Ընդդիմության թեկնածուն չպետք է լինի «պատահական անկյունից բուսնած» մեկը
«ՀԿԿ-ն անձի կուսակցություն չէ: Սա դարավոր փորձ ունեցող կուսակցություն է, որը ղեկավարվում է կոլեգիոն սկզբունքով: Նախագահականին առաջադրվող ՀԿԿ թեկնածուի հարցը կլուծի Կենտրոնական կոմիտեի պլենումը, երբ կսկսվեն առաջադրումները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԿԿ հնարավոր թեկնածուի մասին հարցին:
Թե ո՞վ կառաջադրվի Հայաստանի կոմունիստական կուսակցությունից՝ Ռուբեն Թովմասյանը, պարզվում է՝ պատասխանել չի կարող:
ՀԿԿ առաջին քարտուղարից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ Կենտրոնական կոմիտեի պլենումը չառաջադրի իր թեկնածությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, թե ամեն ինչ հնարավոր է. «Կուսակցությունն ում մասին որոշում ընդունի, նա էլ կառաջադրվի սպասվող նախագահական ընտրություններում»,- ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ ՀԿԿ-ն իրեն գաղափարապես մոտ կուսակցություն այսօրվա քաղաքական դաշտում չի տեսնում, բայց, այնուամենայնիվ, չի բացառում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության առաջարկի ընդունումը:
«Նայած՝ ո՞վ և ի՞նչ է առաջադրում: Ես շուկայական հարաբերություններով չեմ ղեկավարվի: ՀԿԿ-ն եղել ու մնում է Զյուգանովի, այլ ոչ թե պուտինյան Ռուսաստանի համակիրը: Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժեր ես չեմ տեսնում, որ մենք միանանք նրանց»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը նախագահական ընտրություններում հաջողություն կունենա, եթե միավորման պահին «ճաք չտա»: «Նշեմ, որ եթե անգամ միավորվեցին, անպայման քարոզարշավի մեկնարկի կամ դրա ընթացքում, համոզված եմ, անպայման ճաք է տալու: Նման երևույթներ ես տեսել եմ վերջին 22 տարիների ընթացքում: Նրանք անգամ մինչ օրս չեն հայտարարում, թե ո՞վ է լինելու այդ թեկնածուն, որովհետև ամբիցիաները, կարիերիզմը, «Ես եմ, որ կամ» սկզբունքը խանգարում են նրանց ընդհանուր հայտարարի գալուն»,- նշեց Ռ. Թովմասյանը:
Ի դեպ, Թովմասյանի խոսքով՝ ինքն ընդդիմության մեջ չի տեսնում համախմբող թեկնածուի: Ըստ նրա՝ միասնական թեկնածուն պետք է ծանոթ լինի ժողովրդին՝ իր մատուցած ծառայությունների, ներդրած «լումայի շնորհիվ», և նա ոչ մի դեպքում չպետք է լինի «պատահական անկյունից բուսնած» մեկը: