Բաժիններ՝

Դոլարի տատանումները վերահսկվում են իշխանությունների կողմից

«Հայաստանում արտարժույթի շուկան լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից: Կուզեն՝ կթանկացնեն, կուզեն՝ կէժանացնեն»,- 168.am-ին ասել է տնտեսագետ Հայկ Բալանյանը:

Վերջինիս համոզմամբ, Հայաստանում ոչ թե շուկայական, այլ 40-60 ընտանիքների կողմից կարգավորվող և վերահսկվող տնտեսություն է: «Աշխարհում նավթի գին թանկանա, ընկնի, անկախ ամեն ինչից՝ Հայաստանում տնտեսությունը վերահսկելի է մեր իշխանությունների կողմից»,- ասում է Բալանյանը։

Ըստ փորձագետի՝ արտաքին գործոնների ազդեցությունը չի կարող ազդել Հայաստանում արտարժույթի գների տատանումների վրա. «Եթե անգամ արտաքին գործոնը, հնարավոր է,  ազդեցություն ունի Հայաստանում արժույթի գների վրա, անգամ այդ պարագայում իրավիճակը վերհսկվում է իշխանավորների կողմից: Մեր երկրի տնտեսությունն այդքան մեծ չէ, որպեսզի չկարողանան վերահսկել: Ամբողջ ֆինանսական ռեսուրսներն իշխանավորների ձեռքում են, իրենք են կարգավորում ֆինանսական շուկան՝ ըստ իրենց նպատակների»:

Խոսելով տնտեսական աճի մասին, փորձագետը նշեց, որ Հայաստանում տնտեսության զարգացման մասին խոսելն ավելորդ է, քանզի, եթե մենք դիտարկենք Հայաստանից արտագաղթողների թվաքանակը, պարզ է դառնում, որ տնտեսություն զարգացնողներն անգամ լքում են Հայաստանը: «Տարեկան մոտ 50.000 մարդ է լքում Հայաստանը (իրականում այդ թվերը դեռ պարզ չեն, տարբեր թվեր են ասվում), իսկ այդ ծավալն ահռելի է մեզ համար։ Այդ արտագաղթողներն աշխատուժ են, մարդկային և նյութական կապիտալ են, իրենց հետ տանում են նաև ֆինանսական միջոցներ, գործող ընկերություններ են տեղափոխում, և այլն: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Նման արագությամբ արտագաղթը բերելու է լրջագույն խնդիրների, այդ թվում և՝ տնտեսական: Հայաստանում հարկավոր են կտրուկ, արագ համակարգային փոփոխություններ, որպեսզի իրականում տեղի ունենա տնտեսության զարգացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս