Չգիտեն… մեռա՞ծ է, թե՞ ողջ (լուսանկարներ)

Ոտքը ճկուն ցատկելով ճողոպրում է շինաղբի եզերքով: Ջարդված սալիկների ու անմշակ քարերի արանքում անշարժանալով` թուլանում է: Անուժ գամվում է օդի ու հողի արանքում, անկառավարելի ճոճվում է: Ոտքը չի ենթարկվումգ Հենակները մխրճվելով ավազի, փոշու ու քարերի արանքում` անշարժացել են:

Ես ու ոտքը սպասում ենք, որ Մարիամը մեզ ներս ուղեկցի, բայց Մարիամը կռիվ է տալիս ինքն իր հետ: Նյարդային շարժումներից հենակներն իրարով են անցնում, օդից կախված ոտքը թպրտում է: Մարիամը խեղճացած նայում է, ժպտում եմ, բայց դրանից չարանում է: Ոտքը երկուսիս գամել է շինաղբի մեջ, ու երկուսով սպասում ենք ոտքին: Մարիամի հարևաններն անտարբեր գնում-գալիս են: Իրենք գիտեն, թե ինչու ենք ես ու Մարիամը երկար սպասում ոտքին: Մարիամն էլ գիտի, ոտքն էլ գիտի, ու նաև գիտի, որ, եթե էսպես շարունակվի` ինքը հայտնվելու է դիահերձարանում: Մարիամն էլ գիտի, որ, եթե էսպես շարունակվի` ոտքը հայտնվելու է դիահերձարանում:

Մեկին տարիներ առաջ այդպես ճանապարհել է դիահերձարան, բայց էս մեկի հեռացումից կախված է նաև իր կյանքը: Մի ոտքի հետ թաղել է նաև երազանքները, պատրանքները, կյանքի կեսը: Մեռած ոտքին ճանապարհելիս` իրեն թվում էր` կյանքն ավարտված է, բայց ժամանակն ամեն ինչ բուժեց, ավելի ճիշտ` չբուժեց, ուղղակի Մարիամին հաշտեցրեց մի ոտքի հետ: Հիմա մի ոտքի հետ սպառում է կյանքի մյուս կեսը, բայցգ բայց հետո կամ շուտով ժամանակն ու մարդիկ անկարող են իր ապրելու հույսը բուժել: Հիմա ժամանակը Մարիամին նախապատրաստում է անկարելիին, բայց արդեն անզոր է Մարիամին հաշտեցնել կյանքն անոտք ապրելու տառապանքի հետ: Հիմա բոլորը` Մարիամը, ոտքը, բժիշկներն իրար խաբում են, բայց պարբերաբար անշարժացող, անկառավարելի դարձող ոտքը ճշմարտություն է ապտակում բոլորի երեսին:

Ոտքը կենդանության նշաններ ցույց տալով` սկսում է ցնցվել: Չարացած Մարիամի դիմագծերը վերջապես շարժվում են: Քարերի արանքից ծանրությամբ դուրս է գալիս ու հենակի կտրուկ դմբոցին արձագանքում է հազիվ քարշ եկող ոտքի ցատկը:
Մարիամ Փափազյանի մի քանի ոտնաչափ սենյակում ամեն ինչ կիսատ է: Մինչև անգամ հարևանի տանից բաժանող պատն է կիսատ: Ինքը 35 տարեկան է, բայց չարացած գայլի աչքեր ունի: Երբ հայացքը գամում է մի կետի, թվում է` աչքերից կայծեր են թափվելու ու կետը դառնալու է փոշեհատիկների կույտ:

Կարդացեք նաև

«Ծեծելով հանեցին, շպրտեցին փողոց»

Արդեն չորս ամիս է` Մարիամն ապրում է Ներքին Շենգավիթ 16 փողոցի մի տանը, որտեղ վարձակալած սենյակը բանտախցից էլ անտանելի է: Մարիամն ինձ իր «տուն» կանչելով` անխնա պատժել է, որովհետև նրա կյանքն ու կենցաղավարությունն ինձ սպանում են: Ինքը չի խոսում, ես էլ խոսում, խոսում, հարցնում, պատասխանում եմգ Սենյակում մահճակալ է, վարագույրի ետևում կանգնած երկարաճիտ կոշիկ հագած մի պրոթեզից ոտք ու մի իսկական ոտք, որն իսկականի նման չէ: Ճանապարհին շինաղբի մեջ անշարժացած Մարիամի ոտքն է, որը ոտնաթաթերով ու եղունգներով հանդերձ` սևացած, այտուցված, մեռածի նման է:

«Ծնողներիս մահից հետո եղբայրներս ու հարսներս չհաշտվեցին միոտանի, հաշմանդամ մարդ տանը պահելու հետ: Վերջին անգամ կռվեցին, ինձ ծեծելով փողոց շպրտեցին»,- ասում է Մարիամը, ում աչքերի բիբերից բարկություն ու վիրավորանք է պայթում: Հետո պատմում է, որ 2004թ. ոտքի եղունգը վնասվել է. «Եղունգս մտել էր մսի մեջ, հետո բութ մատս սկսեց գույնը փոխել: Ծնողներս տարան բժշկի, եղունգս հանեցին, բայց եղունգի հետ մաշկն էլ էին քաշել, պոկել: Մյուս մատներս էլ կամաց-կամաց կապտեցին, բայց ո՞վ կպատկերացներ, թե ինչ լուրջ բան ա: Պարզվեց, որ անոթներս խցանվել ա, արյան շրջանառություն չի կատարվել, ու փտախտ ա սկսվել: Մատս կտրեցին, բայց արդեն ոտքս շարքից դուրս էր եկել: Որոշ ժամանակ անց ոտքս անդամահատեցին»:

Մասիսի Ռանչպար գյուղում ապրող ընտանիքը` ծնողներն ու եղբայրները, ամեն դեպքում, ամեն ինչ արել են, որ քույրն անգամ մեկ ոտքով ապրելուն հոգեբանորեն պատրաստ լինի: Պատշաճ խնամել են, նրա մասին հոգ են տարել, բայց, երբ ծնողները մահացել ենգ «Երեք եղբայր ունեմ, ես իրանց միակ քույրն եմ: Մեծ եղբայրս Երևանում ա ապրում, բազմանդամ ընտանիք են, անապահով, վատ ապրող են: Մյուս երկու եղբայրներս իրանց կանանցով ինվալիդ քույր պահել չուզեցին: Շատ վիճաբանություններ էին լինում, ծեծուջարդ, ահավոր էր: Կինը շատ էր եղբորս իմ դեմ լարում: Ես էլ չեմ կարա աշխատեմ, որ իրանց հաշվին չապրեմ: Վերջին վեճի ժամանակ ինձ ծեծելով հանեցին փողոց շպրտեցին»,- ասում է Մարիամը, ով հաստատ մինչև վերջ չի անկեղծանում, բայց իր մոտ այցելելու համար ինձ դիմած Մարիամի ծանոթը նույնպես ասում է, որ նրան ծեծելով դուրս են շպրտել:
«Ախպերն ուզում ա տունը ծախի: Մարիամն էլ ա էդ տանը գրանցված: Էդ աղջկան շան օրն էին գցում, մեղք էլ ա: Եկել-մտել ա էդ բունը, բայց ոչ ոք տեղը չգիտի: Թե ո՞նց ա դա ապրում, ինչո՞վ ա ապրում, մի օր էդ սենյակում տեղում մնացած կգտնեն»,- ասում է Մարիամի ծանոթը, ով զանգահարել էր խմբագրություն` Մարիամին այցելելու և ինչ-որ բանով աջակցելու խնդրանքով:

Մարիամն ասում է, որ չորս ամիս է, ինչ ապրում է այդ հարևան տանից բաժանող կիսատ պատով սենյակում: Չորս ամիս է, ինչ ապրում է այդ սենյակում, բայց եղբայրները նրա տեղը չգիտեն, հավանաբար չեն էլ փնտրում: Ասում է` ընդհանրապես ոչ ոք իր տեղը չգիտի, ու չեն էլ փորձում գտնել: Հարցնում եմ` «Բայց լինելով գործազուրկ, հաշմանդամ, ո՞նց ես մենակ ապրում»: «Դե, 15.000 դրամ թոշակ եմ ստանում: Վարձի ահագին պարտք ունեմ, բայց դեռ տան տերը թողնում ա ապրել: Չգիտեմ` ոնց եմ ապրում, բայց գոնե ինձ չեն ծեծում դուրս շպրտում»,- պատասխանում է նա:

Գյուղում ընտանիքի հետ ապրելու ժամանակ նաև 10.000 դրամ նպաստ է ստացել, բայց Սոցիալական աջակցության գրասենյակի աշխատակիցները Մարիամի` գյուղում այլևս չբնակվելու տեղեկությունն իմանալուց հետո զրկել են նպաստից. «Ասում են` որտեղ գրանցված ես, էնտեղ էլ պիտի ապրես, որ ստանաս: Ես բացատրում եմ, որ գյուղում չեմ կարա ապրեմ, իսկ էստեղ չեմ կարա գրանցվեմ, ուրիշի տուն ա: Բայց դեգ»: Բայց դե, հիմա 15.000 դրամով 40.000 դրամ արժեցող սենյակի վարձավճարի 15.000 դրամն է վճարում, իսկ թե ինչո՞վ է գոյատևում` դժվարանում է ասել: Նույնիսկ ամենօրյա դեղորայքն օգտագործելու համար Մարիամը ստիպված է լինում պարբերաբար տրոլեյբուսով հասնել բուժհաստատություն, որովհետև միայն տրանսպորտային այդ փոխադրամիջոցն է անվճար 2-րդ կարգի հաշմանդամ մարդկանց համար:

«Հիմա մենակ գնում եմ հիվանդանոց, ստուգում են, դեղերն են տալիս: Հիմա նաև սրտային հիվանդություն ունեմ: Սրտի ու ոտքի անոթների համար դեղեր եմ խմում: Ճիշտն ասած` էս ոտքս էլ արդեն բանի պետք չի: Տեսնում եք, էլի, սևացել ա, մեռած ոտք ա համարյա: Բժիշկները խղճում են, չեն ասում, որ հեռացնելու ենթակա ա: Բայց դե, հեռացնելն էլ կյանքիս հետ ա կապված: Սրտի հիվանդ եմ, կարող ա նարկոզի տակ մնամ: Չեմ էլ ուզում, որ հեռացնեն, ինչ լինելու ա` թող լինի: Էս փտախտով ինչքան կապրեմ` թող ապրեմ: Արդեն էս մի ոտքս էլ ա անշարժանում, թուլանում ա, բայց դեգ չեղածից լավ ա: Մի ոտքս երբ կտրեցին տարան դիահերձարան, արդեն կանխատեսում էին, որ սրա հետ էլ նույնը կլինի: Սկզբում իրանց մեղքը գալիս էի, չէին ասում, բայց դեգ ես հո գիտե՞մ, որ սա էլ ա մեռնում»:

Մարիամ Փափազյանը վստահեցնում է, որ 2010 թվականից սկսած` ծնողներին կորցնելուց հետո, դաժան կյանք է ունեցել: Ասում է. «Օրերով սոված էի մնում, ամբողջ օրը` ծեծ ու ջարդ: Հիմա էլ պատահել ա գնացել եմ, բայց տուն չեն թողել: Ծնողներս ինձ պահում էին, բայց իրանց մահից հետո մնացի մեն-մենակ: Ինչ դարձել եմ ինվալիդ, իրանց պետք չեմ: Կարող ա չհավատաք, բայց ուզում են` մեռնեմ, որ բեռ չլինեմ իրանց համար: Հիմա իրանք չգիտեն` ես որտեղ եմ, կամ-չկամ: Ուզում են տունը ծախեն, իսկ ես իրանց երևի խանգարել եմ»:

Հիմա Մարիամը մեն-մենակ ապրում է Ներքին Շենգավիթ փողոցում գտնվող հարևանի տանից բաժանող կիսատ պատով մի սենյակում, որն անդուր, ճնշող ու խորհրդավոր է: Մարիամն անկեղծանում է, բայց կիսատ, ու էդ կիսատ պատմությունից հետո լայն բացված աչքերով իմ մեջ դատավոր է փնտրում: Մեն-մենակ ապրող Մարիամը բանտախցի նման սենյակից դուրս է գալիս միայն դեղորայքը ստանալու ժամանակ: Մեն-մենակ ապրող Մարիամի շպարը նույնքան արտասովոր է, որքան երկարաճիտ կոշիկ հագած` վարագույրի ետևից «ծիկրակող» պրոթեզից ոտքը:

Տեսանյութեր

Լրահոս