«Կապանում մշակույթը ոչ թե իր խոդով ա մեռնում, այլ` մեռցնում են»

Գյումրեցի դերասան Գրիշա Մարգարյանն արդեն մի քանի տարի բնակվում էր Կապանում և աշխատում էր տեղի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Թատրոնից դուրս գալուց հետո նա սկսել է զբաղվել տիկնիկային թատերարվեստով: Նրա ղեկավարած տիկնիկային թատրոնի, կամ, ինչպես հայտնի է` «տիկնիգո-միկնիգոնի» մասին շատերը գիտեն քաղաքում:

Տիկնիկային թատրոնը հիմնադրել է երկու տարի առաջ: Այն գործում է Կապանի թիվ 6 դպրոցի շենքում: «Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մարգարյանը:

Նրա փոխանցմամբ` Կապանում «մշակութային կյանքը մեռնում է», ինչը պայմանավորված է տեղացի չինովնիկների գործունեությամբ: «Կապանում մշակույթը ոչ թե իր խոդով ա մեռնում, այլ մեռցնում են: Մեզ տեղ չեն տալիս, որովհետև մեզնից օգուտ չունեն: Ի՞նչ օգուտ պիտի ունենան մեզնից: Մենք տեխնիկական մասով պակաս բան չունենք` բալգարկայից սկսած… (ժպտում է.- Մ.Մ.): Անտարբերությունը շատ է: Ահավոր անտարբեր են: Ամերիկայում մեր մասին լսել են, գիտեն, ու նույնիսկ Լոս Անջելեսից հրավեր ենք ստացել, «Գյուլբենկյան» հիմնադրամը մտածում է աջակցել մեզ, Արգենտինայի հայ թեմի առաջնորդն իր օրհնությունն է ուղարկել մեզ, բայց ինչո՞ւ հանկարծ մեզնով չեն հետաքրքրվում մարզային իշխանությունները: Ասում են` մարզպետարան, մշակույթ, որտեղ մեր հ/կ-ի գործունեության մասին խոսք անգամ չկա»,- նշեց Գ. Մարգարյանը:

Ըստ նրա` մարզպետարանի Մշակույթի բաժնի պետն իրենց անտեղյակությունը պայմանավորել էր այն հանգամանքով, թե Տիկնիկային թատրոնի մասին չեն լսել, տեղեկատվություն չունեն: «Իսկ հաջորդ օրը մեկ էլ տեսա` մեր հեռախոսահամարն էլ ունեին: Բա էդ մշակույթ են բացում, ու մեր մասին խոսք չկա՞: Դե, թող դուրս գան քաղաք ու տեսնեն, որ իրենց մասին խոսք չկա, այլ բոլորը խոսում են մեր մասին: Ինչի՞, ձեռնտու մշակույթ էլ կա՞»,- նկատեց Կապանի տիկնիկային թատրոնի տնօրենը:

Կարդացեք նաև

Չնայած մարզային իշխանությունների անտարբերությանը, ըստ նրա, իրենք ակտիվ գործունեություն են ծավալում` հյուրախաղերի հրավերներ են ստանում, հովանավորչության առաջարկներ, իսկ ամենակարևորը` թատրոնը սիրվում է տեղացի երեխաների կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս