Տիգրան Սարգսյանը նաև ԲՀԿ-ի վարչապետն է

«Բարգավաճ Հայաստանը», կարծես, ցանկանում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման ընդգրկել եթե ոչ՝ Ազգային ժողովի, ապա գոնե՝ հանրային քննարկման  օրակարգում: Ընդ որում, դա արվում է բավական զգուշորեն և, ըստ երևույթին, նահանջի տեղ թողնելով:

Սկզբում ԲՀԿ խոսնակը հայտարարում է, թե իրենց կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել այս կառավարության գործունեությանը և կողմ` վարչապետի փոփոխությանը: Ապա պարզաբանում է, որ դեռևս չի շտապում հանդես գալ կառավարության հրաժարականի նախաձեռնությամբ:
Վարչապետին դեմ լինելու իրենց դիրքորոշումը ԲՀԿ-ականները ներկայացնում են՝ որպես երկրի «սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակը» կանխելուն ուղղված քայլ: Այսինքն` ԲՀԿ-ն ոչ թե վարչապետի պաշտոնն է ուզում, այլ ցանկանում է, որ «ժողովրդի վիճակը լավանա»:

Ակնհայտ է, սակայն, որ վարչապետի պաշտոնանկության շուրջ բարձրացված քննարկումը նախագահական ընտրություններից առաջ արդեն սկսված «խաղի» վերջին ակորդն է: ԲՀԿ-ի խաղը շատ պարզ է. խորհրդարանական ընտրություններից հետո մաս չկազմեցինք կոալիցիային, որովհետև չտվեցիք վարչապետի պաշտոնը, հիմա կտաք` նախագահական ընտրություններում կպաշտպանենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Վարչապետի փոփոխության պահանջի որևէ այլ հիմնավորում առնվազն լուրջ չէ: Սոցիալ-տնտեսական վիճակի մասին վերլուծությունները, տնտեսական քաղաքականության իբրև թե քննադատությունը ԲՀԿ-ի դեպքում առնվազն ծիծաղելի են, որովհետև ԲՀԿ-ական նախարարները մոտ 4 տարի աշխատել են այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարությունում ու կարծես առանձնապես դժգոհ չէին դրանից:

Մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն իսկապես գտնում է, որ իրավիճակն օրհասական է, ինչո՞ւ «չի շտապում» օր առաջ սկսել վարչապետի պաշտոնանկության գործընթացը: Որովհետև իրականում նրանց համար խնդիրը վարչապետի պաշտոնը ստանալն է, որը հնարավոր է միայն «հարմար» կամ, ինչպես ԲՀԿ-ականներն են սիրում ասել,  «պատեհ պահի»:

Հիմա ԲՀԿ-ն զբաղված է այդ պահը հասունացնելով: Այդ տպավորությունն ավելի է ամրապնդել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` այսօր zham.am կայքին տված հարցազրույցում: Պատասխանելով Լոնդոնի օլիմպիադայում հայ մարզիկների անհաջողությունները քաղաքական հարթություն տեղափոխելու փորձերի մասին հարցին, Գ. Ծառուկյանն ասել է. «Եղան փորձեր` օլիմպիադայի արդյունքները քաղաքականացնելու և այլ հարթություն տեղափոխելու: Սա նույնպես պատվիրված և ուղղորդված ձեռագիր էր: Բայց նաև լավ առիթ է, որ ես մի երկու բառ ավելացնեմ: Հիշեք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի՞ տարի է` ես ասում եմ` երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Նաև հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային: Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում լինի, լճացում լինի, իսկ սպորտում` միայն փայլուն հաղթանակներ լինեն…»:

Ակնհայտ է, որ Գ. Ծառուկյանի ասածներն ուղղակիորեն վերաբերում են վարչապետ Տիգրան Սարգսյանին և կարող են «թափ հաղորդել» նրա պաշտոնանկության շուրջ քննարկումներին:

Իրականում, ինչպես Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը կապ չունի հասարակության, նրա խնդիրների հետ, այնպես էլ կապ չի ունենալու նրա պաշտոնանկությունն ու նրան մեկ ուրիշով փոխարինելը: Այն, որ նաև Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման պատճառով է Հայաստանը ներկայումս հայտնվել նման վիճակում, անիմաստ է նույնիսկ քննարկել: Տիգրան Սարգսյանը Հայաստանի օլիգարխիկ տնտեսության վարչապետն է և իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ արել է իշխանության հիմնասյունը հանդիսացող այդ համակարգի պահպանման համար: Բայց խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս եղել են ու կան այդ համակարգի մի մասը: Մի կողմից` 4 տարի մաս կազմելով Տ. Սարգսյանի կառավարությանը, մյուս կողմից՝ վայելելով արտոնյալ գործարարի կարգավիճակ ունենալու բոլոր հնարավորությունները:

Այսինքն` այդ իմաստով, Տ. Սարգսյանը ոչ միայն ՀՀԿ-ի ու նրա օլիգարխների, այլ  նաև ԲՀԿ-ի վարչապետն է:

Ի վերջո, նույն ԲՀԿ-ում ընդգրկված են գրեթե նույնքան այնպիսի «սուբյեկտներ», որոնց բիզնեսները բարգավաճում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվին: Այս համատեքստում, վարչապետի՝ ոչ միայն անձնային, այլև մասնագիտական որակները երկրորդական-երրորդական հարց է: Նույնիսկ եվրոպական ճգնաժամի դեմ պայքարող Անգելա Մերկելը, հավասար պայմաններում, Հայաստանի վարչապետի պաշտոնում առանձնապես տարբերվող արդյունքներ չէր արձանագրի, քանի որ ստիպված էր լինելու կատարել նույն` իշխող համակարգի «ֆինանսական պահապանի» ֆունկցիան:

ԲՀԿ-ն ընդամենը ցանկանում է ստանալ այդ ֆունկցիան կատարելու հնարավորությունը` նախագահական ընտրություններից հետո իշխանական համակարգի ծանրության նժարը ՀՀԿ-ից տեղափոխելով իր կողմը:

Հետևաբար, Տ. Սարգսյանի փոփոխության պահանջը երկրի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Այլապես, ԲՀԿ-ն հանդես կգար ոչ միայն Տիգրան, այլ նաև՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջով:

Մի խոսքով, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես էլ հիմա` նախագահական ընտրություններից առաջ, վարչապետի պաշտոնը դարձել է քաղաքական շահերի բախման, իսկ, որ ավելի հավանական է` համահարթեցման կետը, քանի որ Սերժ Սարգսյանի համար ևս վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումները կարող են ձեռնտու լինել: Ի վերջո, Ս. Սարգսյանը կարող է համաձայնվել ԲՀԿ-ին տրամադրել վարչապետի պաշտոնը` նախագահական ընտրություններում նրա աջակցության դիմաց՝ պայմանով, որ այդ պաշտոնում նշանակվողը չի լինելու Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կարող է ԲՀԿ-ի կողմից ներկայացված որևէ այլ վարչապետի պաշտոնանկ անել: Ռոբերտ Քոչարյանի պարագայում, սակայն, դա կարող է տեղի չունենալ: Պատմությունը ցույց Է տալիս, որ Քոչարյանի` վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո պաշտոնանկ է լինում նախագահը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս