Մի քանի սրվակ «կետչուպ»` Ռուսաստանի ուղղությամբ
Ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո Հայաստանում հնչած ու դեռ շարունակվող գնահատականներից հիմնականը վերաբերում էր ՀՀ իշխանությունների ադեկվատությանը, տվյալ դեպքում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում համարժեք գործելու կարողությանը: Իշխանությունն` արագ գործի անցնելով՝ իր արձագանքներով փորձեց լուծել ոչ միայն Սաֆարովի արտահանձնման խնդրի միջազգային մասը, այլև սեփական անհամարժեքության գնահատականները «ջրելու» հարցը: Սակայն, որքան այդ փորձերն ավելի լայն թափ են ստանում` ընդգրկելով իշխանական փորձագետների ու քաղաքագետների նորանոր շերտեր, այնքան Հայաստանի իշխանության անհամարժեքությունն ավելի շատ է արտահայտվում: Թե՛ երկրի ներսում, թե՛, առավել ևս, արտաքին հարաբերություններում:
Խոսքը, մասնավորապես և առաջին հերթին, վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք Սաֆարովի գործի լույսի ներքո կարծես միանգամայն այլ բովանդակություն են ստանում: Սաֆարովի արտահանձնման գործում Վլադիմիր Պուտինի ադրբեջանցի համակուրսեցու ունեցած ներդրումը, ՀՀ նախագահի բավական կոշտ ուղերձը՝ մասնավորապես Արևմուտքին, և ամենակարևորը` Ռուսաստանի կողմից որևէ արձագանքի բացակայությունը ցույց են տալիս, որ այդ երկիրը ներգրավված է հերթական հակահայկական գործողության մեջ: Սաֆարովն Ադրբեջանին վերադարձվել է ուրբաթ օրը, նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, այդ թվում` Ռուսաստանի դեսպանի մասնակցությամբ: Դրանից անցել է արդեն չորս օր: Այդ ընթացքում համապատասխան հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, տասնյակ միջազգային հասարակական կազմակերպություններ, գրեթե բոլորը` բացառությամբ Ռուսաստանի կամ ռուսական որևէ կառույցի: Ստեղծված իրավիճակում գույները խտացել են այնքան, որ Հունգարիան ու Ադրբեջանը հայտնվել են բարիկադների մի կողմում, վերջիններիս դատապարտող Հայաստանն ու միջազգային հանրությունը՝ մյուս: Փաստորեն, Ռուսաստանն իր լռությամբ հաստատում է, որ բարիկադների նույն կողմում է գտնվում Ադրբեջանի և Հունգարիայի հետ: Այս պայմաններում Հայաստանը գոնե որևէ կերպ պետք է վերաբերմունք ցույց տար Ռուսաստանին: Եթե ոչ՝ պաշտոնական մակարդակով, ապա գոնե այն նույն փորձագետների շուրթերով, որոնք այս օրերին լծված են «հայկական դիվանագիտության ձեռքբերումների» փառաբանման գործին: Կարող էր, չէ՞, այդ փորձագետներից որևէ մեկը գոնե որպես կարծիք՝ ասել, որ ստեղծված պայմաններում ճիշտ կլիներ վերանայել Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերության» բնույթը: Սակայն մեր իշխանությունները ոչ միայն գոնե հանրային մակարդակում նման բան թույլ տալ չեն կարող, այլև իրենք են լծվել Ռուսաստանին արդարացնելու ու պաշտպանելու գործին: Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի` նախօրեին արած հայտարարությունները հերթական վիրավորանքն են Հայաստանի` վերջին օրերին առանց այն էլ ոտնահարված ինքնասիրությանը: Եսայանը, ոչ ավել, ոչ պակաս, ասուլիս է հրավիրել՝ հայտարարելու համար, որ, իր կարծիքով՝ ռուսական իշխանությունների լռությունը պայմանավորված է նրանով, որ նշվում է Քաղաքի տոնը: «Հարկավոր է հաշվի առնել, որ իրադարձությունները ծավալվել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշվում է Քաղաքի տոնը, ինչպես նաև՝ 1812-ի Հայրենական պատերազմում հաղթանակի տոնակատարությունը: Կարծում եմ՝ լռությունն առայժմ միայն դրա հետ է կապված: Սակայն երկուշաբթի օրը ես հանդիպում եմ ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, և, ենթադրում եմ, արձագանք կտեսնենք», – հայտարարել է Օլեգ Եսայանը: Մտածել, որ նա այս հայտարարություններն արել է՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու, միամտություն կլինի: Հետևաբար, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշել է, անկախ ամեն ինչից, ոչ միայն չվիրավորել ռուսական իշխանություններին, այլ հնարավորության սահմաններում՝ նաև սիրաշահել նրանց: Առջևում նախագահական ընտրություններ են: Սաֆարովի գործի աղմուկը կմարի, իսկ ռուսներին նեղացնելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ընտրություններում:
Ի դեպ, հետաքրքիր է, որ երեք օր շարունակ Հունգարիայի նկատմամբ արդարացի վրդովմունք արտահայտող մեր երիտասարդական, ազգային-հայրենասիրական կազմակերպություններից որևէ մեկի մտքով չանցավ բողոքի որևէ գործողություն կազմակերպել նաև Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքի առջև: Եթե Հունգարիայի հյուպատոսարանի ուղղությամբ նետում էին տասնյակ-հարյուրավոր կիլոգրամ լոլիկ, ապա ՌԴ դեսպանատան շենքին կարելի էր գոնե մի քանի սրվակ «կետչուպ պզզացնել»: Սակայն դա ուղղորդվող հայրենասիրության տրամաբանության մեջ չի տեղավորվում: Գուցե առայժմ: