Բաժիններ՝

Ո՞ւր արտահանել հայկական ձուկը

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական  իշխան ձկան ներմուծման արգելումից հետո ուսումնասիրություններ են սկսվել նաև Հայաստանում։ Հիշեցնենք, որ ըստ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության, ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի  բակտերիաներ:

Հայկական ընկերությունները խառնվել են իրար։ Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել հայկական չորս ընկերություններում, որոնց մոտ նույնպես ռուսական կողմը խախտումներ է արձանագրել։

Ձկնամթերք արտահանող հայկական ընկերությունների անհանգստությունը տեղին է. առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ Ռուսաստանը հայկական ձկնամթերքի միակ շուկան է։ 2011թ. ընթացքում Հայաստանից արտահանվել է 10.1 միլիոն դոլարի ձկնամթերք (այդ թվում՝ կենդանի և սառեցված ձուկ, ձկան սուկի և այլն) և շուրջ 5.5 միլիոն դոլարի խեցգետնակերպեր։

Խեցգետնակերպեր արտահանվում են Ռուսաստանից բացի՝ նաև այլ երկրներ. Բելգիա՝ 1 մլն դոլար, Ուկրաինա՝ 1.37 մլն դոլար, Ֆրանսիա՝ 625 հազար դոլար, և այլն։ Սակայն ձկնամթերքի պարագայում պատկերը միատարր է. 10.1 միլիոնից 9.9-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իսկ շուկան կորցնել, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում։

Կարդացեք նաև

ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» որոշումը, տնտեսական բնույթի հարցերից բացի, նաև այլ հարցեր է առաջացնում՝ կապված հենց բուն Հայաստանում սննդամթերքի անվտանգության հետ։ Ստացվում է, որ մենք ուտում ենք առողջության համար վտանգավոր ձկնամթերք։ Դա, բնականաբար, նշանակում է՝ անուղղակի, սակայն խիստ քննադատություն Հայաստանի համապատասխան գերատեսչության՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասցեին։ Այսինքն՝ վերջիններս պատշաճ չեն կատարում իրենց ֆունկցիաները։ Որովհետև հայ ձկնարտադրողները ԶԼՄ-ներին հայտնել են, որ Հայաստանում իրենց արտադրանքը ևս ենթարկվում է ստուգման, սակայն որևէ մանրէաբանական խախտում չի հայտնաբերվել:

Իսկ դա նշանակում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ խորհրդակցության ժամանակ դիմի այս ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին (ինչպես Դերենիկ Դումանյանին)՝ ասելով՝ Աբո, այդ ի՞նչ խնդիրներ են։ Նման բան ոչ ոք չի ցանկանում։ Այդ պատճառով էլ ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը NEWS.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ միտք է հայտնել. նա հաստատել է, որ Ռուսաստանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային  ծառայությունից գրություն են ստացել հայկական 4 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական վտանգի մասին, սակայն այդ գրության մեջ չի նշվում, թե որտեղ է հայտնաբերվել խախտումը՝  մանրածախ առևտրի ցանցո՞ւմ, թե՞ պահեստում կամ տեղափոխման ժամանակ (սահմանային անցակետում): Այսինքն՝ հայկական կողմը ցանկանում է ասել, որ ավելի հավանական է՝ ձկան մեջ մանրէները հայտնված լինեն ճանապարհին կամ արդեն Ռուսաստանում։ Ասել է թե՝ Հայաստանում իրենք իրենց գործը լավ են կատարել։ Մնացածի համար արդեն պատասխանատու չեն։

Իրենք՝ ձուկ արտահանող ընկերությունները, ՌԴ այդ որոշումը համարում են վատառողջ մրցակցության հետևանք, որի նպատակն է՝ ճնշել հայաստանյան ձկնաբուծարաններին: Այդ կեցվածքը հասկանալի է. ոչ մի ընկերություն երբևէ չի ընդունի, որ իր ապրանքն անորակ է։ Չի բացառվում նաև, որ այդ ամենն իրոք ինչ-որ կեղտոտ պատճառներ ունենա իր հիմքում. ամեն դեպքում, Ռուսաստանը Եվրոպա չէ։ Եվ հուսանք, որ իրավիճակը կկարգավորվի, և հայկական արտահանման առանց այն էլ խղճուկ վիճակն էլ ավելի չի վատանա՝ մի քանի հոգու անփութության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս