«ԲՀԿ-ՀՀԿ-ՄԿԿ… Հերի´ք է սուտ խոսենք»
«Ես հրաժարվում եմ խոսել անեծքի տարածքից և Ձեզ էլ խորհուրդ չեմ տա»,- այսօրվա ասուլիսում այսպես արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` լրագրողներից մեկի հարցին, թե հավատո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հակամարտությանը և արդյոք բացառո՞ւմ եք Ռ.Քոչարյանի քաղաքական վերադարձը` որպես նախագահի թեկնածու կամ վարչապետ:
Աշոտ Մանուչարյանն իր խոսքը հիմնավորեց հետևյալ կերպ. «Վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի ամենաանբարո գործընթացը, որը ես տեսել եմ, ռուս թագավոր (Նիկոլայ 2-րդի.- Ա.Ս.) սրբացումն էր եկեղեցու կողմից: Ինչպես հիշում եք, ռուսական վերջին ցարը և նրա ընտանիքը գնդակահարվել են բոլշևիկների կողմից, և նրանց սրբացրեցին»:
Աշոտ Մանուչարյանը հիշեցրեց 1905թ. «արյունոտ կիրակիի» մասին, երբ կայսեր հրամանով Ռուսաստանում գնդակահարվեց խաղաղ ժողովուրդը, որը սրբապատկերներով գնացել էր նրան խնդրելու ինչ-ինչ փոփոխություններ կատարել երկրում:
«Կայսրը հրամայեց գնդակահարել: Այն, ինչ կատարվեց այս մարդու (ռուսաց կայսեր.-Ա.Ս.) հետ, անեծքի տարածք է: Այսինքն` երբ մարդ իր կյանքով անեծքի տարածք է ստեղծում, դրանից հետո վաղ թե ուշ նրա հետ կատարվում է այն, ինչ որ կատարվել է»:
Իսկ նույն լրագրողի մեկ այլ հարցին, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը դարձյա՞լ այդ «անեծքի տարածքի» մեջ է մտնում, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Դուք խոսում եք այն տեղից, որտեղ ոչինչ չի կատարվելու: Մենք Ձեզ հետ հիմա կատարում ենք խաբեության սեանս, եթե պատասխանեմ նմանատիպ հարցերին այնպես, ինչպես Դուք եք ցանկանում: Ինչո՞ւմն է խաբեությունը. մենք ցույց ենք տալիս, որ եթե ԲՀԿ-ՀՀԿ-ն միավորվեն, ՄԿԿ-ն նրանց դեմ դուրս գա, այդ բոլորը եթե լինի, ինչ-որ բան մարդկանց համար փոխվելու է: Առավոտից իրիկուն գրում եք դրանից, և մարդիկ կարծում են, որ այս ամենը կարևոր է, որովհետև եթե ՄԿԿ-ն լինի ԲԿԿ-ի տեղը, ամեն ինչ լավ կլինի: Ոչինչ չի´ լինելու, չի´ փոխվելու: Հերի´ք է սուտ խոսենք: Խոսեք նրանից, ինչն, իմ կարծիքով` կարևոր է. եթե փողի իշխանությունը մնաց, այս երկիրը վերանալու է»:
Իսկ լայն արձագանք ստացած շաբաթօրյա կառավարության խորհրդակցության և դրա ժամանակ նախագահի հանձնարարականների, դիտողությունների վերաբերյալ հարցի մասին Ա.Մանուչարյանն ասաց. «Այն կանխատեսումները, որ Հայաստանը գնալով ավելի բարդ վիճակում է հայտնվելու, ցավալիորեն արդարանում են, և այս իմաստով տարբեր տեղերից մենք տեսնում ենք թվացյալ արձագանքներ այդ բարդացմանը: Կարևորն այն է, որ մենք կարողանանք հասկանալ` արդյոք այս կամ այն քայլն այդ բարդության խնդիրների պատասխա՞նն է: Այս տեսանկյունից` բոլոր քայլերը, որոնք կատարում են պետական ատյանները, կուսակցությունները և այլն, որևէ փոփոխություն չեն խոստանում, և չկա»:
Մանուչարյանն ասաց, թե իրեն ավելի շատ կհետաքրքրեր, եթե հարց տային բաճկոններից: «Բանն այն է, որ այսօր բաճկոնը շատ ավելի քաղաքական կատեգորիա է, քան այն ամենն, ինչ որ կատարվում է: Բացատրեմ. հագուկապի, որը մենք տեսնում ենք մեր պառլամենտի, կառավարության անդամների վրա, միջին գինը մոտ 20-50 հազար դոլար է` կախված նրանից, թե լկտիության ո՞ր աստիճանն է դրսևորում այս կամ այն անձնավորությունը: Եթե հաշվենք, որ Հայաստանում այդպիսի կեցվածք ունեն առնվազն 2-3 հազար մարդ, ապա դուք արդեն ներդրումներից թաքցված 100-200 մլն դոլար կարող եք տեսնել ձեր աչքերով: Եվ եթե հանկարծ դուք տեսնեք, որ նրանցից որևէ մեկն ընդօրինակել է, օրինակ, Ահմադինեջադին, և 100 դոլարանոց հագուկապ ունի, իսկ մնացած գումարն ուղղել է երկրի հրթիռային, պաշտպանական համակարգերի, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, մենք կկարողանանք ասել, որ առաջին խոշոր քայլը կատարվել է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: