«Գործարարի համար պետք է պատվաբեր լինի արվեստի հովանավորումը»

Հարցազրույց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ

Մասնագիտությամբ լինելով իրավաբան, Դուք զբաղեցրել եք շատ պաշտոններ, մինչև անգամ` Տնտեսական, այնուհետև` Վճռաբեկ դատարանների նախագահ եք եղել: Եթե չեմ սխալվում` մինչ այդ, ինչպես ԱԺում, այնպես էլ Արդարադատության նախարարությունում պաշտոններ եք զբաղեցրել: Ասում են` Դուք աբստրակտ արվեստի սիրահար եք, բայց մի տեսակ անհամատեղելի են թվում, օրինակ` դատարանի նախագահի պաշտոնն ու ժամանակակից արվեստի ընկալումը: Աբստրակցիան ազատության փիլիսոփայություն է, իսկ դատական ատյանը` նաև ազատությունը սահմանափակող:

– Նախ` պիտի չհամաձայնվեմ դատարանի մասին Ձեր պատկերացումներին: Դատարանը արդարադատության իրականացման գործիք է, արդարության վերականգնման` մարդկության զարգացման այս փուլում հասարակության կողմից ընկալելի և ընդունելի կանոն: Իսկ արդարությունն ու ազատությունը համաչափ քայլող երևույթներ են: Ցանկացած ազատության դրսևորում պետք է հանգեցնի արդար հետևանքի, այսինքն` հավասարակշիռ և բալանսավորված վիճակի: Հակառակը ազատության չարաշահումն է, ազատության ռեալիզացիան` ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ազատության հաշվին: Կուզեմ նաև Ձեզ հիշեցնել, որ արվեստի այս ոճի երկրպագուների, ինչո՞ւ չէ` նաև հիմնադիրների մեջ իրավաբանները մեծ թիվ են կազմում: Հիշենք թեկուզ Կանդինսկուն: Այնպես որ` իրավաբանների և հատկապես` դատավորների մասին ձևավորված կարծրատիպերն առաջարկում եմ փոխել:

Մեզնից շատերը նրբաճաշակ և բարձր արվեստին հասու մարդիկ են: Իսկ աբստրակցիայի` որպես սոսկ ազատության փիլիսոփայության ձևակերպումն, իմ կարծիքով` լիարժեք չէ: Դա աբստրակցիայի մասին շատ սահմանափակ կամ մակերեսային պատկերացում է: Ցավոք, մեր հասարակությունը, նույնիսկ մտավորականների լայն շերտերը, աբստրակցիայի էությունը չեն ընկալում կամ չեն փորձում ընկալել: Մեզ մոտ աբստրակցիայի պատկերացումը և վերաբերմունքը նրա նկատմամբ շատ նման է Նիկոլայ Նոսովի «Անգետիկը լուսնի վրա» մանկական պատմվածքում նկարագրված երկխոսությանը Անգետիկի և Այծիկի միջև: Խորհուրդ կտամ ընթերցել այդ հատվածը:

Կարդացեք նաև

Իսկ իրականության մեջ վերացական արվեստն ընկալելու համար բավական է «միացնել» երևակայությունն ու ինտուիցիան, փորձել հասկանալ ոչ միայն ուղեղով, այլև հոգով, ոչ միայն զգայարաններով, այլև զգացմունքներով: Չէ՞ որ մենք հաճույքով ընթերցում ենք գրող-ֆանտաստների ստեղծագործությունները, որոնք մեզ հեռացնում են իրականությունից, չեն տալիս իրական պատկերների տպավորություն (միևնույն է` կասկածամիտ ուղեղը միշտ էլ կգտնի դրանց տարբերությունն իրականությունից): Եվ ահա գալիս է մի պահ, երբ ֆանտաստների երևակայական աշխարհը դառնում է իրական: Կամ արդյոք հրաշք չէ՞ մոգական ռեալիզմը գրականության մեջ Գաբրիել Մարկեսի կատարմամբ: Չէ՞ որ մենք այսօր կարդում ենք հաճույքով, և նույնիսկ սիրում` հասկանալով (զգալով):

Արդյո՞ք վերացական արվեստի նկատմամբ Ձեր սերը ներքին ըմբոստություն չի առաջացնում սեփական ներաշխարհի, արժեքային համակարգի և իրականության միջև: Չէ՞ որ աբստրակցիան տիեզերական, վերերկրային գաղափարներ է առաջ քաշում, իսկ Ձեր մասնագիտական գիտելիքները հիմնված են չափազանց ռեալիստական և գրքային ճշմարտությունների վրա:

– Ես ըմբոստ մարդ եմ, ընդվզող: Եվ իմ ընդվզումները, որպես կանոն, լինում են ներքին պայքարի արտացոլանքներ: Մասնագիտությունը, ինչպես ես վերը նշեցի, բացարձակ առնչություն չունի մարդու ներքին ազատության և հոգու թռիչքի հետ: Դուք ցանկացած տեղ, ցանկացած երկրում կարող եք տեսնել ազատ և ստեղծագործ մասնագիտության կամ աշխատանքի տեր մարդու, որը չափազանց երկրային է և, ասենք, կոշկակարից կամ հացթուխից չի տարբերվում իր երևակայությամբ, և միաժամանակ կարող եք հանդիպել կոշկակարի կամ հացթուխի, որոնք մտածում են և իրենց աշխատանքն անում են ոչ պակաս ազատ, ստեղծագործ և, ինչպես Դուք ասացիք, «վերերկրային» ոգեշնչմամբ:

Մարդու ներաշխարհը բարդ է շատ: Ներքին պայքար, թերևս, կա բոլորիս մեջ: Եվ, թերևս, մարդկությունը պետք է շնորհակալ լինի արարչին` մարդ արարածին երազելու և երևակայության շնորհ տալու համար, քանզի միայն այդ ճանապարհով են քանդվում կարծրատիպերը, այդպես է փոխվում հասարակությունը, այդպես է մարդը քայլ կատարում դեպի զարգացում: Ես ավելի շատ հոգևոր պրոգրեսն ի նկատի ունեմ: Ինչո՞ւ չէ` նաև Ձեր ասած ռեալիստական և գրքային ճշմարտությունները:

Վերացական արվեստն այս պրոգրեսի կարևոր շարժիչներից է: Մի պարզ պատճառով` նաև աբստրակցիան իր վերացականության մեջ շատ ազնիվ է: Այն առարկայի կամ պատկերի իլյուզիա չէ, այն քեզ չի խաբում: Մնացածը քո ներաշխարհի, ոգու և երևակայության թռիչքի, ինտելեկտի և քեզնում ի ծնե ամփոփված փիլիսոփայության արձագանքն է աբստրակտ արվեստի կոնկրետ դրսևորմանը:

Մեր գերատեսչությունների պատերին հիմնականում փակցված են անճաշակ գեղանկարներ, նատյուրմորտներ, որոնք ուղղակի կախվել են դիզայնի համար: Վճռաբեկ դատարանն այդ իմաստով շատ կոլորիտային էր, քանի որ Ձեր պաշտոնավարման տարիներին այնտեղ աբստրակտ գործեր էին «ապրում»: Անսովոր է դատարանի շենքում աբստրակտ արվեստ տեսնել: Ի՞նչ եք կարծում, այդ գործերն իրենց ազա՞տ էին զգում այդ շենքում, թե՞ դատարանի շենքը ճնշում էր իրենց: Մի տեսակ և՛ ներդաշնակություն կա, և՛ հակազդեցություն:

– Համաձայն եմ, շատ քիչ պետական հաստատություններ եմ տեսել, որտեղ կա բարձրաճաշակ գեղանկարչություն: Իսկ աբստրակտ աշխատանքներ դատարանում տեսնելը կարող է թերևս անսովոր թվալ մեր` հայաստանցիներիս աչքերին: Եվրոպայում, ԱՄՆ-ում նման «համակեցության» հաճախ կհանդիպես: Այո, ես վճռաբեկ դատարան էի բերել մի պատկառելի հավաքածու, որը յուրատեսակ խորհուրդ էր հաղորդել մեր հաստատությանը: Ճիշտ է, որոշ մարդկանց այդ արվեստը շատ էր ճնշում, երևի իմ հեռանալուց հետո ազատվել են «անհասկանալի» նկարներից (ծիծաղում է.- Լ.Ս.)… բայց աշխատակիցների հիմնական մասը սիրեց այն աուրան, որ ստեղծել էին այդ գործերը Հայաստանի բարձրագույն արդարադատության մարմնում: Ինչ վերաբերում է նկարների ճնշվելուն. գիտեմ, որ հեղինակներից շատերին անձամբ եք ճանաչում: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են արդյոք պատը ճնշել Քիքիի, Համլետի, Գագիկի, Աբոյի և այլոց գործերը:

Միգուցե հակառակն ավելի հավանակա՞ն է: Պատն ու շենքը չափազանց ժամանակավոր են, իսկ արվեստի մեջ մարմնավորված իդեան հավերժական է: Այն կա` անկախ մեր կամքից. տեսնենք մենք թե չտեսնենք այն:

Տարիներ առաջ Տնտեսական դատարանում պերֆորմենս եղավ: Դա իսկապես մեծ իրադարձություն էր, որովհետև դատարանի շենքում մեծ տրամաչափի կտավի վրա տեղում նկարելու երևույթը կարծես թե առաջին անգամ էր Հայաստանում: Ինչոր անսովոր ու լավ բան կատարվեց: Ամերիկաբնակ հայ աբստրակցիոնիստ Քիքիին Դո՞ւք էիք հրավիրել: Նրա «բոբոների» շարքն առայսօր դատարանում է:

– Այո, հրավիրել էի և շատ ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ: Քիքին երկու հրաշալի գործ ստեղծեց, որոնք մինչ օրս դատարանի շենքում են: Լավ հիշում եմ այն ժամանակ դատավորներից և աշխատակիցներից շատերի զարմացած հայացքները, սակայն վստահ եմ, որ այսօր նրանք այդ պատերը չեն էլ պատկերացնում առանց «Բոբո»-ների: Իմիջիայլոց, պերֆորմենսը կրում էր «Մշակույթն է ծնում իրավունք» խորագիրը: Եվ դրա մեջ կար մեծ իմաստ:

Ես կարծում եմ` «ուժն է ծնում իրավունք»` մեր հայտնի գործչի ոչ պակաս հայտնի արտայհայտությունն ավելի հասկանալի կդառնա հասարակությանը և թույլ չի տա ոմանց` այդ արտահայտությունն այլասերված մեկնաբանել, եթե ընկալենք, որ այս երկու ճշմարտությունները նույնական են: Ամեն անհատի, այնպես, ինչպես ազգի, ուժը նրա ինտելեկտի մեջ է (ազգի դեպքում` հավաքական ինտելեկտը, մենթալիտետը), մշակութային զարգացման մակարդակի մեջ:

Բանակաշինությունը մշակույթ է, իրավունքը մշակույթ է, դիվանագիտությունը մշակույթ է, հանդուրժողականությունն ու ներել կարողանալը ևս մշակույթ է: Այնպես որ` ժամանակակից աշխարհում հաստատուն ընթացքի և արժանի տեղ ունենալու մեր ազգի ճանապարհը մեր հիմնական ուժի` մշակույթի միջոցով կարող ենք միայն կերտել:

Ներկայումս լինելով Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Հայաստան վերադառնալիս արդյո՞ք այցելում եք դատարանի շենք. այդ գործերը Ձեզ համար թա՞նկ են:

– Դատարանում չեմ եղել այս ընթացքում, թեև գործերի մեծ մասն այլևս այնտեղ չէ, ինչպես արդեն ասացի: Դրանք ինձ շատ հոգեհարազատ են. մոտակա օրերս երևի կայցելեմ նրանց:

Դրսում սովորական երևույթ է, բայց մեզ մոտ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ որևէ պաշտոնյա արվեստի բարձր ընկալում ունի:

– Համաձայն չեմ, ինքս ճանաչում եմ շատ բարձրաճաշակ և արվեստից հասկացող պաշտոնյաների: Կան մարդիկ, որոնք նույնիսկ շատ բարի գործ են կատարում` տարբեր ձևերով առանձին արվեստագետներին առաջ մղելու, առավել հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ: Սակայն կհամաձայնվեմ, որ այդպիսի պաշտոնյաները շատ չեն: Կուզեի ավելի շատ կարող մարդիկ լծված լինեին արվեստի խթանման և հասարակության մեջ պոպուլյարիզացիայի գործին:

Ձեր ընտանիքի անդամների համար անսովոր չէ՞ աբստրակտ արվեստի նկատմամբ Ձեր սերը:

– Ես իմ ընտանիքի անդամների մեջ ևս սերմանեցի հետաքրքրություն վերացական արվեստի նկատմամբ: Նրանք արդեն մեր հիմնական արվեստագետների գործերը ճանաչում են ոճային առանձնահատկություններով: Շուտով որդուս եմ կամաց-կամաց հասու դարձնելու արվեստին: Նա դեռևս 4 տարեկան է, բայց նկարել սիրում է (ժպտում է.- Լ.Ս.):

Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք աբստրակցիայի անձնական մեծ հավաքածու ունեք: Վերջին անգամ ե՞րբ եք նոր գործ գնել և կնշե՞ք, թե հեղինակն ով է:

– Վաղուց չեմ գնել, բայց ասեմ, որ իմ հիմնական նկարները ես ստացել եմ որպես նվեր` իմ ընկերներից, հարազատներից և հենց իրենցից` աբստրակցիոնիստներից:

Պրն Մանուկյան, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ «Արտգալերեա» ցուցասրահը Ձեզ է պատկանում: Ի դեպ, ասում են` Հայաստանի աբստրակտ արվեստի ամենամեծ հավաքածուն այդ գալերեան ունի:

– «Արտ-Գալերեան» մենք ստեղծել ենք ընկերոջս` Թաթուլ Առակյանի հետ միասին: Ես, թերևս, համեստ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացում, կազմակերպական աջակցություն եմ տրամադրել: Թաթուլը եղել է գործընթացի շարժիչը և գաղափարական կենտրոնը: Հավաքածուին գնահատական չտամ, բայց այն, որ ցանկացած դեպքում աբստրակցիայի ողջ ներկապնակը նա կարող է ներկայացնել մեր հանրությանը, վստահ եմ:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են մեր բարձրաստիճան պաշտոնյաները սիրում ռաբիս երաժշտություն և կարմիր նուռի, երիցուկի կամ յաթաղանի տեսարանով գեղանկարներ:

– Չեմ կարծում, որ մարդկանց մասին ընդհանրական գնահատականներն իրավացի են և կոռեկտ: Պաշտոնյաներից, գործարարներից, քաղաքական և հասարակական գործիչներից յուրաքանչյուրը անհատականություն է` իր աշխարհընկալմամբ, արժեքային համակարգով, ճաշակով և երևակայությամբ: Տարբեր խավերի և սոցիալական խմբերի անդամներին չի կարելի ընդհանրացնել: Իսկ յուրաքանչյուրն ունի հայրենասիրության իր պատկերացումներն ու խորհրդանիշերը, գեղեցիկի մասին իր պատկերացումները: Մի բանում համոզված եմ. մեր հասարակության էսթետիկական պատկերացումներն ու մակարդակն էական հեղափոխության կարիք ունեն:

Հայաստանի աբստրակցիոնիստները մշտապես Ձեզ են մատնանշում` որպես հազվագյուտ աբստրակտ արվեստի սիրահար պետական պաշտոնյա` նաև դժգոհելով, որ Հայաստանում բարձր արվեստն անտարբերության է մատնված: Ի՞նչ եք կարծում, աբստրակցիոնիստներն իրենց ներուժը մեր պայմաններում ինչպե՞ս պետք է իրացնեն: Շատերը ցուցահանդեսով հանդես են գալիս միայն դրսում:

– Բարձր արվեստը ժամանակ առ ժամանակ անտեսվում է, տարբեր պատմական ժամանակահատվածներում, տարբեր երկրներում լինում են նման իրավիճակներ: Կարծում եմ, որ հենց հասարակությանը բարձր մշակույթին հասու դարձնելու գործում պետության դերն անփոխարինելի է: Բայց խոսքը չի վերաբերում պարզ ֆինանսավորմանը, քանի որ, մեծ հաշվով, դա պետության խնդիրը չէ: Պետության խնդիրն առանձին գործիքների և ուղղորդված քաղաքականության միջոցով արվեստի տարածմանն ու հանրամատչելիության բարձրացմանը նպաստելն է: Այս գործում մեծ դերակատարություն պետք է ունենա նաև գործարար աշխարհը: Գործարարի համար պետք է պատվաբեր և հեղինակություն բերող հանգամանք լինի արվեստի հովանավորումը:

Վրաստանում այցելո՞ւմ եք գալերեաներ, ի՞նչ տպավորություններ եք ստացել այդ երկրի ժամանակակից արվեստից:

– Իհարկե, այցելում եմ: Եվ, ի պաշտոնե, և ինքս` հաճելի ժամանցի համար: Ծանոթանում եմ նաև վրաց աբստրակցիոնիստների արվեստին: Վրացիներն ունեն լավ դպրոց դեռևս 20-րդ դարի սկզբից, Դավիդ Կակաբաձեից սկսած: Սակայն մեր ստեղծագործողներն ինձ ավելի հոգեհարազատ են: Այն հնչեղությունն ու ամրությունը, որ տեսնում եմ մերոնց մոտ, դեռևս այստեղ չեմ զգացել:

Տեսանյութեր

Լրահոս