«Ո՞վ է գազանը»…

Ֆիլմ, որտեղ հանուն տիրոջ ամբիցիաների` ռինգում շները զոհվում են
Կինոռեժիսոր Վահան Խաչատրյանի «Ո՞վ է գազանը» դոկումենտալ ֆիլմը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

Հեղինակը սուբտիտրերում նշելու է հետևյալ զգուշացումը` «Խորհուրդ է տրվում դիտել միայն ամուր նյարդեր և առողջ սիրտ ունեցող մարդկանց»: Ֆիլմն անդրադառնում է համամարդկային մի թեմայի, որը նոր խոսք է դոկումենտալիզմի մեջ: 40 րոպե տևողությամբ այս ֆիլմը հնարավոր չէ դիտել առանց տագնապի ու բնազդային վախերի:

«Ո՞վ է գազանը» ֆիլմի թեմատիկան ընդհանուր առմամբ` վերջին շրջանում լայն տարածում ստացած «պիդ-սպորտի» (շների մենամարտ) վավերագրությունն է, որի կոնտեքստում, սակայն, անուղղակի շեշտադրվում է մարդու դաժանությունը, ով պատրաստ է կենդանուն զոհաբերել հանուն սեփական վրեժխնդրության:

Ամբողջ ժապավենն ընդգծում է այն տեղանքը, որտեղ մարդն ու կենդանին կռվում են այնքան, մինչև հողն արյան գույն է ստանում: Երկու մարդ կառավարում են իրենց վարժեցրած շներին: Նրանք պատրաստ են իրենց պատկանող կենդանուն շոյող խոսքերով, հայհոյելով կամ հրամայելով հրահրել կռվի: Շներն իրենց տերերի հրահանգով գազանաբար իրար հոշոտում են, մինչև անգամ` ատամներով իրար մաշկ են քերթում, ականջ ու կոկորդ են պատռում: Ժապավենի վրա շների մրցման վերարտադրությունից ավելի կարևոր ռակուրսում են երկու շների հակառակորդ տերերը:

Կարդացեք նաև

Հրահանգելով կռվող շներին` նրանց մեջ գազան է արթնանում, նրանց դեմքերը ծամածռված ու անմարդկային են, իսկ բղավոցներն ու ճիչերը շների ոռնոցի հետ անսովոր մի միջավայր են ստեղծում: Ընդհանուր առմամբ` ֆիլմը բավականին նրբանկատորեն ընդգծում է մարդու մեջ արթնացող չարիքի փիլիսոփայությունը:

Այլ կերպ ասած` հանուն սեփական թերարժեքությունը բավարարելու, հանուն հիշաչարությամբ վրեժ լուծելու կամ փողի` մարդը պատրաստ է իր մեջ ապրող գազանին արթնացնելու միջոցով ինքնաբավ դառնալ:

Ֆիլմում սյուժետային գծով բնորոշվում է մեկ մարդու երկու եսը: Այսինքն` նա, ով հասարակական կյանքում ապրում է թաքնված ու աննկատ` իր մեջ կրելով վերքեր, և նա, ով մարդկային իր բարդույթները հաղթահարում է կենդանու միջոցով, որի մեջ տեսնում է նաև իր եսը:

«Իմ Անի» ֆիլմի բեմադրող ռեժիսոր, «Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Վահան Խաչատրյանը տարիներ առաջ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ներկայացում էր բեմադրում, որի ընթացքում` «Ծանոթացա ու սկսեցի շփվել շատ անհասկանալի մարդկային մի զանգվածի հետ, որոնք ինչ-որ առումով ինձ հետաքրքրեցին, և փորձեցի ուսումնասիրել: Նրանք գտնվում էին Վերնիսաժի այն հատվածում, որտեղ կենդանիների փոքրիկ շուկա է գործում: Նրանց կենսակերպն ուղիղ կապ ուներ պիդ-սպորտի հետ, մշտապես մասնակցում էին շների մենամարտերին: Այսինքն` մի զանգված է, որն առանձնանում է հասարակությունից` մարդկային իր տեսակով ու հետաքրքրություններով»։ Վ. Խաչատրյանը հավելում է, որ շուն պահող, «աճեցնող», «վարժեցնող» այդ մարդիկ իրենց տեսակով խորհրդավոր, միանգամայն այլ արժեհամակարգով և աշխարհայացքով մարդիկ են, որոնց կյանքի նպատակն իրենց պատկանող շան հաղթանակն է:

Այսինքն` կյանքում ունեցած տրավմաների և պարտությունների դիմաց նրանք հաղթանակի միֆ են կորզում իրենց շների միջոցով: Խորասուզվելով պիդ-սպորտ կոչվող «տուսովկաների» մեջ` Վ. Խաչատրյանը տեղեկացել է, որ այդ մրցումները գաղտնի կերպով նաև կազմակերպվում են Վերնիսաժի հարակից տարածքում. «Այդ աշխարհն ինձ համար նորություն էր: Կյանքում նրանք անհետաքրքիր ու անհասկանալի մարդիկ են: Ի սկզբանե ուսումնասիրում էի մարդկային այդ տեսակը:

Մարդիկ, ովքեր փողոցներում պախկված են քայլում կամ ուղղակի մանկության, կյանքի հարվածները չեն հաղթահարել: Հավանաբար, փոքր տարիքում նրանց քթին հարվածել են, արյուն է եկել, ու առ այսօր չեն կարողանում հակահարված տալ, հանգստանալ: Նրանք թերարժեքության բարդույթով ապրող մարդիկ են, որոնք չեն ադապտացվում հասարակական կյանքին: Անշուշտ, կան պիդ-սպորտի պրոֆեսիոնալներ, որոնք պահում են մարզիչներ, ունեն շնաբուծարան և մեծ փողեր են պտտեցնում, բայց ֆիլմում դոմինանտն այդ գորշ զանգվածն է, որը դրանով իր վրեժն է լուծում: Կյանքում նրանք վախկոտ են, թաքնված են, բայց պիդ-սպորտի ընթացքում հավանաբար մարդկային այդ վիրավորվածությունը թոթափում են»:

Որքան էլ տարօրինակ է, բայց Վ. Խաչատրյանը վստահեցնում է, որ պիդ-սպորտի համակիրները շատացել են, որը նա բացատրում է նաև մարդկային ագրեսիայով: Իրականում նրանք մարդիկ են, որոնք ունեն հոգեկան առողջության կամ հոգեբանական խաթարումներ, քանի որ ուզում են դառնալ հաղթող, բայց, լինելով վախկոտ` դա անում են շան միջոցով, որի մեջ տեսնում են իրենց ուժեղ ու վայրենի եսը: Ֆիլմում նաև զետեղված է մի փաստագրություն, թե ինչո՞ւ է շան տերը նախընտրում պարտված իր շանը սպանել: Այսինքն` գերադասում է կենդանուն սատկած տեսնել, քան պարտություն կրածի պիտակով շան տեր համարվել:

«Ինքս սպորտսմեն եղել եմ, և համաձայն սպորտի տրամաբանության` մարզիչը չի կարող իր պարտվող սպորտսմենին գցել փողոց: Նա մինչև վերջ կաշխատի, հույս կտա ու կփորձի նրան նորից տանել դեպի հաղթանակ: Պիդ-սպորտում սկզբունքը հակառակն է: Կա օրենք` «դեդ-գեյմ» է կոչվում, որտեղ շները կռվում են մինչև վերջ: Կան շներ, որ որքան էլ ջարդուփշուր եղած են` մինչև վերջ գնում են: Ֆիզիկապես ի վիճակի չեն, բայց ոտքերը ջարդած, սողալով գնում են հանուն տիրոջ մեռնելու: Ի վերջո, ռինգում տերն է: Մեր նկարահանման ժամանակ վերջին մրցման ընթացքում երկու շներն էլ սատկեցին, մեկը` տեղում, մյուսն էլ` չհասավ տուն: Ընդ որում` նման մոտեցում կա, որ, եթե, անկախ իրավիճակից, շունը մինչև վերջ գնում է կռվելու, ուրեմն` ինքը լեգենդ էր, գնաց մինչև վերջ, սատկեց, բայց չպարտվեց: Ֆիլմում կտոր կա, որտեղ նկարագրվում է իրական դեպք` մեկն իր պարտված շանը մորթել, գլուխը կտրել, իսկ սիրտը կերել էր»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, երեք տարի տևած նկարահանման պրոցեսը, բնականաբար, շատ բարդ է եղել: Հարկ է նշել, որ ֆիլմի դրվագներն արդեն շատ ցավոտ են ու դիտելու մեծ կամք են պահանջում, և, բնականաբար, դրանց ականատեսը լինելն արդեն մեծ դժվարություն է: Վ. Խաչատրյանն ասում է, որ շների մրցումների ժամանակ երբեմն նյարդերը տեղի են տվել, բայց հետագայում սովորական է դարձել: Պիդ-սպորտի մոլի սիրահարներին նա նույնացնում է թմրամոլների հետ, որոնք հաճույք են ստանում` լինելով գազանության հասնող այդ միջավայրում:

«Սեմ անունով մի շատ լավ շուն կար, որը մեկ ամսվա մեջ չորս անգամ ռինգ մտավ: Ամեն անգամ պատռվածքներով, վնասվածքներով, կոտրվածքներով ու կարերով ռինգ էր մտնում: Մինչդեռ նրան վերականգնվելու համար առնվազն մի վեց ամիս պետք էր: Հաղթում էր, մտնում էր ռինգ, հաղթում էր, մտնում էր ռինգգ Ամսվա չորրորդ ռինգում նա սատկեց` նախորդ մենամարտի վերքերից:

Այսինքն` դա պիդ-սպորտ չէր, սովորական խուժանություն էր»,- պատմում է կինոռեժիսորը` հավելելով, որ ֆիլմի նկարահանման ժամանակահատվածն ավարտելուց հետո սկսել է խորը վերլուծություններ անել: Եվ եկել է այն եզրահանգման, որ մարդն արյան պահանջ ունի, ու, եթե դա կենդանու միջոցով չբավարարի, մեկ ուրիշ մարդու արյամբ իր պահանջը կլրացնի: «Աշխարհում էլ այդ երևույթի տենդենցը կա: Մարդկությունը երևի նոր պատերազմ է ուզում, որովհետև մարդկանց մեծ մասն արյուն է տենչում, ինչը լավ բան չի հուշում: Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում, որովհետև մարդիկ արյան հոտի կարոտ են: Հիմա մարդն այդ սպանությունը կատարում է կենդանու միջոցով, բայցգ Մարդու մեջ անասնական բնազդը գազանի պես զարթնել է»,- ասում է նա:

Ընդհանուր առմամբ` պիդ-սպորտի փիլիսոփայությունը մարդու կողմից իրականացվող մինի պատերազմ է, որտեղ մարդու գիշատիչ բնազդներն են գերիշխում, բայց կատարողը կենդանիներն են:

Նշենք, որ պիդ-սպորտն օրենքով արգելված չէ: Այս սպորտաձևում գոյություն ունեն խաղի կանոններ, որոնք պահպանվում են բոլոր մենամարտերում: Որոշ մարդիկ իրենց շներին նույնիսկ ամիսներով, տարիներով նախապատրաստում են մենամարտերին: Ռինգում մեծ փողեր են պտտվում, նույնիսկ շատ մեծ` միլիոնավոր դոլարներ: Լինում են նաև միջազգային մասշտաբի մենամարտեր, որոնց մասնակցելու համար Հայաստան են գալիս վրացիներ, հարավսլավացիներ և այլք:

«Ո՞վ է գազանը» ֆիլմի պրեմիերան հավանաբար կկայանա որևէ այլ երկրում, բայց` ոչ Հայաստանում: Վ. Խաչատրյանն արդեն ֆիլմի ցուցադրության հրավերք է ստացել Փարիզից, Ստամբուլից, ԱՄՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս