«ՆԱՏՕ-ն խնդիր չի տեսնում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության մեջ»

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի երևանյան ելույթից կարելի է առանձնացնել 3 մեսիջներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով` առաջին մեսիջը վերաբերում է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությանը, որը մենք սկսել ենք 1992 թվականից:

«Այդ համագործակցությունը շարունակվել է տարբեր բնագավառներում` ներառյալ քաղաքական բարեփոխումները, բանակի բարեփոխումները, համագործակցությունը տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև՝ այլ ծրագրերն էներգետիկայի, սեյսմոհետազոտությունների և գիտության ոլորտում: Առաջին մեսիջն այն է, որ այս համագործակցությունը շարունակվում է: Այս մեսիջի մեջ ևս մի բան կար  (դա մասնավորապես նշված է Ռասմուսենի ելույթի մեջ) այն մասին, որ ՆԱՏՕ-ն  խնդիր չի տեսնում և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի զուգահեռ համագործակցության մեջ: Այսինքն՝ ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ Հայաստանի տարածաշրջանային և ընդհանուր աշխարհաքաղաքական դիրքն անհրաժեշտ է դարձնում համագործակցել տարբեր ֆորմատներում` և՛ ՆԱՏՕ-ի հետ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում:

Երկրորդ մեսիջը. ՆԱՏՕ-ն Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքի մասին հայտնում է իր խորը հիասթափությունը: Եթե թարգմանենք Ռասմուսենի ելույթը, ապա կտեսնենք, որ ՆԱՏՕ-ն ևս հայտնում է իր դժգոհությունն այս դեպքերի վերաբերյալ: Սա դիրքորոշում է, որը մեզ համար կարևոր է:

Երրորդ մեսիջը վերաբերում էր տարածաշրջանային կոնֆլիկտներին: Եթե հիշում եք, ՆԱՏՕ-ն մինչև այս հայտնում էր դիրքորոշում, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ոչ բոլոր սկզբունքներն էին հնչում: Հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղարն ավելի շատ շեշտը դրեց այն բանի վրա, որ տվյալ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և հարցի լուծումը պետք է գտնվի բանակցային գործընթացի միջոցով: Այսինքն՝ այստեղ մենք ևս մի բան ենք տեսնում, որ ՆԱՏՕ-ն չի հնչեցրել այն դիրքորոշումները, որոնք ներկայացված են եղել նախկինում, այլ հայտնում է մոտեցում, որում, փաստորեն, շեշտադրում է այս բանակցային գործընթացի շարունակման և հարցի ռազմական լուծման բացառման վրա»,- ասաց քաղաքագետը:

Իսկ մեր հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Բաքվում Ռասմուսենի՝ Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայտարարությունը, որն, ըստ էության, չէր տարբերվում Երևանում  հնչած հայտարարությունից, Ա.Մարկարովը պատասխանեց.

«Մի բան է, երբ մտահոգություն է հայտնվում Հայաստանում Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ, բայց կարևոր է, որ նույն մտահոգությունն Ադրբեջանի վարած քաղաքականության մասին հայտնում են հենց Ադրբեջանում»:

 


Տեսանյութեր

Լրահոս