Մոդելինգի ոլորտում ծանոթ-բարեկամ հասկացությունն է գործում (լուսանկարներ)

Հայաստանում մոդելային բիզնեսի ներկայիս վիճակի, ասպարեզի բացթողումների մասին 168.am-ը խոսեց «Ucan» մոդելային ստուդիայի տնօրեն Մանե Մխիթարյանի հետ: Ստուդիան զբաղվում է մոդելների պատրաստմամբ: Այս անգամ նրանք որոշել են ապագա հայ մոդելներին ընտրել փողոցից և կրթել` մեծ բեմերում նրանց ներկայացնելով:

– Այսօր կա՞ն ցուցադրություններ, որտեղ մասնակցում են հայազգի մոդելները:

– Վերջերս եղավ Արամ Նիկոլյանի հավաքածուի ցուցադրությունը, դրանից առաջ՝ մայիսին, նորաձևության շաբաթ եղավ: Այն մոդելները, որոնք որակ էին տալիս, դուրս են եկել: Այսօրվա մեր մոդելներն ինչ-ինչ ստուդիաների սաներ են: Երբ խոսում ես իրենց հետ, հասկանում ես, որ կա՛մ իրենք չեն սովորել, կա՛մ իրենց չեն սովորեցրել: Հաճախ հարցին, թե՝ որտե՞ղ ես սովորել, պատասխանում են՝ «տեսանյութերը նայել` սովորել եմ»: Պատկերացրեք` որքան ցածր է այսօր Հայաստանում պահանջարկն ու առաջարկը, որ միայն մարդու արտաքինը բավարար է մոդել դառնալու համար: Կարծում եմ` սա շատ ցավալի թեմա է:

– Հայաստանում այսօր մոդելային բիզնեսը որքանո՞վ է զարգացած:

Կարդացեք նաև

– Եթե համեմատենք Հայաստանում 10 տարի առաջ եղած վիճակի հետ, իհարկե, առաջընթաց կա: Բայց, ցավոք սրտի, շատ ցածր է մակարդակը: Եթե հետ նայենք` որոշակի աճ կտեսնենք, բայց ավելի լավ կլինի չհամեմատենք:

– Ինչո՞վ է պայմանավորված այդ անմխիթար վիճակը:

– Մենք այսօր չունենք լավ մոդելների և՛ առաջարկ, և՛ պահանջարկ:

– Միգուցե, եթե առաջարկ լինի, պահանջա՞ րկ էլ լինի:

– Այո, մեկը մյուսի հետ շաղկապված է: Երկուսն էլ թերանում են:

– Ո՞րն է պատճառը, միգուցե մոդելների ոչ ճիշտ ընտրությո՞ւնը:

– Հայաստանում ծանոթ-բարեկամ տարբերակն է գործում: Ցանկացած ասպարեզում այդ վիճակը կա: Ծանոթ-բարեկամ հասկացությունն է, որ հիմքն է մեր այսօրվա գիտական, մշակութային կամ մոդելային աշխարհների անմխիթար վիճակի:

– Որոշ ժամանակ առաջ ընտրվեց Հայաստանի «գեղեցկուհին», ով պետք է մեր երկիրը ներկայացներ արտերկրում, բայց այսօր ոչ մի քայլ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ, պատճառն իրո՞ք ֆինանսականն էր:

– Ես զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, միայն կասեմ՝ ծանոթ-բարեկամի` նույն վիճակն է:

– «Ucan» ստուդիոն մոդելինգի դպրոց է հիմնադրում: Կկարողանա՞ք մի բան այս ոլորտում փոխել:

– Մենք ուզում ենք հնարավորություն տալ յուրաքանչյուրին՝ գալ մոդելինգ, դեֆիլե սովորելու: Այդ իսկ պատճառով, որոշակի խմբերի համար մենք անվճար դասընթացներ ենք կազմակերպելու: Ապագա մոդելներին ընտրելու ենք ուղղակի փողոցից, երթուղային տաքսիներից… Հետաքրքիր և օրիգինալ կադրերով ենք համալրելու մեր դպրոցը: Մեր ստուդիայում սովորեցնում ենք ոչ միայն ճիշտ քայլել, քանի որ մոդել ասվածը միայն ճիշտ քայելը չէ, այլ ուսուցանում ենք մոդելինգի պատմական զարգացումը:

– Ի՞նչ արդյունք եք ակնկալում դպրոցից:

– Կարևորը՝ սիրով ենք անում և հույսեր ունենք:

– «Ucan»-ը համագործակցել է դիզայներ Գևորգ Շադոյանի հետ: Ինչո՞ւ հենց նրա:

– Գունային առումով հետաքրքիր մոտեցում ունի: Սիրում է ծիրանագույնն ու երկնագույնը: Հայ դիզայներ է, ով դրսում է բնակվում-աշխատում, ով հայկականի վրա առավել մեծ շեշտադրումներ է անում, քան տեղի մոդելավորողները: Համագործակցությունը սկսվել է մի քանի ամիս առաջ: «Ucan» ստուդիան հովանավորեց, և մեր սաների միջոցով Վրաստանում նորաձևության ցուցադրություն կազմակերպեցինք: Գևորգի երեկոյան զգեստները շատ գեղեցիկ էին, և երևի դրանց շնորհիվ էր, որ մեզ շատ բուռն ընդունեցին:

– Ինչո՞վ կբացատրես այն հանգամանքը, որ մեր արտիստների տեսահոլովակներում հաճախ նկարահանվում են արտասահմանյան մոդելները:

– Գուցե չեն գնահատում հայի գեղեցկությունը: Նույն տարբերակով՝ դրսում շատ բարձր են գնահատում հայ տղայի, հայ աղջկա արտաքին տվյալները, հմայքը, գեղեցկությունը: Երևի մենք չենք գնահատում մեր ունեցածը:

– Քանի՞ մոդել ունի հայաստանյան շուկան, ովքեր կկարողանան մրցակցել դրսի «շուկայի» հետ:

– Վախենամ` թիվ չկարողանամ ասել, քիչ են:

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի ունենանք լավ մոդելներ:

– Ուսուցանենք և ապահովենք մոդելի հետագան: Կան ստուդիաներ, որոնք ուսանում են, բայց դա աշխատանքի միայն կեսն է, պետք է մոդելին տանել առաջ, մեծ բեմերում ներկայացնել: Եթե միայն ստուդիայի անունն առաջ տանենք` մի կողմ թողնելով մոդելի փորձն ու սովորածը, այդ դեպքում չենք ստանա այն, ինչի կարիքն ունենք:

– Երիտասարդությունը որքանո՞վ է վստահում մոդելային ստուդիաներին:

– Մեր ստուդիայում համոզելու տարբերակը չի գործում: Տալիս ենք ուսուցման ծրագիրը, ասում ենք, թե ի՞նչ ենք աովորեցնելու և ի՞նչ ենք պահանջելու: Լինում են դեպքեր, երբ երիտասարդները լուրջ չեն վերաբերվում մոդելինգ ասվածին: 3 ամսում հագեցած ծրագիր է ուսուցանվում, տալիս ենք մաքսիմումը և պահանջում ենք այն, ինչ տվել ենք: Եթե մոդելը չկարողացավ իրեն դրսևորել, ուղղակի հրաժարվում ենք այդ մոդելից:

ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս