Բուժարար աղեխոտը
Բուսական աշխարհում ևս կան մոխրոտիկներ, աննկատ բույսեր, որոնց բուժիչ հատկությունները պարզապես անգնահատելի են։
Սա մեխակազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ծաղիկները շատ մանր են, բարձրությունն ընդամենը 5-10 սմ է, դեղնականաչավուն, թույլ ճյուղավորված։
Աճում է չոր, ավազոտ վայրերում, փռելով գետնի վրա իր գրեթե մերկ, տեղ-տեղ կարճ մազիկներով ծածկված ցողունները։ Տերևներն օվալ են, կիպ նստած ճյուղերի վրա, երբեմն թարթիչավոր։ Երկսեռ ծաղիկները հավաքված են տերևածոցերին կից գնդաձև ծաղկաբույլերով, մի փոքր ավելի դեղին երանգի, քան տերևները, ծաղկաթերթերը հինգն են։ Պտուղն ընկուզիկ է։ Ծաղկման շրջանը շատ երկար է` մայիսից հոկտեմբեր։
Հանդիպում է գրեթե ամենուր, առաջացնում է երբեմն ոչ մեծ մարգագետիններ քարքարոտ լանջերին, ճանապարհների եզրին։
Հարուստ է սապոնիններով, ավելի ճիշտ` պարունակում է մոտ 16 տոկոս գլյուկոզիդ հերնիարին։ Եթե խոտը տրորեք ջրի մեջ, ապա այս նյութը կառաջացնի փրփուր, որը մաքրում և փափկեցնում է ձեռքերի մաշկը։ Ստացված «օճառաջրով» կարելի է լվանալ կտորեղենը, մաքրել տնային կենդանիների մաշկածածկույթը։
Երբ կենդանիներն ուտում են բույսը, նրանց բերանից փրփուր է դուրս գալիս։ Մեր ծանոթներից մեկը կարծում էր, թե իրենց շունը հիվանդ է ընկնավորությամբ, սակայն անասնաբույժն ասաց, որ կենդանու մոտ որդեր կան, իսկ փրփուրը նրա «ինքնաբուժման» արդյունքն է։
Բույսն անվանվում է նաև ագռավի սապոն կամ փսխածաղիկ։
Ակնհայտ է, որ հայտնվելով օրգանիզմի ներսում, սապոնինը մաքրում է հոդերը, մկանային հյուսվածքները, ոսկորները, լուծում քարերը, հեշտացնում միզարտադրությունը։ Սակայն բույսը հրաշալի ձևով կարողանում է օգնել միջողնային ճողվածքի դեպքում։ Այդ մասին է վկայում բույսի գիտական անվանումը` Herniaria glabra (=ճողվածք և հարթ)։ Ռուսներն անվանում են «գրիժնիկ»։ Սակայն անվանումը չի բացահայտում` որ ճողվածքի մասին է խոսքը։
Եթե կտրված բույսը դնեք ջրի մեջ` այն կապրի և նույնիսկ նոր ճյուղեր կտա։ Չորացրածն ունի արտահայտված կումարինի հոտ, այդ վիճակում բույսը կորցնում է իր բուժիչ նյութերի զգալի մասը։
Բույսի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվել է Երևանի բուսաբանական այգում, պարունակում է ալկալոիդ պարոնիխին, ումբելիֆերոնի մեթիլային եթեր, եթերային յուղ, նաև ֆլավոններ, հատկապես` կվերցետին, օրգանական թթուներ, ասկորբինաթթու, ենթավիտամին A։
Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, կապող, վերքամոքիչ, հակամանրէ, հելմինտային, հակակարկամային հատկություն, կարգավորում է հանքային նյութերի փոխանակման գործընթացն օրգանիզմում։
Պատրաստուկները կիրառվում են ջրգողության, միզապարկի և երիկամների բորբոքման, հատկապես` երբ բարձր է սպիտակուցի պարունակությունը, սուսանակի (գոնորեա), այլ վեներական հիվանդությունների, չկարգավորվող միզարձակության, արթրիտի դեպքում։ Օգտակար է սրտային անբավարարությանը, վերին շնչուղիների բորբոքմանը։
Գիտական բժշկությունը լայնորեն օգտագործում է Չեխիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Իսրայելում, այլ երկրներում։
Բույսը հաճելի հոտի շնորհիվ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, գեղարարությունում։
Հակացուցված է հղիներին։ Չափաբաժինների խախտման դեպքում կարող է առաջացնել մկանների կծկում։ Թեև շատ հաճախ գրում են, որ բույսն անվտանգ է։ Կարևոր է իմանալ, որ կա նաև ամբողջովին խավապատ տեսակը` այն պարունակում է թունավոր նյութ։ Վերջինը նույնպես կարելի է օգտագործել, սակայն` պահպանելով չափաբաժինը։ Բույսը կարելի է մթերել ողջ ծաղկման շրջանում։ Կտրեք գետնից 2-3 սմ բարձրության վրա (փայտացած մասը թողեք), փռեք շորի վրա, հաճախակի շրջեք։ Պահեք կիպ փակվող տարայի մեջ։
Դեղատոմսեր
Միջողնային ճողվածք. 1 կգ ալյուրը լավ խառնեք 500 մլ տնական մածունի հետ, ավելացրեք 200 մլ հալեցրած (տաք) ներքին ճարպ, 150 գ կարճատև խաշված, թարմ, մանրացրած աղեխոտ, 12 թ/գ սկիպիդար։ Պետք է ստացվի համասեռ զանգված, որից հարկավոր է գրտնակել 10 սմ լայնությամբ խմորի երկարավուն շերտեր։
Խմորը տեղադրեք ողնաշարի ողջ երկայնքով, վրայից ծածկեք թրջոցների համար նախատեսված թղթով։ Կարևոր է, որ խմորը ամուր հպվի մեջքին։ Պահեք 2,5 ժամ, խուսափեք քամուց, 1-2 ժամից քնեք։ Կատարեք 2-3 օրը մեկ։ Խմորը հանելուց հետո մեջքը մաքրեք սրբիչով, մշակեք քսուքով։
Բուժումը` միայն բժշկի հսկողությամբ։ Զուգահեռաբար օգտակար է դիմել տզրուկաբուժության։
Հաճախակի կրկնվող կոտրվածք, ոլորում, մկանային հյուսվածքի վնասվածք. 2ճ/գ փոշիացրած խոտը 10 ժամ թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում։ Մինչև 14 տարեկան երեխաներին խմեցրեք 1-ական թ/գ` օրը 4-5 անգամ։ Մինչև 18 տարեկանների չափաբաժինը 1 դեսերտային գդալ է, մեծերինը` 1 ճ/գ։
Սուր հոդային, մկանային ոսկրային ցավեր. Խառնեք մանրացրած խոտը մեղրի հետ (1։1), քսեք ցավոտ մասին, ծածկեք թրջոցի համար նախատեսված թղթով, կապեք սավանով, տաք պահեք։
Երիկամաբորբ. Խառնեք 1-ական ճ/գ վաղենակի ծաղիկ և եռագույն մանուշակի խոտ, 2 թ/գ աղեխոտ, 1-ական թ/գ սև բարդու բողբոջ և ճնճղկապաշարի խոտ (Capsella)։ հումքի 1 ճ/գ-ն 60-90 րոպե թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում։ Քամեք։ Խմեք մեկական դեսերտային գդալ, օրը 3-4 անգամ` սնվելուց 20 րոպե առաջ և նախքան քնելը։ Շարունակեք 14-20 օր։
Տեղեկությունները բույսի ճշգրիտ դեղագիտական կիրառության վերաբերյալ, ընդհանուր առմամբ, մակերեսային բնույթ են կրում` կասկածից վեր է, որ այն մեծ ոլորտ է ընդգրկում։
Կոտրվածքն ապաքինող քարխոտը
Գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող, մինչև 1 մ բարձրության խոտաբույս է։ Երբեմն ունի թփի տեսք։ Արմատն իլիկաձև է, գորշ-սևագույն։ Կարճ կոճղարմատից առանձնանում է (մեկ, երբեմն` մի քանի) ներքևի մասում անկյունավոր, ճյուղավորվող ցողունը։ Կարող է կազմել մոտ 1 մ տրամագծով սաղարթ։ Ցողունն ուղղաձիգ է, վերևում` պատված կոշտ մազիկներով։ Տերևները կոթունավոր են, հերթադիր դասավորությամբ, գագաթայինները նստադիր են, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են, բաց վարդագույն կամ ոչ մաքուր ծիրանագույն, պարուրագծերով։
Մեղրատու բույս է (180-400 կգ մեղր` 1 հա-ից)։ Տարածված է Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, աճում է անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի ծանծաղուտներում։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է ցածրադիր և նախալեռնային գոտու չափավոր խոնավ շրջաններում։ Բուժիչ հատկությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից։
Արաբական խալիֆաթի մայրաքաղաք Բաղդադի հիվանդանոցներում կուտակված փորձն ի հայտ բերած Ավիցենայի (979-1037) «Բժշկական գիտության կանոնները» գրքում գրված է, որ քարխոտով բուժել են ռևմատիկ ցավերը, թոքախտը` նախնական փուլում, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցը, տարածված կարծրախտը (սկլերոզ), այրվածքը, ցրտահարությունը։ Ինչպես նշված է «Առողջություն» ամսագրում (թ. 2, 2012), Բաղդադի հիվանդանոցի առաջատար բժշկապետերը հայեր են եղել, ընդ որում, մի քանի հարյուրամյակ և գրեթե անընդմեջ։
Բույսի գիտական անվանումն է` Symphytum asperum, առաջին բառը թարգմանվում է «կպցնող»։ Հայերեն այլ անվանումներն են` ափնիք, զոտուկ, թորթ։ Գործնական գիտական բժշկությունում կիրառվում է 1912թ., երբ իռլանդացի բժիշկ Ս.Ջ. Մակ-Կալիստերը հրապարակել է իր զեկույցը ալլանտոինի մասին` նյութ, որը պարունակվում է քարխոտում։
Բաղադրությունը մանրամասնորեն հետազոտված է Երևանի բուսաբանական այգում։
Պարունակում է նյութեր, որոնք չափաբաժինների չարաշահման դեպքում առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի կաթված։
Բուժիչ նպատակներով աշնանը հավաքեք արմատները։ Մաքրեք վրայի հողը, լվացեք սառը հոսող ջրով, կտրատեք 15-20 սմ հատվածների։ Չորացրեք ջեռոցում 30-40C ջերմաստիճանի տակ։ Բուժիչ նյութերի պարունակությունն ավելի բարձր է մի քանի տարեկան բույսի արմատում։ Դրանց մակերեսը սև է։
Դեղատոմսեր
Ձեռքի կտրվածք. Կտրեք քարխոտի ճյուղը (արմատների, ծաղիկների հետ միասին), մուրճով ծեծելով մանրացրեք, ավելացրեք 1 գլուխ սոխի հյութ և եռացրած կաթ այնքան` մինչև ծածկի հումքը։ Խառնուրդը տեղադրեք կոտրվածքի վրա։
Քարխոտը վերականգնում է ուժերը վիրահատությունից հետո. 1 ճ/գ արմատների վրա լցրեք 200 մլ եփված տաք կաթ (հիշեք` քարխոտի արմատները չի կարելի եռացնել), թրմեք։ Խմեք օրվա ընթացքում։
Հաճախ կալցիումի պակասության հետևանքով ատամները փչանում են։ Ամենալավ «օգնականներն» են աճեցրած ցորենը, քարխոտը և հավի ձուն։
- Խառնեք մանրացրած (փոշիացրած) կեսական թ/գ աճեցրած ցորեն, քարխոտի արմատները և 1 թ/գ հավկիթի կճեպի փոշին։ Խմեք կեսական թ/գ` օրը 3 անգամ։
Ոգեթուրմ. 1 թ/գ արմատների վրա լցրեք 200 մլ օղի, թրմեք 3 շաբաթ, քամեք։ Օգտագործեք բուրսիտի դեպքում` արմունկի կամ ծնկի` հեղուկ հավաքված հատվածին քսեք քարխոտի ոգեթուրմ, վրայից տեղադրեք ջղախոտի տրորած տերև, ամրացրեք։ Շուտով հեղուկը անհետ կկորչի։
Ոսկրերի սերտաճելու համար` եփուկ. 1 ճ/գ մանրացրած հումքի վրա լցրեք 200 մլ ջուր, փակ կափարիչով 2 րոպե տաքացրեք կրակի վրա։
Օգտագործեք թրջոցների համար։
Քարխոտի կոճղարմատներն ունեն հակաբորբոքային, վերքամոքիչ հատկություն։
- Մանրացրած, փոշիացրած կոճղարմատը լցրեք զտած (1։1) յուղի մեջ։ Թրմեք 2 շաբաթ, մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Բուսայուղը պահեք սառնարանի մեջ։
Օգտագործման ձևը։
Դժվար ապաքինվող խոցեր. Յուղի մեջ ներծծված թանզիֆը տեղադրեք վերքի վրա, մինչ այդ լվացեք ջրածնի գերօքսիդով, վիրակապեք։ Կատարեք օրը 1-2 անգամ` մինչև վիճակի բարելավում։
Ոգեթուրմ. Արմատների վրա լցրեք (1։5) օղի, թրմեք 2 շաբաթ մութ, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 25-ական կաթիլ` օրվա մեջ 3 անգամ (50 մլ ջրի հետ)։
Միաժամանակ դրեք թրջոցներ. 2 ճ/գ մանրացրած չոր արմատների վրա լցրեք 200 մլ եփված տաք ջուր, թրմեք 10 ժամ ջերմապահի մեջ։
Խորհուրդ է տրվում ոսկրերի կոտրվածքների դեպքում, նաև գիպսակապը հանելուց հետո։
Խորհրդակցեք բուժող բժշկի հետ։