Բաժիններ՝

«Արփա-Սևան» rulez

Խոշոր հարկատուների ցանկին ազգովի ծանոթանում ենք եռամսյակը կամ քառամսյակը մեկ։ Այնտեղ ծանոթ ու անծանոթ ընկերություններ են, վճարված հարկերի մանրամասն հաշվարկ, և այլն: Լրատվամիջոցներն էլ հայտնում են որոշ գործարարների բարեգործությունների մասին: Սակայն, հավանաբար, գիտակցության ավելի բարձր մակարդակ է պետք աննպատակ, հաճախ պարզապես գովազդային նկատառումներով կազմակերպվող բարեգործությունից զատ հենց սեփական բիզնեսին անհրաժեշտ, երկրի համար նորարարական ու նորամուծություն համարվող քայլ անելու համար:

Վերջերս «Արփա-Սևան» ընկերությունը հայտնեց, որ «լեռնային գործ» և «հիդրոտեխնիկական շինարարություն» մասնագիտություններն ընտրած մագիստրատուրայի ուսանողներին կրթաթոշակներ կտրամադրի։ Այս նախաձեռնությունը հայաստանյան իրականության համար լրիվ նորություն է մի քանի պատճառներով: Առաջին հերթին` հայտարարության տեքստը գրված էր այնքան գրագետ ու մանրամասն, որ կարդալիս մի պահ թվաց, թե նստած եմ եվրոպական բարձրակարգ բուհում ու ստանում եմ ու կարդում եմ տեղական կրթաթոշակի հայտարարություն: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ նախաձեռնությունն ինքնանպատակ չէ, քանի որ հայտարարությունը հնարավորինս տարածվել է համացանցով, այդ թվում` ԱՐՄԱԿԱԴ ցանցով, ու պարզապես չի մնացել «չորանալու» որևէ բուհի ռեկտորի կամ ամբիոնի վարիչի սեղանին, կամ պարզապես չի տրվել այդ ռեկտորի ու վարիչի ազգականին ու ծանոթին:

Կարելի է վստահ լինել, որ այս կրթաթոշակը տրվելու է առողջ մրցակցությունը հաղթահարած, արժանի ուսանողին, որովհետև մասնավոր սեկտորը (այս պարագայում` «Արփա-Սևանը») կրթաթոշակը տրամադրում է, որպեսզի ուսման ավարտից հետո աշխատանքի վերցնի թոշակակրին: Ընկերությունն ինքն իրեն չի խաբելու. անհնար է դառնում խնամի-բարեկամների ներգրավվածությունը, ռեկտորների բարեխոսությունները: Բիզնեսն իր համար աշխատող է փնտրում ու պատրաստ է վճարել նրա ուսման համար: Հիրավի` «Արփա-Սևան» rulez:

«Արփա-Սևանի» օրինակը դեռևս բացառություն է: Իսկ ինչ է կատարվում ոլորտում այսօր: Պետական պատվերով բոլոր պետական բուհերն են ուսանող ընդունում: Իսկ հետո պետությունը հիշո՞ւմ է նրանց մասին: Ինչո՞ւ են այդ կրթաթոշակներն անվանում «պետպատվեր», եթե պետությունն աշխատանքի չի ընդունում բուհերն իր ֆինանսավորմամբ ավարտած լավագույն ուսանողներին: Այս հարցերում պետությունը հստակ քաղաքականություն չի վարում, չի հրապարակում պահանջված մասնագիտությունների ցանկը, հետամուտ չի լինում, որպեսզի այդ մասնագիտությունները ձեռք բերած լավագույն շրջանավարտներն աշխատեն պետական համակարգում, որտեղ շարունակում են աշխատանքի ընդունել ծանոթ-բարեկամներին:

«Արփա-Սևանին» հաջողություն այս գործում ու բիզնեսին` բարգավաճում: Հույս կա, որ մնացյալ խոշոր հարկատուներն էլ հանդես կգան նմանատիպ նախաձեռնություններով ու մի երկու-երեք տարի հետո այլևս լաց չեն լինի, թե` մասնագետ չկա, որ իրենց մոտ աշխատի: Եթե չկա մասնագետ, ինքնե՛րդ պատրաստեք: Ցավալին նաև այն է, որ պետպատվերի վրա էլ ոչ ոք հույս չի դնում: Մի օր դա՛ էլ կփոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս