Բաժիններ՝

Ի՞նչ է կորցնում Հայաստանը

Երեկ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հայ-հունգարական հարաբերությունների թեմային զուգահեռ՝ քննարկվում էր նաև հարցի տնտեսական կողմը՝ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը բացասական ազդեցություն կունենա՞ Հայաստանի համար։

Կարծիքները կարող են տարբեր լինել։ Սակայն վիճակագրությունն ու փորձը ցույց են տալիս, որ կոնկրետ այս պարագայում նման բացասական ազդեցություն դժվար թե լինի։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ կոնկրետ Հայաստանը տնտեսապես ոչինչ չի կորցնում։

Նախ, Հունգարիան երբեք աչքի չի ընկել Հայաստանում իր ներդրումային ակտիվությամբ։ Նախորդ տարվա ընթացքում ներդրումներ ընդհանրապես չեն արվել։ Իսկ 2010 թվականի ընթացքում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 11.3 հազար դոլար։

Հունգարիայի դեպքում ավելի կարևոր են առևտրատնտեսական հարաբերությունները։ Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, Հունգարիայի հետ երկկողմ առևտուրը 2011 թվականին կազմել է 25.1 միլիոն դոլար։ Սակայն այդ 25.1 միլիոն դոլարից 24.6 միլիոնը բաժին է ընկնում Հունգարիայից ներմուծմանը։ Այս երկրից ներմուծում ենք հիմնականում դեղամիջոցներ (4.6 միլիոն), ցորեն և մեսլին (3.5 միլիոն), հեռախոսային ապարատներ (3.1 միլիոն), գրասենյակային սարքավորումներ, հաղորդալար, կաբել, և այլն։ Իսկ Հայաստանից Հունգարիա արտահանումը 2011-ին այնքան չնչին է եղել, որ անգամ  իմաստ չունի այն ըստ ապրանքատեսակների ներկայացնելը՝ ընդամենը 486 հազար դոլար։ Այնպես որ, եթե դիվանագիտական հարաբերությունների սառեցումն անգամ ազդի երկկողմ առևտրի վրա, ապա այն ավելի շատ վնասում է Հունգարիային, որը 25 միլիոն դոլարանոց շուկա է կորցնում։ Իսկ Հայաստանի կորցրածը կլինի այդ 25 միլիոնից բյուջե գանձվող հարկերը՝ 5-6 միլիոն դոլար։ Որը, սակայն, կլրացվի այլ երկրներից ներմուծման հաշվին, քանի որ շուկայական հարաբերություններում բաց տեղեր չեն մնում. Պահանջարկի դեպքում նույն ապրանքները կներմուծվեն այլ երկրներից։

Երկրորդ, ամենևին պարտադիր չի, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը կամ դրանց բացակայությունն ազդի առևտրատնտեսական կապերի վրա։ Գործարար աշխարհում ամենակարևորը շահերն են։ Այնպես որ, եթե պահանջարկը կա, ապա գործարարներին ոչինչ չի խանգարում շարունակել իրենց համագործակցությունը։ Ի վերջո, դիվանագիտական հարաբերությունների խզումը չի նշանակում՝ տնտեսական պատժամիջոցների կիրառում։ Ասվածի ամենավառ օրինակը Թուրքիան է։ Այս երկրի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն նույն՝ 2011 թվականին Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրաշրջանառության ծավալները գերազանցել են 240 միլիոն դոլարը։ Ընդ որում, այդ ծավալներն անընդհատ աճման միտում ունեն։

Եվ վերջապես, չոր հաշվարկներից բացի, այս ամբողջ պատմությունն ունի նաև մեկ այլ՝ անուղղակի ազդեցություն։ Այսպես ասած, երկրի բրենդի ազդեցությունը։ Համաշխարհային գրեթե բոլոր լրատվամիջոցները հասցրել են անդրադառնալ այս թեմային՝ հիշատակելով Հայաստանի անունը։ Ընդ որում, սա այն եզակի դեպքերից է, երբ մեր երկրի անունը հիշատակվում է բացառապես դրական համատեքստում ՝ ի տարբերություն Հունգարիայի և Ադրբեջանի։ Այսինքն, դա նպաստում է, որպեսզի Հայաստանի անունը ասոցիացվի արդարության և ժողովրդավարության առաջամարտիկի հետ։ Դա էլ իր հերթին՝ որոշակի ազդեցություն է ունենում սպառողի հոգեբանության վրա։ Նույն արտասահմանցին, տեսնելով «Made in Armenia» գրությունը, այժմ ավելի դրական վերաբերմունք է ցուցաբերում։ Այս երևույթն, իհարկե, չափելի չէ, սակայն դրա դերը թերագնահատել չի կարելի. ի վերջո, իզուր չեն խոշոր ընկերություններն ու անգամ երկրները միլիոնավոր դոլարներ շահում՝ սպառողների մոտ դրական կերպար ձևավորելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս