«Արտոնյալներն, այսպես թե այնպես, ցույց չեն տալու իրական ծավալները»
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Եկամտային հարկի մասին» օրենքի վերաբերյալ` տնտեսագետ Հայկ Բալանյանը մյուսներից տարբերվող տեսակետ ունի. օրենքի կիրառումից գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը` շահում են:
«Դեռևս այդ օրենքն ուժի մեջ չի մտել, կա օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, և դեռևս քննարկումների փուլում է գտնվում այդ ամենը, սակայն, որպես այդպիսին, օրենքում նմանատիպ փոփոխությունը նպատակաուղղված է հիմնականում ձեռնարկություններին խրախուսելու համար, որպեսզի նրանք օրինական գրանցեն իրենց աշխատակիցների անվանական աշխատավարձերի իրական ծավալները»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Հ. Բալանյանը:
Ըստ փորձագետի, օրենքի կիրառման պարագայում գործատուները շահում են, քանզի, եթե առաջ շահութահարկը կազմում էր 20%, ապա այժմ ըստ նախագծի սահմանելով 26%` կազմակերպությունը չվճարված շահութահարկի տեսքով ավելի շատ գումար է խնայելու` իրական աշխատավարձերը ստվերից հանելով: Այս պարագայում կազմակերպությանը ձեռնտու է աշխատակիցներին բարձր աշխատավարձ վճարել: «Այս օրենքներին հարկավոր է նայել ամբողջական տեսքով: Մասնակի դիտարկմամբ շատ բաներ անհասկանալի կլինեն: Սակայն մի բան կարելի է հստակ ասել` օրենքում նմանատիպ փոփոխության հիմնական նպատակը, հիմնականում շահութահարկ վճարող` խոշոր ձեռնարկություններին և եկամուտը չթաքցնող ընկերություններին է վերաբերում, իրական աշխատավարձերը ստվերից դուրս բերելու նպատակով:
Պարզ ասած, ձեռնարկությունների համար տարբերություններ չկան: Ի՞նչ տարբերություն` շահութահա՞րկ է վճարվում, թե՞ եկամտային հարկ, նույնիսկ եկամտային հարկի գումարն ավելի քիչ կլինի, քան շահութահարկը»,- ասաց Հ. Բալանյանը:
Ըստ նրա, այլ հարց է արտոնյալ պայմաններով աշխատող ձեռնարկությունների կարգավիճակը, որոնք, այսպես թե այնպես, ցույց չեն տալու իրենց իրական եկամուտների ծավալները, բայց դա ոչ թե հարկային, այլ քաղաքական խնդիր է: «Գործող համակարգում օրենքում կատարված փոփոխությունը լավ միջոց է օրինականացնելու աշխատավարձերի ոլորտը, սակայն ներկայիս գործող համակարգում այդ ամենը բավարար չէ: Խնդիրն այն է, որ գործող համակարգը չի համապատասխանում սոցիալական պետության պահանջներին: Ինքը` սկզբունքը, լավը չէ: Իրական բարեփոխումը կլիներ այն, որ եկամտահարկի սանդղակը փոխեին:
Այսինքն` եթե ընտանիքում աշխատավարձ ստացողը մի հոգի է, բնականաբար, նրա հարկման սանդղակն այլ պետք է լիներ` հաշվի առնելով նվազեցումները` կախված խնամառուների քանակից, սոցիալական վիճակից, և այլն: Չի կարող հարուստ ձեռնարկատերն էլ, սովորական 150.000 դրամ աշխատավարձ ստացողն էլ միևնույն հարկման սանդղակի տակ լինել»:
Փորձագետը նաև անդրադարձավ վերջին ժամանակներում տարածվող այն խոսակցություններին, որ ներկայիս տնտեսական պայմաններում, հնարավոր է, տեղի ունենա սննդամթերքի գնաճ:
Ըստ Բալանյանի, գնաճի վերաբերյալ տեղեկությունների հիմնական տարածողներն իշխանական համակարգի մաս կազմող «ընդդիմության» ներկայացուցիչներն են, քանի որ «միայն ներկա իշխանությունների մաս կազմող ուժերի ֆինանսական ռեսուրսներն են թույլ տալիս նմանատիպ փորձարկումներ և շշուկներ տարածել»:
Նշենք, որ գնաճ կանխատեսողները որպես պատճառ բերում են նաև դոլարի փոխարժեքը, որի աճը կարող է էապես բարձրացնել հատկապես ներմուծվող ապրանքների գները: Սակայն, ըստ Հ. Բալանյանի, փոխարժեքը նույնպես վերահսկվում է իշխանությունների կողմից։ «Մեր երկրի տնտեսությունն այդքան մեծ չէ, որպեսզի չկարողանան վերահսկել: Ամբողջ ֆինանսական ռեսուրսներն իշխանավորների ձեռքում են, իրենք են կարգավորում ֆինանսական շուկան` ըստ իրենց նպատակների»:
Խոսելով տնտեսական աճի մասին, փորձագետը նշեց, որ Հայաստանում տնտեսության զարգացման մասին խոսելն ավելորդ է, քանզի, եթե դիտարկենք Հայաստանից արտագաղթողների թվաքանակը, պարզ է դառնում, որ տնտեսություն զարգացնողներն անգամ լքում են Հայաստանը: «Տարեկան մոտ 50.000 մարդ է լքում Հայաստանը (իրականում այդ թվերը դեռ պարզ չեն, տարբեր թվեր են ասվում), իսկ այդ ծավալն ահռելի է մեզ համար։ Նման արագությամբ արտագաղթը բերելու է լրջագույն խնդիրների, այդ թվում և` տնտեսական: Հայաստանում հարկավոր են կտրուկ, արագ համակարգային փոփոխություններ, որպեսզի իրականում տեղի ունենա տնտեսության զարգացում»,- ասաց Հ. Բալանյանը: