հիշել, որ ֆեյսբուքի տերն ու տնօրենն ընդամենը 28 տարեկան տղա է, միլիարդատեր, մի քիչ էքսցենտրիկ (ինչը սովորական է այդ տիպի մարդկանց համար)։ Կարելի է մտածել` ի՞նչ կլինի, եթե այս տղան մի օր զարթնի ու որոշի իր կայքը փակել կամ լուրջ սահմանափակումներ մտցնել։ Պետական համակարգը դժվար թե փլուզվի, բայց մի քանի հոգի հաստատ կընկնեն դեպրեսիայի մեջ: Շատերի մոտ էլ աշխատելու շարժառիթները կվերանան, որովհետև աշխատում են ոչ թե արդյունքի համար, այլ ցույց տալու համար, որ աշխատում են: Հասկանում ենք, որ ասվածը քիչ հավանական, գրեթե անհավանական բան է. դժվար թե Ցուկերբերգը միլիարդներ կորցնի` կայքը փակելով։

Սակայն ավելի խորը նայեք` բովանդակային առումով. մի ամբողջ երկրի պետական համակարգ իր աշխատաժամանակի ու ռեսուրսների մի զգալի մասը նվիրում է 28 տարեկան երիտասարդի մասնավոր սեփականությունը, հոբբին հանդիսացող կայքին։ Երևի վիրտուալՀայաստանն, ինչի մասին խոսում էին մեր իշխանությունները, հենց սա է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս