«Այսօր պրիմիտիվ, ամենաստորին բնազդներն արթնացնող երաժշտություն կա, որը մարդկանց բթացնում է»

Հայտնի ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը 1988 թվականից նվագել է Արտաշես Քարթալյանի ջազ-քառյակում, 1988-89թթ.` Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբում: 1990թ.-ից հրավիրվել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ ջազային նվագախումբ: 1997 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր դարձավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Նվագախմբի երաժշտական ղեկավար դարձավ Արմեն Հյուսնունցը:

2000թ. նվագախումբը մասնակցել է «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին: Այդ փառատոնի ժամանակ նվագախումբը հնարավորություն է ունեցել ելույթ ունենալ ջազ-լեգենդ, դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորեայի հետ: 2002թ. նվագախումբը մասնակցեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշակույթի բաժնի կողմից կազմակերպված Jazz Appreciation Month փառատոներին, որոնց հրավիրվում էին բազմաթիվ պրոֆեսիոնալ նվագախմբեր Հայաստանից և ԱՄՆ-ից: 2008թ. Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի պետական ջազ-նվագախումբն արժանացավ «Տարվա լավագույն ջազ-նվագախումբ» մրցանակին: 2010 աշնանը ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինեց Արմեն Հյուսնունցը: Ամիսը մեկ հաճախականությամբ այժմ նվագախումբը ելույթներ է ունենում «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում:

Արմեն Հյուսնունցը Խաչիկ Սահակյանի հետ ստեղծել է նաև «Թայմ Րիփորթ» էթնիկ ջազ-կվինտետը, որտեղ հիմնականում կատարել են հեղինակային ստեղծագործություններ և հայկական ժողովրդական երգերի, պարերի մշակումներ: 1998թ. Արտո Թունջբոյաջյանը` ստեղծելով «Armenian Navy Band» խումբը, Արմեն Հյուսնունցին հրավիրում է խումբ, որտեղ մինչ օրս նվագում է երաժիշտը: 2000թ. հիմնադրել է «ԱրտաՍաքս» սաքսոֆոնահարների քառյակը:

Արմեն Հյուսնունցը հանդես է եկել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան, Արմեն Դոնելյանը, Ջո Զավինուլը և այլք: 2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Կարդացեք նաև

– Արմեն, ինչո՞ւ լրատվամիջոցները քեզ հաճախ չեն անդրադառնում:

– Այո, շատ չի շոշափվում իմ անունը, այդտեղ նաև իմ «մեղավորությունը» կա: Ամեն տեղ չէ, որ ես ցանկանում եմ լինել: Լրատվամիջոցներից խուսափելու ներքին մղում կա: Բայց չեմ մերժում հարցազրույցի հրավերները, եթե, իհարկե, ժամանակս ներում է: Հեռուստատեսություններից, անկեղծ ասած, խուսափում եմ: Այնպես չէ, որ ասելիք չունեմ, մտածում եմ` երբ ճիշտ ժամանակը գա, այդ ասելիքը կասեմ: Բացի այդ, ասելիքս հիմնականում երաժշտության միջոցով եմ ասում:

– Ի՞նչ ես ասում երաժշտության միջոցով:

– Ինքս՝ որպես ջազային երաժիշտ, նախանձախնդիր եմ հնարավորինս որակյալ երաժշտություն լսելու և մատուցելու: Որակյալ երաժշտություն` ոչ միայն կատարման առումով, այլև բովանդակության: Այն ինձ համար նախ և առաջ խոսք է: Եթե զուգահեռներ անցկացնենք երաժշտության և մարդկային խոսքի հետ, շատ ընդհանուր չափանիշներ կան: Ինչպես մարդկային խոսքը կարող է լինել շատ տաղանդավոր, բայց ոչ միշտ՝ դրական և առողջ, երաժշտությունն էլ երբեմն կարող է լինել հրապուրիչ և հմայիչ, բայց միշտ չէ, որ դա լուսավոր է: Հնարավորինս փորձում եմ հետամուտ լինել լուսավորին, բարությանը, ջերմացնողին:

Երաժշտությունն ամբողջ կյանքի հետ կապված խնդիր է: Ինքնամաքրման խնդիր է: Այդ երաժշտությունը, ինչպես և խոսքը, հեշտ չի տրվում: Դու պետք է արժանանաս այդ խոսքին: Ես հավատում եմ, որ դա ի վերուստ է տրված լինում: Դրան պետք է արժանանաս քո մաքուր, անբասիր վարքով: Չեմ ասում, որ ես դրան արժանացել եմ, բայց ձգտումս և պատկերացումս դա է:

– Որքանո՞վ է հաջողվում մեղքերով լի այս կյանքում մաքուր և անբասիր մնալ:

– Անշուշտ, դժվար է: Այդպես էլ պետք է լիներ: Ճշմարիտ ճանապարհը նեղ պետք է լինի: Ուղղակի պետք է հետամուտ լինես և արժևորես այն, ինչ քեզ համար կարևոր է:

– Նվագախմբի մենակատարներին և երաժիշտներին ի՞նչ սկզբունքով եք ընտրել:

– Ընտրությունը կայացել էր շատ ավելի վաղուց` 1997 թվականին: Հիմնական կազմը ձևավորվել էր հենց այդ ժամանակ, հետո, իհարկե, փոփոխություններ, համալրումներ եղել են: Ես շատ եմ կարևորում մարդկային որակը: Նախընտրում եմ աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր հավելյալ խնդիրներ չեն առաջացնում: Ձգտում եմ ստեղծել հնարավորինս դրական, մարդկային շփումով լեցուն դաշտ: Դա մեզ մոտ կա: Այդ առումով մեր նվագախումը բացառիկներից է:

– Երաժշտության ո՞ր ժանրը տանել չես կարող:

– Անկեղծ ասած, ռաբիսից խուսափում եմ: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել: Ինձ համար շատ հարգելի, գնահատելի երաժիշտներ կան այդ ոլորտում: Ես այդ երաժշտությունը չեմ սիրում, բայց չեմ էլ ուզում ուրանալ, որ եղել են տարիներ, երբ ես համագործակցել եմ այդ ժանրում աշխատող երաժիշտների, երգիչների հետ: Հիմա դա ինձ չի հետաքրքրում: Մանավանդ` մեր այսօրվա իրականության մեջ, որտեղ, իսկապես, շեշտադրումները փոխվել են: Դա միայն ռաբիսին չի վերաբերում:

– Այսօր հասարակությունը ո՞ր երաժշտությունն է նախընտրում:

– Չգիտեմ, ես հասարակության նախասիրությունների մասին դժվար եմ դատում: Ժամանակ էլ չի լինում հետևել հեռուստատեսությանը: Բայց համացանցում հավանումների, դիտումների քանակը ցույց է տալիս, որ երիտասարդության մեծ մասը հետամուտ է անորակ երաժշտության: Պարզ է, որ դա տարիքից էլ է կախված, բայց դա համաշխարհային տենդենց է, որից պետք է զգուշանալ: Մշակույթը փորձում են ծառայեցնել բնակչության զոմբիացմանը: Այսինքն` պրիմիտիվ, ամենաստորին բնազդներն արթնացնող երաժշտություն կա, որը բթացնում է:

– Եվ հաջողվո՞ւմ է զոմբիացնել:

– Եթե նայեք ձեր շուրջը, կհասկանաք, որ հաջողվում է: Հայերին դա ամենաուշն է սպասվում, բայց սպասվում է:

– Ինչի՞ց ես խուսափում կյանքում:

– Միշտ խուսափել եմ կատեգորիկ պատասխաններից: Հաճախ կյանքը ցույց է տվել, որ ոչ միշտ է այդպես լինում: Ես փորձում եմ խուսափել «չէ»-երից:

Չեմ փորձում կարծրատիպեր ստեղծել ինձ համար, դա կաշկանդում է ինձ: Ես փորձում եմ ընտրությունս ճիշտ կատարել: Մեր ամբողջ կյանքն է ընտրություն, և այդ ընտրությունից կախված է քո հետագան: Կարևորում եմ ամեն վայրկյանի ընտրությունը: Փորձում եմ հնարավորինս ազատ լինել, որ կարողանամ որևէ ընտրություն ազատ կատարել: Ընտրությանս չափանիշը՝ ճիշտն է: Թեև ճիշտը հարաբերական է, բայց ինձ համար ճշտի չափանիշներ կան: Դա ավետարանն է, Քրիստոսով թելադրված օրենքները:

– Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

– Այս տարի նշում ենք Հայաստանի պետական ջազային նվագախմբի 75-ամյա հոբելյանը: Այդ առիթով ունենք մեծ համերգներ՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին: Ունենք հրավիրված հյուրեր: Հրավիրել ենք մաեստրո Կոնստանտին Օրբելյանին, ում հետ երիտասարդ տարիքում բախտ եմ ունեցել աշխատելու: Նա հիմա արդեն Երևանում է, և մեզ հետ պետք է ելույթ ունենա: Հրավիրել ենք նաև Արմեն Մարտիրոսյանին, ով 1997 թվականից ղեկավարել է նվագախումբը: Փորձում ենք այդ համերգը դարձնել երաժշտական իսկական տոն:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս