«Հայաստանում ծնողները հաճախ ամաչում են իրենց հիվանդ երեխաներից»

«Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աուտիզմի աճ է գրանցվում, մենք հետ չենք մնում, ուղղակի մենք չունենք ստույգ տվյալներ ամբողջ քանակի մասին, բայց 2007-ից մինչև 2011-ը ներառյալ՝ գրանցվել են 454  առաջնակի ախտորոշմամբ աուտիզմով հիվանդ երեխաներ»,- այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի հոգեբույժ Կարինե Լուլեջյանը:

Վերջինս աուտիզմով հիվանդների թվի աճը պայմանավորում է նաև նրանով, որ ախտորոշումն այսօր ավելի լավ է կատարվում. «Մենք բավական հմտացել ենք աուտիզմի դիագնոստիկայում, այժմ առաջնային օղակի բժիշկներն էլ են ծանոթ հիվանդությանը, նրանք արդեն կարողանում են փոքր տարիքից երեխային աուտիզմ կասկածել: Ծնողներն այժմ առավել տեղեկացված են հիվանդության մասին, և, երբ նշաններ են նկատում, տանում են մասնագետների մոտ»:

Ըստ հոգեբույժի`աուտիզմով տառապող երեխաների թվի աճը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ ամբողջ աշխարհին դեռևս հայտնի չէ հիվանդության առաջացման պատճառը. «Տեսությունները, կապված աուտիզմի առաջացման հետ, շատ են, բայց կա մի հստակ պատճառ. դա գեներն են, այն, որ աուտիզմը գենետիկ հիվանդություն է, դա արդեն հաստատված է: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով՝ այդ գեները սկսում են աշխատել. Դա մեր էկոլոգիան է,  էլեկտրամագնիսական դաշտերը, մի խոսքով, շատ-շատ պատճառներ են թվարկվում, բայց ոչ մեկը հաստատ չի»:  Կարինե Լուլեջյանը բացատրում է, որ աուտիզմի՝ գենետիկ հիվանդություն լինելը հաստատում է նաև այն, որ տղաները 5-7 անգամ հաճախ են հիվանդանում:

Կ. Լուլեջյանի խոսքերով՝ այս հիվանդության սկզբնական շրջանում երեխաների մոտ դրսևորվում են մի քանի ախտանիշներ, որոնք բավական դժվար է տարբերել.  «Հաճախ բժիշկներն էլ են բաց թողնում այդ ախտանիշները, բայց մեկուկես տարեկանից հետո, երկուսին մոտ արդեն (այս տարիքում է հիմնականում ախտորոշվում աուտիզմը) ծնողներն արդեն պետք է ուշադրություն դարձնեն, եթե  երեխան լավ չի շփվում հասակակիցների հետ, աչքերի մեջ չի նայում, շատ ժամանակ արհամարհում է, երբ իրեն կանչում են, տարիքին ոչ համապատասխան խաղեր է  խաղում, չունի իմիտացիա: Այդպիսի երեխաներն ամեն ինչ չեն ուտում, բարձր ձայներից, շատ մարդկանցով լի տեղերից են վատ զգում, ունեն ստերեոտիպ վարք՝ ուղիղ գծով վազք, ձեռքերը թափահարել, և այլն: Նրանք խոսք չունեն, ինչ-որ բան ցույց տալու համար հաճախ չեն օգտագործում ցուցամատը: Նրանք հաճախ ծնողներին չեն դիմում»: Կ. Լուլեջյանի հաղորդմամբ`աուտիզմով հիվանդ երեխաներն իրենց մասին խոսում են հիմնականում երկրորդ ու երրորդ դեմքով, բայց հարցն այն է, որ մինչև երեք տարեկանը, խոսքի զարգացման փուլերի հետ կապված, առողջ երեխաների մոտ ևս այս երևույթը կարող է նկատվել:

Կարինե Լուլեջյանի խոսքով` աուտիզմն այսօր հնարավոր չէ բուժել. կարելի է միայն թեթևացնել հիվանդների վիճակը: Հոգեբույժը մամուլում հաճախ է կարդացել հրապարակումներ այն մասին, որ աուտիզմով հիվանդ մարդիկ ծրագրավորման ոլորտում բավական մեծ հաջողությունների են հասնում: «Նման բան չկա: Իհարկե, կան աուտիկներ, որոնք ինչ-որ մի ոլորտում հաջողության են հասնում, բայց նրանք շատ փոքր մասն են կազմում: Աուտիկների մեծ մասը բավական դժվարանում է տարբեր ոլորտներում: Անգամ, երբ նրանք ինչ-որ բան գիտեն, չեն կարողանում դա կյանքում իրականացնել»: Հոգեբույժը պատմում է, որ իր հիվանդներից մեկը շատ լավ հիշողություն է ունեցել, կարող էր ասել`տվյալ օրը շաբաթվա ինչ օր էր եղել: Բայց այդ գիտելիքը նա կյանքում ոչ մի կերպ չէր կարողանում գործածել:

Կարինե Լուլեջյանի գնահատմամբ`Հայաստանում կան անհրաժեշտ մասնագետներ, որոնք կարող են օգնություն ցույց տալ այս երեխաներին. Հայաստանի 7 մարզերում արդեն կան վերականգնողական կենտրոններ:

Հոգեբույժն աուտիզմի բուժման գործում շատ է կարևորում ծնողների դերը: Վերջիններս իրենց հույսը չպիտի դնեն միայն մասնագետի վրա: Նրանք պետք է անընդհատ զբաղվեն այս երեխաներով:

Կ. Լուլեջյանը նկատում է, որ Հայաստանում միշտ եղել է այն երևույթը, երբ ծնողներն  ամաչում են իրենց հիվանդ երեխաներից և նրանց մասնագետի մոտ չեն տանում, սակայն, ըստ մասնագետի դիտարկումների, այսօր վիճակն այս առումով մի փոքր փոխվել է:

 

Տեսանյութեր

Լրահոս