ԲՀԿ-ի վարչապետությունն ու ՀԱԿ-ի վարդապետությունը
Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանության և ընդդիմության մեջ գրեթե տարբերություն չկա: Դրսևորումների առումով նրանք տարբերվում են, սակայն բովանդակությունը, կարծես, նույնն է:
Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ավտորիտար են այնքան, որքան հնարավոր է լինել ժողովրդավարության կեղծ շղարշի տակ: Նրանք իրար չեն զիջում նաև իրենց անսկզբունքայնությամբ. և կոնյունկտուրային նպատակներով պատրաստ են ցանկացած քայլի: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության քարոզչությունը չի հանդուրժում այլակարծության որևէ դրսևորում` մի տարբերությամբ. իշխանությունը առանձնապես ջանքեր չի գործադրում «հրեշտակի լուսապսակով» ներկայանալու համար, ինչը դժվար է ասել ընդդիմության պարագայում:
Երկուսն էլ խաբում են հասարակությանը, սակայն ցինիզմի ու «կեղծ բարոյականության» չափաբաժինն է տարբեր:
Խոսքը, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի մասին է, որն անգամ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դե ֆակտո արձանագրված ֆիասկոյից հետո շարունակում է ներկայանալ՝ որպես ամենաազնիվ, ամենասկզբունքային ու ամենադոմինանտ ընդդիմադիր ուժ:
Ներիշխանական ինտրիգների, իշխանության տարբեր թևերի հետ տարբեր ժամանակներում տարբեր «խաղեր խաղալու», արտաքին կողմնորոշումները տրամագծորեն փոխելու արդյունքում այս իրավիճակում հայտնված ՀԱԿ-ն իրեն արդարացնելու համար ավելի լավ տարբերակ չի գտել, քան բոլորին «դավաճան» ու «ծախված» ներկայացնելը և բարոյականության բարձր դիրքերից գնահատականներ տալը: Ու քանի որ ՀԱԿ-ի ակունքներում կանգնած գործիչների մեծամասնությունը, նաև այդ պատճառով, այսօր ՀԱԿ-ում չէ, այդ ֆունկցիան ստանձնել են Լևոն Տեր-Պետրոսյանի անսխալականությունը քաղաքական ուղենիշ դարձրած երիտասարդները:
ՀԱԿ-ին հիմա շատ անհրաժեշտ է հիմնավորել «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը և արդեն անգամ չքողարկվող ռուսամետությունը: Լայն իմաստով, հենց դրանք են ՀԱԿ-ի այսօրվա իրավիճակի խորքային պատճառները: Բայց ՀԱԿ-ում ոչ միայն չեն ուզում հրաժարվել այդ կուրսից, այլև հետևողականորեն շարունակում են դա:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն, օրինակ, անցած շաբաթ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում` խոսելով «արևմտամետ»-«ռուսամետ» հակադրության մասին ու պատասխանելով ՀԱԿ-ից հեռացած «արևմտամետներին», այնպիսի գնահատականներ է տվել, որոնք գրեթե չեն տարբերվում ռուսական պետական քարոզչությունից: «Ձեր նշած գործիչները համառորեն չեն ուզում բացատրել սովորական մահկանացուներիս, թե այդ ի՞նչ է տալու իրենց արևմտամետությունը Հայաստանին, որ նախընտրելի է ստատուս-քվոյից։ ՆԱՏՕ-ի անդամությո՞ւն են խոստացել, պատրաստ են ռուսներից շատ ու ավելի էժան զե՞նք վաճառել մեզ, Թուրքիայի հետ մեր սահմա՞նն են վերահսկելու, ղարաբաղյան հարցում ավելի հայանպաստ քաղաքականությո՞ւն են որդեգրելու, տնտեսական մեծ աջակցությո՞ւն են ցույց տալու, Հայաստանում ժողովրդավարության հաստատմա՞նն են նպաստելու։ Եվ այս ամենի դիմաց ի՞նչ գին է պահանջվում Հայաստանից… Ես շատ հեռու եմ Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր ինչ-որ իդեալների մարմնավորում համարելուց, բայց մեր արևմտամետներին խորհուրդ եմ տալիս մի օր նստել ու համեմատել Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում»,- ասել էր Արման Գրիգորյանը:
Ամենազարմանալին այն է, որ նման կերպ խոսում է ՀԱԿ-ի այն երիտասարդ գործիչը, ով ի պաշտոնե տարիներ շարունակ եվրոպական կառույցներին է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ՀԱԿ բազմաթիվ անդամների գնահատմամբ՝ նաև ռուսական հատուկ ծառայությունների մասնակցությամբ 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ոճրագործության մանրամասները…
Հետաքրքիր է, իր իսկ կողմից ներկայացված թվաբանական «համեմատության» ժամանակ Արման Գրիգորյանը հաշվարկե՞լ է նաև Մարտի 1-ի 10 զոհերին: Թե՞ քաղաքական նպատակահարմարությունն այսօր այլ բան է թելադրում: Ինչպես, օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը, որի մասին ՀԱԿ-ի տեսակետից տարբերվող կարծիք ունեցողները, երիտասարդ կոնգրեսականի քաղաքակիրթ գնահատականի համաձայն, «նյութափոխանակության խանգարումներ են ունենում»:
«Ես չգիտեմ որևէ ժողովրդավարական շարժում, որը բռնապետության դեմ պայքարում հաջողության է հասել առանց դրա այս կամ այն հատվածի հետ համագործակցելու»,- ասել է ՀԱԿ-ի երիտասարդ անդամը` արդարացնելու համար իշխանությանը մաս կազմած ու, ի դեպ, նույն Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար ժամանակին ՀԱԿ-ի կողմից մեղադրվող ԲՀԿ-ի հետ համագործակցությունն արդարացնելու համար: Սա, իհարկե, նորություն չէ, ՀԱԿ-ում ով չի ալարում` խոսում է այդ մասին:
Սակայն հետաքրքիր է, որ Արման Գրիգորյանը նույն հարցազրույցում խոսում է նաև Կոնգրեսի սոցիալական հենարանի մասին. «Կոնգրեսի սոցիալական հենարանը կեղեքումից ու կոռուպցիայից հիմնավորապես հոգնած մեր շարքային քաղաքացիներն էին, փոքր բիզնեսն ու ոչ նոմենկլատուրային մտավորականությունը։ Նրանք ստեղծված համակարգը համարում էին անարդար ու անհանդուրժելի ու պահանջում էին դրա արմատական վերափոխումը։ Այդ վերափոխումն անհնար էր լինելու, եթե Կոնգրեսը պարզապես գար իշխանության ու բավարարվեր օրինականության հաստատմամբ ու ազատ ընտրությունների անցկացմամբ։ Կոնգրեսն անպայման ստիպված էր լինելու արտահայտել այդ հենարանի շահերը, ինչը ենթադրելու էր արմատական բարեփոխումներ սոցիալական ոլորտում, հարկային համակարգում, հնարավորությունների հավասարեցման բնագավառում, և այլն…»:
Փաստորեն, «կեղեքումից ու կոռուպցիայից հիմնավորապես հոգնած շարքային քաղաքացիների» լավագույն միջոցը «քրեաօլիգարխիկ» համակարգի հիմնասյուներից մեկի հետ համագործակցությունն է:
Առջևում նախագահական ընտրություններ են, ՀԱԿ-ը դեռևս չգիտի` ինչպե՞ս է մասնակցելու այդ ընտրություններին: Լինելով շա՜տ ազատական քաղաքական ուժ, այդ կառույցում բոլոր որոշումները կայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը (ազատականության տնտեսական ու քաղաքական վարդապետությունների մասին խոսող Արման Գրիգորյանն, իհարկե, չի մասնավորեցնում, թե որ վարդապետության մեջ է տեղավորվում «Լևոն Տեր-Պետրոսյանի ազատականությունը»): Ու քանի որ նա կարող է նաև չառաջադրվել, ՀԱԿ-ն իրեն ապահովագրում է՝ «խաղի մեջ» մնալու համար: Ուստի, արդեն այսօր, Արման Գրիգորյանի բառապաշարով ասած, համապատասխան «կլիշեներ» են շրջանառության մեջ դրվում` մի քանի ամիս հետո քաղաքական դեղնակտուցի կարգավիճակում չհայտնվելու համար:
Ինչ վերաբերում է հասարակությանը, որի բարձրացրած ալիքի վրա ժամանակին ձևավորվեց ՀԱԿ-ը, ապա այն հիմա խաղից դուրս է: Հիմա ՀԱԿ-ը համագործակցում է ոչ թե հասարակության, այլ «բռնապետության հատվածներից մեկի հետ»: