Վտանգավոր զգացմունքայնություն

Հայաստանի ներքին կյանքում աստիճանաբար թափ է հավաքում ղարաբաղյան բանակցությունները դադարեցնելու և Ադրբեջանի հետ պատերազմ սկսելու գաղափարը: Այդ մասին խոսում են մամուլի տարբեր միջոցներ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ: Տարբեր ձևակերպումներով ու շեշտադրումներով, իրականում, բոլորը նույն բանն են ասում` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց ու նրան հերոսացնելուց հետո՝ այդ երկրի հետ մենք բանակցելու ոչինչ չունենք, պետք է դադարեցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները և պատրաստ լինենք Ադրբեջանի հետ պատերազմին:

Անգամ սովորաբար մյուս քաղաքագետներից տարբերվող կարծիքներ հայտնող Ռիչարդ Կիրակոսյանն է այսօր հայտարարել, որ իր կարծիքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի ԼՂ բանակցային գործընթացն Ադրբեջանի հետ: «Հայաստանը պետք է դադարեցնի բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ, որից հետո ես չեմ բացառում նաև ստատուս-քվոյի վերանայումը և ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասել է քաղաքագետը` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրաստակամություն հայտնելով մասնակցել դրանց։ Այս տեսակետը, ինչպես նշեցինք, եզակի չէ, ավելին` կարելի է ասել, տիրապետող է վերջին օրերի Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների բազմաթիվ շերտերում:

Զգացմունքային տեսանկյունից պատերազմ սկսելու և Ադրբեջանին արժանի հակահարված հասցնելու գաղափարն, իհարկե, այսօր հոգեհարազատ է ցանկացած հայ մարդու համար: Սակայն նման հարցերում զգացմունքներին տրվելը (եթե, իհարկե, այդպիսի տեսակետներ հայտնողներն առաջնորդվում են միայն զգացմունքներով) նշանակում է՝ ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին: Խնդիրը միայն այն չէ` արդյո՞ք մենք պատերազմը վերսկսելու ներքին նյութական ու հոգեբանական անհրաժեշտ ռեսուրսներն ունենք, թե՞ ոչ:

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում տասնյակ, հարյուրավոր գնահատականներ հնչեցին այն մասին, որ այդպիսով հերթական անգամ բացահայտվեց Ադրբեջանի  իրական դեմքը, որը ոչ միայն հեռու է ժամանակակից պետություն լինելուց, այլև խրախուսում է մարդասպանին: Այս միտքն էր, ըստ էության, ընկած անգամ այն դիվանագիտական ձևակերպումների տակ, որոնցով Ադրբեջանից բացատրություններ են պահանջվում: Այսինքն` ընդամենը մեկ-երկու օրվա մեջ միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի հեղինակությունը կտրուկ անկում ապրեց, ինչն, անշուշտ, չի կարող չազդել այդ երկրի նկատմամբ նույն միջազգային հանրության,  այդ թվում՝  ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող տերությունների վերաբերմունքի վրա: Այսինքն` կատարվածը հայկական դիվանագիտությունը կարող է օգտագործել բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանի հակաժողովրդավարական, հակամարդկային կերպարը բացահայտելու համար:

Այդ իմաստով ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը ոչ թե պետք է բոյկոտել, այլ ճիշտ հակառակը` անհրաժեշտ է ամեն ինչ անել Սաֆարովի գործն ու դրա հետևանքները հենց այդ հարթակում քննարկելու, դա ղարաբաղյան բանակցությունների կարևոր բաղադրիչ դարձնելու համար: Ի վերջո, ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը կայացած, ժողովրդավարական պետություն է, և խոսք անգամ չի կարող լինել նույնիսկ ինքնավարության բարձր աստիճանով մեկ այլ հակաժողովրդավարական, բռնապետական պետության կազմում գտնվելու մասին: Սաֆարովի գործը պետք է ծառայեցնել հենց այդ միտքն ավելի ամրապնդելու համար: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները դադարեցնելու, առավել ևս` պատերազմը վերսկսելու մասին կոչերն, ըստ էության, զրոյի են հավասարեցնում այդ հնարավորությունը:

Այսինքն` մեր ժողովրդավարական հաղթաթուղթն օգտագործելու փոխարեն՝  ինքներս դառնում ենք ավելի ոչ ժողովրդավար, քանի որ պատերազմը վերսկսելու կոչերը հենց այդ կերպ են ընկալվելու միջազգային հանրության կողմից: Առավել ևս, որ վերջին տարիներին, դժբախտաբար, տարբեր միջազգային կառույցների զեկույցներում հաճախակիացել են Հայաստանին որպես «ագրեսոր» որակող ձևակերպումները:

Իհարկե, պատերազմի վերսկսման, դրան պատրաստ լինելու հրապարակային կոչերը կարևոր են և՛ Ադրբեջանին, և՛ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ է պաշտպանել սեփական արժանապատվությունը: Սակայն դրանք պետք է «մարտավարական նպատակներից» այն կողմ չանցնեն, քանի որ հայկական կողմից պատերազմի վերսկսման մասին հայտարարությունների շարունակությունը կարող է ստվերել այն հնարավոր օգուտները, որոնք առաջացել են Սաֆարովի գործի արդյունքում:
Հենց համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին կոչերը:

Ժամանակ առ ժամանակ մեր քաղաքական ուժերից ոմանք, վերջին տարիներին` հատկապես «Ժառանգությունը», նման նախաձեռնություններով մի քանի անգամ հանդես եկել են: Եվ դա այն եզակի հարցերից է, որի առնչությամբ իշխանությունը կարողացել է զերծ մնալ այդ հարցում վտանգավոր պոպուլիզմից և պրագմատիկ հիմնավորումներ է ներկայացրել Արցախի անկախության ֆորմալ ճանաչման ժամանակավրեպ լինելը հիմնավորելու համար: Նույն պրագմատիզմը պետք է ընկած լինի նաև Հայաստանի այսօրվա գործողությունների հիմքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս