Պետությունը «քցե՞լ» է «Արմենիա» բուժկենտրոնին

Երեկ մեր խմբագրություն է դիմել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող` Ներքին Շենգավիթ 16 փողոցի բնակչուհի Մարիամ Փափազյանը` ահազանգելով, որ «Արմենիա» բուժկենտրոնում այլևս պետպատվերով հիվանդ չեն ընդունում:

Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Չգիտենգ մեռա՞ծ է, թե՞ ողջ» վերնագրով հոդված էինք տպագրել Մ. Փափազյանի մասին, ում մի ոտքն անդամահատված է, իսկ մյուս ոտքն ամբողջովին սևացած, թարախակալած և այտուցված է:

Մ. Փափազյանը գտնվում է ծանր վիճակում, և չի բացառվում, որ առաջիկայում մյուս ոտքն էլ անդամահատեն: Օրեր առաջ նա հերթական բուժզննման է ենթարկվել Մասիսի Ռանչպար գյուղի (այնտեղ է գրանցված) պոլիկլինիկայում, որտեղից նրան անմիջապես պետպատվերով ուղեգրել են «Արմենիա» բժշկական կենտրոն` ստացիոնար բուժում ստանալու համար:

«Մի քանի օր առաջ գնացի Հանրապետականի Անոթային բաժին, որտեղ ես պարբերաբար բուժվել ու հետազոտվել եմ: Իմ բժիշկ Ալեքսանդր Նիկոլաևիչը դեղերի ցուցակ գրեց ու ասեց` դրանք կխմես, նոր կգաս: Էդ դեղերը խմեցի ու ուրբաթ օրը նորից գնացի հիվանդանոց: Ասեց, քանի որ դիմացը շաբաթ-կիրակի ա` կգնաս, երկուշաբթի կգաս, որ պառկես` բուժենք»,- պատմում է վրդովված երիտասարդ աղջիկը, ում համար ամեն անգամ Ներքին Շենգավիթից «Արմենիա» բուժկենտրոն հասնելը շատ դժվար է, քանի որ, ինչպես նշել էինք` նա գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում և տրանսպորտային միջոցներից օգտվում է միայն հաշմանդամների համար նախատեսված անվճար տրոլեյբուսից:

Ինչևէ, երեկ Մ. Փափազյանը բժշկի ցուցումով կրկին գնացել է «Արմենիա» բուժկենտրոն` արդեն ստացիոնար բուժվելուն պատրաստ, բայցգ Նրան պատասխանել են, թե պետպատվեր արդեն գոյություն չունի:

«Ասեցին` դեղեր չունենք, չենք կարա պառկացնենք, պետպատվեր էլ չկա: Ասում եմ` ո՞նց չկա, կնիքով թուղթը ձեռքիս ա: Ասեցին` կապ չունի, մենք դեղեր չունենք, որ պառկեցնենք ու բուժենք: Գնացե՛ք, ձեր դեղերն առեք` բերեք, բուժենք: Ասեցի` ախր ես փող չունեմ, որ մոտ 30.000 կազմող դրամի էդքան դեղ առնեմ, 2-րդ կարգի հաշմանդամության համար տրվող 15.000 դրամ թոշակով եմ ապրում: Ասեցին` կապ չունի, էլ պետպատվեր չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց Մ. Փափազյանը` վստահեցնելով, որ նույն բանը կրկնել է «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժանմունքի վարիչ Ժ. Պետրոսյանը: Այդուհանդերձ, ծանր հաշմանդամություն ունեցող Մ. Փափազյանին երեկ «Արմենիա» բուժկենտրոնից ճանապարհել են տուն` հորդորելով, որ պետպատվերի իրավունք այլևս գոյություն չունի, և այդ բուժհաստատությունը պետության պատվերով անվճար բուժօգնություն չի իրականացնում:

«Մենք ճորտատիրական կարգերով աշխատող ճորտեր ենք»

Մենք զրուցեցինք «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժնի վարիչ Ժ. Պետրոսյանի հետ, ով մեր հարցին, թե` ինչո՞ւ են հիվանդին ասել, թե պետպատվերով բուժսպասարկում այլևս գոյություն չունի, ի պատասխան` բավականին հետաքրքիր մեկնաբանություն տվեց: Նախ ասաց. «Մեզ ընդունարանից ասել են, որ սոցիալական խմբերին չընդունենք: Մենք ճորտատիրական կարգերով աշխատող ճորտեր ենք: Եթե մեզ ասում են` մենք պիտի անենք: Մեզ թույլ չեն տալիս այլևս այդ խմբերին ընդունել: Առավոտյան ընդունարանից նման հրահանգ է իջեցվել»: Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք պետության պատվերի կատարման ցուցումն ընդունարանին է վերապահված:

«Դուք գիտեք, չէ՞, որ մենք մասնավոր հաստատություն ենք: Մեր գլխավորը նման հրահանգ է իջեցրել, որովհետև հիվանդանոցի պետպատվերի լիմիտը լրացել է, մենք դեռ մի բան էլ ավելի ենք սպասարկել: Պետությունը դեռ մի բան էլ` մոտ 70 միլիոնի պարտք ունի: Երբ որ պետությունն իր պարտքը կմարի` մենք նորից սոցիալական խմբերին կբուժենք: Եթե հիմա գաք ու մեր բաժնում պտտվեք` կհամոզվեք, որ հիվանդների 70-80%-ը սոցիալական խոցելի այդ խմբերին պատկանող հիվանդներն են: Հիվանդանոցը մասնավոր է, և չի կարող իր հաշվին սպասարկել նման խմբերի: Հիվանդանոցի գլխավորն ասել է` չընդունեք պետպատվերով հիվանդներին, բացի անհետաձգելի դեպքերից»,- մեզ հետ զրույցում շեշտեց Անոթային բաժանմունքի վարիչ Ժ. Պետրոսյանը` հավելելով, որ վատ չէր լինի, եթե մենք բարձրացնեինք այն հարցը, թե ինչո՞ւ Առողջապահության նախարարությունն` ի դեմս պետության, իր 70 մլն դրամ կազմող պարտքը չի վճարում «Արմենիա» բուժկենտրոնին:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը` անդրադառնալով առողջապահության ոլորտին տրվող բյուջեով նախատեսված գումարներին, տեղեկացրել էր, որ 2012-ին պահպանվել են գումարները ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության` մոտ 24 միլիարդ և մոտ 29 միլիարդ էլ` ստացիոնար բուժօգնության համար: Ընդ որում, նա շեշտել էր, որ փորձելու են ոչ թե պահպանել որակը, այլ` փորձելու են որակն ավելի բարձրացնել ու ավելի մատչելի դարձնել:

«Հիմնական նպատակն է, որ սոցիալապես անապահով խավերին մենք կարողանանք որակյալ և մատչելի բուժօգնություն ցուցաբերել»,- ընդգծել էր Հ. Քուշկյանը` հավաստիացնելով, որ բյուջեի տրամադրած գումարները բավարար են պետական պատվերի շրջանակներում բուժհաստատություններում բուժում ստացող անձանց սպասարկումն անվճար կազմակերպել պատշաճ մակարդակով:
Ի դեպ, 2012թ. պետբյուջեով նախատեսված էր առողջապահական ոլորտին տրամադրել շուրջ 65 մլրդ դրամ (առանց ՀՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի ծախսերի):

Ընդ որում, այդ գումարը 2011թ. բյուջեից 3 մլրդ-ով կամ 5.5 տոկոսով ավելին էր: Այսպիսով, մի կողմից` նախկին և ներկա նախարարները հավաստիացնում են, որ բյուջեով տրամադրված գումարները բավարար են պետպատվերի շրջանակներում խոցելի խմբերի բուժսպասարկումը պատշաճ իրականացնելու համար, սակայն մյուս կողմից էլ, մեղմ ասած` «քցում» են բուժհաստատություններին: Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե բյուջեով բավարար գումար փոխանցելով հանդերձ, ինչո՞ւ է մեր պետությունը միայն խոցելի խմբերին պետպատվերով սպասարկելու համար 70 մլն դրամ պարտք «Արմենիա» բուժկենտրոնին:

Նաև հարց է ծագում, թե ո՞ւր են, ասենք` հենց նույն Մ. Փափազյանի և նրա նմանների համար բյուջեից դուրս գրված գումարները:
Երեկ մենք զանգահարեցինք ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին և այս կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք: Վերջինս խոստացավ անմիջապես պարզել և տեղեկատվություն տրամադրել: Մինչդեռ, ինչպես միշտ` ստիպված եղանք մամլո խոսնակին երկար սպասել: Կրկին զանգահարեցինք. այս անգամ նա շտապեց տեղեկացնել, որ ճշտում են, թե ինչո՞ւ է «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժնի վարիչը մեզ պետության պարտքի մասին տեղեկություն տրամադրել:

Այսինքն` կոնկրետ հարցադրմանը պատասխանելու փոխարեն, ինչպես հասկացանք նախարարությունից` Ժ. Պետրոսյանին են «հաթաթա» տալիս` ճշմարտությունը մեզ փոխանցելու համար: Մենք Ա. Հայթայանին, այնուամենայնիվ, հորդորեցինք` ներքին հարցերը կանոնակարգելուց հետո մեզ կոնկրետ պատասխանել, թե ինչո՞ւ պետպատվերով հիվանդները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից: Ա. Հայթայանի պարզաբանմանը երկար սպասեցինք:
Կարելի էր ենթադրել, որ Առողջապահության նախարարությունում «լծվել» են Անոթային բաժնի վարիչին «մշակելու» գործին: ՉԷ՞ որ պետական փողերի 70 մլն դրամը, բառի բուն իմաստով` չի փոխանցվել հասցեատիրոջը:

Թեև նախորդ հեռախոսազանգի ժամանակ Ա. Հայթայանը մեզ վստահեցրեց, որ 70 մլն դրամ պարտքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, ավելի ուշ զանգահարեց և տեղեկացրեց, որ, թեև պարտքը կա, բայց բուժհաստատությունը պարտավոր էր կատարել պետության պատվերը: Մենք նրան հիշեցրինք Ժ. Պետրոսյանի կողմից հնչեցրած` դեղեր չունենալու մասին պատճառաբանությունը:

Վերջինս այս անգամ էլ հորդորեց հիվանդին ուղարկել Առողջապահության նախարարություն` որևէ այլ բուժհիմնարկում բուժսպասարկումը կազմակերպելու համար: «Իրեն երևի առաջարկել են հերթագրվել, բայց չի ցանկացել սպասել»,- կանխատեսեց Ա. Հայթայանը: Նրան փոխանցեցինք, որ Մարիամ Փափազյանին ոչ թե առաջարկել են հերթագրվել, այլ` ասել են, որ պետպատվեր այլևս գոյություն չունի:
ԱՆ խոսնակին նաև հիշեցրինք, որ օրեր առաջ էլ գրել էինք մի տարեց կնոջ մասին, ում մեկ այլ հիվանդանոցից «գլխառադ» են անում միայն նրա համար, որ նա նույնպես պետք է բուժսպասարկում ստանա պետպատվերի շրջանակներում:

Մի խոսքով` Ա. Հայթայանը հաստատեց, որ պետությունն «Արմենիա» բուժկենտրոնին պարտք է 70 մլն դրամ, այս անգամ էլ որպես հիմնավորում` պատճառաբանեց, թե այդ հիվանդանոց շատ են գնում հիվանդները, որի հետևանքով էլ գերածախս է արձանագրվել:
Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկում նույնպես հիվանդներից մեկի նկատմամբ նման վերաբերմունք էր ցուցաբերվել, այն դեպքում, երբ այդ հիվանդանոցում «գերածախս չէր արձանագրվել»:

Այնուամենայնիվ, այսուհետ լավ կլինի, որ բուժօգնության կարիք ունեցող խոցելի խմբերի ներկայացուցիչները, բուժհաստատություններ դիմելու փոխարեն, հերթով գնան Դերենիկ Դումանյանի դուռը: Ընդ որում` հենակներով, սայլակներովգ

Տեսանյութեր

Լրահոս