Երևանում կանցկացվեն ցանցային անվտանգության և տվյալների պաշտպանության ֆորումներ
Այս տարի աշնանը՝ նոյեմբերի կեսերին, Երևանում կանցկացվեն ցանցային անվտանգության, ինչպես նաև՝ տվյալների պաշտպանության ֆորումներ:
Ֆորումները կազմակերպում է «Շիրակ Տեխնոլոգիաներ» (Shirak Technologies) ընկերությունն՝ իր գործընկերների հետ: Դա IBM ընկերության հետ համատեղ Tivoli Storage Management լուծումների համատեքստում կազմակերպվող ֆորումն է, ուր կներկայացվեն տվյալների հուսալիության ապահովման համակարգերը, իսկ երկրորդ ֆորումը կլինի Fortinet ընկերության հետ, ուր կներկայացվեն Unifeid Threat Management (UTM) սարքաշարերի հնարավորությունների մասին, թե ինչպես դրանք կծառայեն որևէ ընկերության առջև ծառացած ցանցային պաշտպանության խնդիրներին:
Այս մասին 168.am-ի թղթակցին ասաց «Շիրակ Տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր Ավետիք Եսայանը: Ընկերությունն աշխատում է ցանցային տեխնոլոգիաների և տվյալների անվտանգության բնագավառում արդեն վեց տարի՝ համագործակցելով Cisco Systems, Fortinet, Juniper Networks և Checkpiont համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ: «Դրանք առաջատար ընկերություններ են տվյալների և ցանցային պաշտպանության ոլորտում, և Հայաստանում կներկայացվեն այդ ոլորտների նորագույն ծրագրային և արդի ապարատային լուծումները»,-ասաց Ա. Եսայանը՝ նշելով, որ այս ամենի նպատակը Հայաստանում ցանցային պաշտպանվածության ոլորտում իրազեկության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև՝ հատկապես հայկական ընկերությունների շրջանում պաշտպանվածության ժամանակակից տեխնոլոգիաների ներկայացումն ու կիրառումը:
Ըստ Ա. Եսայանի՝ ներկայացվելիք ցանցային պաշտպանվածության և տվյալների անվտանգության ոլորտում հնարավոր տվյալների կորուստները բավական թանկ արժեն հատկապես խոշոր ընկերությունների և փոքր/միջին այն ընկերությունների համար, որոնք գործ ունեն կրիտիկական տվյալների, ինտելեկտուալ արժեքների, ֆինանսական գաղտնիության և այլ արժեքավոր տեղեկատվության հետ: Ըստ Ա. Եսայանի՝ ինտերնետային արագությունների աճին զուգընթաց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ տվյալների պաշտպանությունն ու ապահով փոխանակումը բոլոր տեսակի բիզնեսների համար այսօր դարձել է ամենակարևոր կոմպոնենտը, սակայն փոքր և միջին ընկերություններն այդ «շռայլությունն» իրենց թույլ տալ չեն տալիս՝ արդյունքում ունենալով քիչ կամ բնավ չպաշտպանված ցանցեր կամ համակարգեր, ուր յուրաքանչյուր վթարից վերականգնման ժամանակը կարող է գերազանցել անկանխատեսելի սահմանը, վնասելով բուն բիզնեսի բնականոն ընթացքին:
«Հայաստանում տվյալների պաշտպանությանն առավել ուշադիր են հատկապես բանկերը, այնուհետև՝ առևտրային մեծ ցանցերը, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները»,- ասաց Ա. Եսայանը:
Նշենք, որ ֆորումին մասնակցությունը լինելու է անվճար: Ըստ կազմակերպիչների՝ Հայաստանի գործարար աշխարհի այս խնդրով շահագրգիռ ընկերություններից կարող են մասնակցել ոչ ավելի, քան 50 հոգի:
Ա. Եսայանի հետ 168.am-ի թղթակցի զրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ: