Պետականորեն խրախուսվող դավաճանություն

Հայաստանում քաղաքականությունը վաղուց վերածվել է բիզնեսի` դառնալով բիզնեսի ամենաեկամտաբեր տեսակներից մեկը: Իշխանության դեպքում ամեն ինչ ինքնին պարզ է. իշխանության ղեկին գտնվող ուժերի ու գործիչների համար իշխանությունը փողի, մեծ փողի աղբյուր է: Փոքր-ինչ այլ է իրավիճակն ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող ուժերի կամ գործիչների դեպքում:

Ընդդիմադիրների գործն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ընդդիմադիր լինելու ու միաժամանակ իշխանության հասնելու ճանապարհը (ոչ թե դասական` քաղաքական, այլ՝ կուլիսային) բավական բարդ է ու փշոտ, պահանջում է դերասանական մեծ վարպետություն: Սակայն առավել համառներն, ի վերջո, հասնում են հաջողության, հատկապես, եթե իշխանությունը չի դիմանում ընդդիմադիրներին իր շարքերը գրավելու գայթակղությանը:

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում մեկ տասնամյակից ավելի անկախ, բայց, որ ամենակարևորն է` ընդդիմադիր պատգամավորի համարում ուներ: Նույնիսկ նրա հանդեպ համակրանք չունեցողները խոստովանում են, որ հարյուրավոր օրինագծերի հեղինակ Դալլաքյանը մեծ ներդրում է ունեցել խորհրդարանական աշխատանքի, օրենսդրական բազայի կայացման գործում: Դալլաքյանը, բացի այդ, հայտնի էր նաև իր սուր հռետորաբանությամբ, որով անխնա քննադատում էր իշխանություններին, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Թե ինչ տեղի ունեցավ հետո` բոլորին է հայտնի:

Խորհրդարանական ընտրություններից որոշակի ժամանակ առաջ Դալլաքյանն անդամագրվեց ՀՀԿ-ին, մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց հայրենի Վանաձորում և պարտվեց: Չորս գումարումների ԱԺ պատգամավոր Դալլաքյանի համար կյանքն առանց խորհրդարանի, թերևս, կորցրել էր իմաստը: Սակայն, քանի որ իշխանությունը բարեհաճ է «դարձի եկած ընդդիմադիրների» նկատմամբ, Դալլաքյանին վերադարձրեց խորհրդարան (Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով  նա նշանակվել է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ): Ի դեպ, Դալլաքյանը չի հերքել, որ առաջիկայում կնշանակվի նաև նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնում:
Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան Վիկտոր Դալլաքյանի անձն է, որքան երևույթը, որը` որպես հանրային գործունեության տեսակ, հասարակության աչքում վարկաբեկում է առանց այդ էլ վարկաբեկված քաղաքականությունը: Ու դա ամբողջությամբ խրախուսվում է իշխանության կողմից, որն ընդդիմադիր քաղաքական գործիչներին «գնելով»` լուծում է ներքին մանր խնդիրներ, փորձում է ցույց տալ իր` «միակ ճիշտ լինելը»` այդպիսով նպաստելով, որպեսզի քաղաքականությունը նույնացվի անբարոյականության հետ: Այլապես դժվար է հասկանալ` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ներկայացուցչի պաշտոնում նշանակում անձի, ում վերջին ամենանշանակալից արարքը հրաժարումն է իր սկզբունքներից:

Վ. Դալլաքյանը, սակայն, այդ հարցում եզակի չէ: Նա ընդամենը լրացնում է «դավանափոխ» եղածների ու իշխանության կողմից խրախուսվածների շարքը, որն ամենևին չի սահմանափակվում Արտաշես Գեղամյանով ու Արթուր Բաղդասարյանով, ինչպես ընդունված է կարծել: Օրինակ, Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո՝ նախագահի մամլո խոսնակի ոչ պակաս բարձր պաշտոնում նշանակեց նախկին ՕԵԿ-ական, ապա հակաօեկական դարձած Սամվել Ֆարմանյանին, ով այդ ժամանակ արդեն հասցրել էր համալրել իշխանական երիտասարդների շարքերը, հետո էլ անդամագրվեց ՀՀԿ-ին ու դարձավ պատգամավոր: Կարող էր, չէ՞, Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակել ՀՀԿ-ական երիտասարդներից որևէ մեկին, սակայն՝ ոչ նրան, ով հանրությանը հայտնի է դարձել իր սկզբունքներին ու կուսակցությանը դավաճանելով: Սակայն իշխանությունն, ամենայն հավանականությամբ, առաջնորդվում է քաղաքականությունն իսպառ վարկաբեկելու, քաղաքականությունը` որպես հանրային կյանքի կազմակերպման ինստիտուտ, ոչնչացնելու սկզբունքով:
Նման օրինակներից մեկն էլ, ի դեպ, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջարկով ու ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բալասանյանն է: Վերջինս ևս հանրությանը, բացի սեփական արտադրության գարեջրից, հայտնի է նրանով, որ իշխանության ցուցումով դուրս եկավ նույն ՕԵԿ-ից և, որոշ ժամանակ «անկախ պատգամավոր» մնալուց հետո, անդամագրվեց ԲՀԿ-ին: Այսինքն` Սամվել Բալասանյանը ևս անսկզբունքայնություն ցուցաբերած, կուսակցությանը դավաճանած գործչի կերպար է: Իշխանությունը, սակայն, նրան նույնպես խրախուսում է` դարձնելով Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետ:

Իշխանական համակարգում այս երևույթն այնքան սովորական է դարձել, որ վերածվել է առաջընթացի յուրահատուկ նորմի. դավաճանում ես սզկբունքներիդ` ապահովում ես առաջխաղացումն իշխանական հիերարխիայում: Ու երբ Սամվել Բալասանյանը գյումրեցիներին ուղղված հայտարարության մեջ իրեն ներկայացնում է՝ որպես «կայացած քաղաքական գործիչ», ոչ թե գերագնահատում է իրեն կամ անհամեստություն է դրսևորում, այլ արձանագրում է Հայաստանի իշխանական համակարգում հաստատված այդ նորմը:

Հայաստանը, փաստորեն, երկիր է, որտեղ կայացած քաղաքական գործիչներ են համարվում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում դավաճանության տարբեր դրսևորումներով աչքի ընկած մարդիկ: Նրանք, սակայն, ծառայում են իշխանությանը ոչ թե իրենց զբաղեցրած պաշտոններով, այլ «քաղաքականության վարկաբեկման գործում» ունեցած ավանդով:

Վարկաբեկված քաղաքական դաշտ ունեցող երկրում շատ ավելի հեշտ է կառավարել: Եվ քաղաքականությունը դարձնել բիզնեսի այնպիսի տեսակ, որից կարելի է մաս հանել նաև երբեմնի ընդդիմադիրների համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս