Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
Սաֆարովի գործում Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին կարծիքը գնալով կարծես հաստատվում է: Համենայնդեպս, Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողություններով (լայն իմաստով` անգործությամբ) ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակում շատ որոշակի նպատակներ են հետապնդում:
Ընդամենն Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի մակարդակով ՌԴ ԱԳՆ-ի` կատարվածից երեք օր հետո հրապարակված հայտարարությունը ցույց տվեց, որ ռուսները որդեգրել են հնարավորինս չեզոքություն պահպանելու մարտավարություն: «Ռազմավարական գործընկերոջը», մեղմ ասած, ոչ հարիր ուշացումով արված այդ հերթապահ հայտարարությունը հնչեց ընդամենը սեփական դեմքը փրկելու և միջազգային քաղաքականության մյուս սուբյեկտներից հետ չմնալու համար: Մյուս կողմից` արդեն իսկ տեսանելի է, թե որն է այս իրավիճակի հանգուցալուծման` Ռուսաստանի համար ցանկալի ընթացքը, որը փոխկապակցվում է տարածաշրջանում ռուսական քաղաքականության մյուս նպատակների հետ:
Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ ցանկությունը, բնականաբար, արտահայտված չէ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Սակայն այդ հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց տեղեկություն հայտնվեց Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Մոսկվայում անցկացրած մի հանդիպման մասին: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը` վկայակոչելով Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Արա Աբրահամյանն այսօր հանդիպում է անցկացրել Մոսկվայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ:
Աբրահամյանը, մասնավորապես, 2 կարևոր պայման է նշել, որոնք այսուհետ պետք է հայ ժողովրդի ու հայոց պետության հիմքը լինեն` համախմբվածություն և աշխարհի ցանկացած անկյունում յուրաքանչյուր հայի անվտանգության ապահովում (կարծես մինչ այս դեպքը հայ ժողովրդի ու հայոց պետության հիմքը պառակտվածությունն ու յուրաքանչյուր հայի անվտանգության նկատմամբ անտարբերությունն էր): «Իսկ Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը»,- հավելել է նա:
Հաշվի առնելով Արա Աբրահամյանի և համայն հայության անունից հանդես եկող Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ամենևին զարմանալի չէ, որ նրանք կատարվածի վերաբերյալ ինչ-որ դիրքորոշում են հայտնում միայն Ռուսաստանի պաշտոնական արձագանքի հրապարակումից հետո: Արա Աբրահամյանն ու նրա ղեկավարած կառույցը բազմիցս առիթներ ունեցել են ապացուցելու, որ իրենց գործողությունները համաձայնեցնում են պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ:
Ի վերջո, Արա Աբրահամյանը պուտինյան Ռուսաստանի մեծահարուստներից մեկն է, և այլ բան, թերևս, պետք էլ չէր ակնկալել: Սակայն, եթե այդ իրողությանը նորմալ ենք վերաբերվում, ապա, մեղմ ասած՝ տարօրինակ, իրականում անթույլատրելի է նրա այն հայտարարությունը, որ «Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը»:
Սա, ըստ էության, միջամտություն է այլ երկրի ներքին գործերին, և այդ հայտարարության հեղինակի ազգային պատկանելությունն ամենևին նշանակություն չունի: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե համայն հայության, այլ ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվող պետություն է (ավելի ճիշտ` պետք է այդպիսին լինի) և անգամ «աշխարհի քաղաքացիություն» ունեցող Արա Աբրահամյանը չպետք է իրեն իրավունք վերապահի նման հայտարարություններ անել: Իրականում դրանք ընդամենը ձևականություններ են, որոնք հայ-ռուսական հարաբերություններում այնքան են ոտնահարվել, որ արդեն սովորական են դարձել: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արա Աբրահամյանի շուրթերով ռուսները հասկացնում են, թե ինչպես են իրենք ցանկանում ուղղորդել զարգացումները:
Ռուսաստանը, փաստորեն, ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը` դրանից բխող հետևանքներով, որոնց բազմիցս անդրադարձել ենք: Դրանցից ամենակարևորը Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանին ձեռնտու է ռազմական գործողությունների վերսկսումը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ՝ ի դեմս Հայաստանի` տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության ապահովման հարցում: Այս համատեքստում արժե հիշել անցած շաբաթ ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի` «Regnum»-ում հրապարակված հայտարարությունները` կապված սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների հետ:
Ալեքսանդրովն այդ զորավարժությունների երեք հնարավոր սցենարների թվում նշել էր «ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր էսկալացիայի դեպքում գործողությունների սցենարի մշակումը»: «Միանգամայն ակնհայտ է, որ, եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Լեռնային Ղարաբաղի համար, ապա ռազմական գործողությունները չեն կարող տեղայնացվել միայն Լեռնային Ղարաբաղի գոտում: Հայաստանն այդ դեպքում կհարվածի Ադրբեջանի տարածքի խորքերը, վերջինս կպատասխանի, իսկ դա իր հերթին` արդեն կմիացնի ՀԱՊԿ մեխանիզմը»,- ասել էր կրեմլյան փորձագետների թվին դասվող Մ. Ալեքսանդրովը: Այնպես որ, այս օրերին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման կոչերով հանդես եկող հայ քաղաքական գործիչներն ու փորձագետներն այս գործոնները պետք է առնվազն հաշվի առնեն, որպեսզի հայ ժողովրդի համար համազգային նշանակություն ունեցող հարցը հերթական անգամ չծառայեցվի ռուսական քաղաքականությանը: