«DigiTec Expo 2012» տեխնոլոգիական ցուցահանդեսը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ձեռքբերումների ցուցահանդեսը՝ «DigiTec Expo 2012» ցուցահանդեսը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը: Այս անգամ ցուցահանդեսը տեղի կունենա նոր վայրում` Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող Երևան Էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսի կմասնակցեն շուրջ 130 հայաստանյան և արտասահմանյան ընկերություններ, որոնք 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն:
Նշենք, որ ցուցահանդեսը անցկացվում է արդեն 8-րդ անգամ, միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:
Մինչ այժմ այս տարվա ցուցահանդեսին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ, որոնցից են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Օրանժ Արմենիա», «Սոֆթլայն», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Ալտակոդ», «ԱրթինՎարուժան», «Լիգատեք», «Կոմպտեքարմ», «Բի Ինտերակտիվ», «Լանար Սերվիս», «Լայմ Տեխ», «Սփյուռ», «Յունիբանկ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը և այլ կազմակերպություններ:
Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: