Ոճրագործ Ջեմալ փաշայի թոռան գիրքը՝ դանդաղ գործող ական թուրքերի մեջ

Հասան Ջեմալի՝ թուրք ոճրագործ Ջեմալ փաշայի թոռան վերջերս լույս տեսած «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գիրքը զգալի արձագանք է գտել թուրքական մամուլում. հեղինակը վեր է հանել գրող Իլհան Սելչուկի մոր՝ Հիքմեթ Կասիմի հայկական ծագման փաստը, գրում է թուրքական Zaman-ը՝ «Իսլամադավան աղջիկ» վերնագրով հոդվածում:

Իլհան Սելչուկը (1925 – 2010) լեգենդար լրագրող էր, գրող, խմբագիր, եղել է «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիրը: Եվ ահա նրա մորը՝ Հիքմեթ Կասիմին, իր նոր գրքում հայկական ծագում է վերագրում Հասան Ջեմալը:

Հոդվածագիրը գրքի վերնագիրը համեմատում է «հին գերմանական ձեռքի նռնակի հետ, երբ հայտնի չէ պաշտպանիչ ձգանը քաշելուց հետո այն կպայթի՞, թե՞ ոչ»:

Հոդվածագիրը հենց սկզբից առաջարկում է նկատի ունենալ, որ «1915-ի դեպքերը պաշտպանական գործողությունների բնույթ չեն ունեցել», որ հարկավոր չէ «իրենց համար ծանր ցեղասպանություն հասկացությունը պատել պատմության մոխրով»:

«Մենք պարտավոր ենք ճշմարտությունն իմանալ 1915-ի դեպքերի մասին և նայել այդ ճշմարտության աչքերին»,- գրում է Zaman-ը: Հոդվածագիրն ընդգծում է, որ «այս հարցով պաշտոնական տեսակետը, որոշակի քարոզչությունից բացի, որևիցե իրական հիմքեր չունի:

«Միջազգային հասարակական կարծիքն իրադարձությունների մեր մեկնաբանությունն անարդարացի է համարում: Պաշտոնական փաստերի և մեր իմացածի միջև առկա տարբերությունը թուրքական պատմություն գրելու գրեթե եզակի օրինակ է»,- գրում է նա:
«Իլհան Սելչուկը մինչև իր մահը թաքցրել է իր մոր իրական ինքնությունը: Բայց նրան ի՞նչ էր մնում անելու: Սելչուկի եղբայրները հայտնի էին իրենց քաղաքական գործունեությամբ, և այն, որ նրանց մայրը հայկական ծագումով որբ էր, կարող էր լուրջ վտանգ ներկայացնել նրանց կարիերայի համար: «Հայ», «հույն», «գնչու» բառերը, այս մասին ցավով ու ամոթով եմ գրում, նույնիսկ այսօր երբեմն որպես վիրավորանք են օգտագործվում»,- նկատում է հոդվածագիրը:

Սակայն, ըստ նրա,  հարկավոր է հիշել հիմնականը. ժամանակին Հիքմեթ Կասիմի հետ կատարվածը եզակի դժբախտ դեպք չէ: «Ընդհակառակը՝ օրինակների թիվը հազարների է հասնում: Եթե երեխաներն ու մեծահասակները 1915-ին ինքնակամ գերադասեին իսլամական ինքնությունը…Բոլորս էլ գիտենք, որ նման բան չի եղել, և նրանց ստիպել են փոխել ինքնությունը. այլ կերպ նրանք շանսեր չէին ունենա», – ասված է անդրադարձում:

Հաջորդիվ հեղինակն առաջարկում է, որպեսզի այսօր յուրաքանչյուր ընտանիք կամ անհատ ինքը որոշի՝ հրապարակե՞լ, թե՞ գաղտնի պահել իր իրական ծագման մասին տեղեկությունները: Մյուսներին առաջարկում է հարգել նրանց որոշումը: Իսկ նույն հարցով Հասան Ջեմալի կարծիքը նա անարդարացի է անվանում:

Տեսանյութեր

Լրահոս