Բաժիններ՝

«Խնդրում եմ, օգնե՛ք ինձ` չկորցնել երջանկությունս»

Բաց նամակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին

«Բարև Ձեզ, հարգելի՛ տիկին Սարգսյան:
Ձեզ եմ հղում նամակս, քանզի Ձեր բարություն ճառագող աչքերն ինձ հավաստիացնում են, որ Դուք ինձ կօգնեք: Ներեցե՛ք, հնարավոր է նամակը մի քիչ երկար ստացվի, պարզապես կցանկանայի, որ լիովին տեղեկանաք և հասկանաք ինձ: Ես ծնվել եմ 1988թ., Բաքու քաղաքում. ծնողներիս առաջին և միակ զավակն եմ: Երբ սկսվեց հայերի բռնի տարհանումը Բաքվից, այդ արհավիրքը մեր կողքով էլ անտարբեր չանցավ:

Մենք տեղահանվեցինք` թողնելով այնտեղ ամեն ինչ, և եկանք Հայաստան, քաղաք Սևան, որտեղ մի քանի տարի ապրելով մորաքրոջս տանը` տեղափոխվեցինք Գագարին ավան, որտեղ և ապրեցինք մինչև իմ չափահաս դառնալը: Ինչ-ինչ պատճառներով ծնողներս ամուսնալուծվեցին` մայրս մնաց մենակ` երեք տարեկան երեխայի հետ: Ապրեցինք, թե ինչպե՞ս` դա էլ գիտեն մայրս և Աստված: Մի կողմից` այդ ծանր սոցիալական վիճակը, մյուս կողմից` հալածանքներ բակում, դպրոցում, որ Բաքվից ենք եկել, որ հայր չունեմ, և այլն: Մի խոսքով, մանկությունս այդպես անցավ, ընդունվեցի դպրոց, սովորեցի գերազանց` ունեմ 9 գովասանագիր:

Այնուհետ ընդունվեցի Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ, որը ևս ավարտեցի գերազանց դիպլոմով: Մասնագիտությամբ մանկաբարձ եմ: Այնուհետև աշխատանքի ընդունվեցի Սևանի պոլիկլինիկայի բաժնում` որպես մանկաբարձուհի: Երկու տարի աշխատելուց հետո սկսեցի մտածել անձնական կյանքի մասին, և ինձ հանդիպեց ամուսինս: Հանդիպեցինք, սիրեցինք միմյանց, ամուսնացանք, և ահա մի օր բալիկի էինք սպասում` տղայի: Մեր երջանկությանը սահման չկար:

Ամուսինս այդ ժամանակ չուներ աշխատանք, և իմ փոքրիկ աշխատավարձով սկսեցինք պատրաստվել փոքրիկի ծնվելուն: Կարծես իմ կյանքում ամեն ինչ իդեալական էր ընթանում, երբ մի չար ուժ, մի «եղեռն», մի արհավիրք խլեց ինձնից այն ամենը, ինչ ունեի: Մայիսի 4-ի գիշերը, երբ մնացել էին օրեր, որ բալիկս լույս աշխարհ գա, ինձ ցավերով տեղափոխեցին հիվանդանոց: Ես զգում էի, որ դա ծննդաբերական ցավեր չեն, բայց ինչ էր կատարվում ինձ հետ` չէի հասկանում: Եվ ահա որոշվեց շտապ վիրահատել ինձ:

Հիշում եմ միայն, որ աշխարհը իմն էր, որ ես ամեն ինչ ունեի: Երբ ընդհանուր անզգայացումը կտրեց ինձ այս աշխարհից, արթնացա` չունեի ոչինչ: Մինչ ամուսինս, մայրս և բոլոր բարեկամները սպասում էին ուրախ, լավ լուրի` բժիշկները որոշում էին, թե ինչպես հայտնեն, որ արգանդս հավելումներով հեռացրել են` իմ կյանքը փրկելու համար, իսկ բալիկս էլ մահացել էր թթվածնային քաղցից:

Թե ի՞նչ կատարվեց և թե ի՞նչ եղավ այդ պահին, կարող եք պատկերացնել: Ինձ ծանր վիճակում տեղափոխեցին Պ.Մ.Գ.-ի ինստիտուտ, որտեղ ընթացավ իմ հետագա բուժումը ու վերականգնումը: Հիմա ես արդեն լավ եմ, բայց ո՞ւմ է պետք իմ կյանքը, ինչպե՞ս շարունակեմ ապրել ու առաջ գնալ: Որպես կին` ես հաստատ գիտեմ, որ Դուք ինձ կհասկանաք:

Մի քանի ժամում կորցրեցի ամեն ինչ` զրկվեցի մայր դառնալու հաճույքից, այլևս ատում եմ աշխատանքս: Ամուսինս էլ կողքիս է, ճիշտ է, բայց սա երկար չի տևի, քանզի նա իր սեփական երեխան է ուզում և դեմ է որդեգրելուն: Թեպետ իրեն ևս կարելի է հասկանալ, շրջապատում բոլորը (ընկերներ, հարևաններ, ծանոթներ) ունեն իրենց երեխաները: Նա ևս շատ է փափագում ունենալ իր սեփական երեխային:

Ես սիրում եմ ամուսնուս և կյանքս առանց նրա չեմ պատկերացնում: Էությամբ միասեր եմ և հաստատ կյանքս ուրիշի հետ չեմ կարող կապել: Օգնե՛ք ինձ, խնդրում եմ: Իմ միակ ելքը արհեստական բեղմնավորումն ու փոխնակ մայր վարձելն է, որը կապված է այնպիսի հսկայական գումարների հետ, որ մենք մեր փոքրիկ եկամտով` ամբողջ կյանքում աշխատենք, չենք կարող հավաքել: Դա միֆ է մեզ համար: Խնդրում եմ` փրկեք ինձ, օգնե՛ք պահպանել այդքան դժվար ձեռք բերած երջանկությունս:

Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը` Ձեր ժամանակը խլելու համար»:

Բաղդասարյան Սոֆիա
Ք. Սևան, Նալբանդյան 45/28

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս