Հայաստանում AREAL գծային արագացուցիչը կշահագործվի մինչև 2013թ. մայիս
CANDLE նախագծի շրջանակներում Հայաստանում կառուցվող AREAL գծային արագացուցիչը կսկսի գործել 2013 թվականին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում ստեղծվելու է CANDLE միջազգային գիտական հետազոտությունների կենտրոնը: Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականներն ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում՝ կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:
Վերջին շրջանում նախագծի հետ կապված բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ և ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություններ, ինչպես նաև քննարկվել AREAL գծային արագացուցչի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են: «Ներկայումս նախատեսվում է ավարտել AREAL գծային արագացուցչի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկել բարձր հաճախականության, վակուումային, վերահսկման և ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական ստենդները, իսկ նոր սարքավորումների տեղադրման և հավաքման աշխատանքները նախատեսվում է իրականացնել արդեն նոյեմբերին»,- ասաց Ս. Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում CANDLE նախագծի համար 6,5 մլն եվրո ֆինանսավորումից 5,5 մլն-ը նվիրատվություն է դրսից:
Նշենք, որ AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:
CANDLE նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթենֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: