«Սիրիայում հատուկ տրամադրվածություն չկա հայերի նկատմամբ` ո՛չ ապստամբների, ո՛չ իշխանությունների կողմից»

Սիրիայում տիրող իրավիճակի մասին 168.am-ը զրուցել է Հալեպի բնակիչ, մասնագիտությամբ բանասեր Թամար Օհանյանի հետ, ով Հայաստան է եկել երկու ամիս առաջ:

– Հայաստան էի եկել այցելության` որպես ամառային արձակուրդ, բայց քանի որ Սիրիայում իրավիճակը վատացավ, ծնողներս նույնպես եկան Հայաստան: Հիմա դեռ այստեղ ենք, բայց` Սիրիա գնալու հույսով:

– Ձեր տեղեկություններով` ինչպիսի՞ն է իրավիճակը Սիրիայում այսօր:

– Լարված վիճակ է: Մինչ հիմա էլ նույն վիճակն է քաղաքի ծայրամասերում կամ հեռու շրջաններում, բայց ապստամբների կողմից հարձակումները լինում են քաղաքի կենտրոնում, քանի որ պետական հիմնական կառույցները լինում են քաղաքի կենտրոնում: Սակայն մինչ հիմա հայերի կամ քրիստոնյաների նկատմամբ որևէ վատ տրամադրություն չկա: Սիրիայում շարունակվում է պատերազմական իրավիճակը, վառելանյութի պակաս է առաջանում, բացի այդ, խանութներում նկատվում է սննդամթերքի պակաս, բայց պետությունն ամեն կերպ փորձում է լուծել սննդի հարցը. նույնիսկ կային աղքատ շրջաններ, որտեղ պետությունը հացն անվճար բաժանում էր, այսինքն` ինչքան կարողանում՝ հասնում են ժողովրդին: Իհարկե, խանութները քիչ-քիչ դատարկվում են, որովհետև դրսից ապրանք չի հասնում:

Կարդացեք նաև

– Իսկ ռմբակոծությունների հետևանքով տուժե՞լ են հայկական տներ կամ հայերին պատկանող խանութներ:

– Մեծ վնասը կրում են մուսուլմանները, որովհետև ռմբակոծումները շատ քիչ են հայաշատ թաղամասերում: Միայն վերջերս էր, որ ռմբակոծումից վնասվեցին հայերը, ինչի մասին բոլորն իմացան, և մամուլն էլ անդրադարձավ: Նորից եմ ուզում շեշտել, որ հայերի նկատմամբ հատուկ տրամադրվածություն չկա` ո՛չ ապստամբների, ո՛չ իշխանությունների կողմից: Երբ դեռևս իրավիճակն այսքան սրված չէր, նույնիսկ դեպք է եղել. հայերը որսի գնալիս հանդիպել են ընդդիմադիրներին, ովքեր ստուգելով փաստաթղթերը և տեսնելով, որ հայեր են, ասել են, որ իրենք խնդիր չունեն հայերի հետ:

– Իսկ ինքներդ ականատես եղե՞լ եք ռմբակոծումների:

– Ձայներով ականատես եղել եմ, իսկ հարձակման մի անգամ եմ ականատես եղել` փետրվարին: Մենք տներից դուրս չենք գալիս, և պետությունն էլ բարձրախոսներով զգուշացնում է, որ ավելի լավ է՝ դուրս չգալ տներից: Իսկ ապստամբները, որոնք համարվում են ընդդիմադիրներ, ես, ավելի ճիշտ, կանվանեի՝ վարձված մարդասպաններ: Ապստամբները մեծամասամբ օտարերկրացիներ են` Աֆղանստանից, Թունիսից, Լիբիայից, իսկ նրանց մարզողները նույնիսկ եվրոպացիներ են:

– Իսկ որպես Սիրիայի բնակիչ` ի՞նչ եք կարծում` ի՞նչն է Սիրիայում տեղի ունեցող պատերազմի պատճառը: Արդյո՞ք արաբական աշխարհում սկսված հեղափոխությունների ալիքը:

– Իրենք սկսեցին գալ այդ ալիքով, բայց ուղղակի իրենց չթվաց, թե Սիրիան կարող է այսքան ընդդիմանալ, որ ժողովուրդը կարող է կանգնել պետության կողքին: Իրենք չէին պատկերացնում, որ Սիրիան կարող է այսքան ընդդիմանալ:

– «Իրենք» ասելով` ո՞ւմ նկատի ունեք:

– ԱՄՆ-ը և Թուրքիան: Հատկապես Թուրքիան շատ է խառնվում սիրիական հարցին: Նրանք ուզում են Սիրիային թուլացնել և իշխել: Թուրքիան իր «փառքի» օրերն է հիշում Օսմանյան պետության ժամանակ, իսկ ԱՄՆ-ին էլ անհրաժեշտ է սիրիական նավթը: Ինչ կատարվում է Սիրիայում, իրենք ներկայացնում են, թե պետությունն է անում: Իսկ պետության դիմադրողականությունը բարձր է, քանի որ ժողովուրդը գտնվում է իր կողքին: Օրինակ, Եգիպտոսում ժողովրդի առավելագույնը 10 տոկոսն էր, որ կանգնած էր իշխանության կողքին, իսկ Սիրիայի դեպքում` հակառակն է: Ապստամբներին մեծ օժանդակություն է գալիս դրսից` ԱՄՆ-ից, Իսրայելից, Պարսից Ծոցի երկրներից, իսկ Ծոցի երկրները թուլացած երկրներ են և գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ: Այդ երկրներն ուզում են նույն կերպ վարվել նաև Սիրիայի հետ:

– Այս օրերին խոսում են նաև Ադրբեջանի` սիրիական ապստամբներին զինամթերք մատակարարելու մասին:

– Ադրբեջանը նոր է սկսել զենք մատակարարել: Ընդհանրապես, սիրիական դեպքերի մասին մամուլը բավական շատ է սխալ հրապարակումներ գրում: Թուրքիան, Սիրիան հետևում են բոլոր հրապարակումներին: Լավ կլիներ, որ տեղեկատվությունը, որ գրվում է սիրիական դեպքերի մասին, հավաստի լինի:

 

Տեսանյութեր

Լրահոս