Ի՞նչ է տալու «Եկամտային հարկի մասին» օրենքը
«Եկամտային հարկի մասին» օրենքը դարձել է վերջին օրերի տնտեսական լրահոսի ամենաքննարկվող թեման։ Հիշեցնենք, 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված այդ օրենքով էական փոփոխություններ են կատարվել եկամտահարկի հաշվարկման մեխանիզմում: Նշված օրենքն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից և փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներին: 168.am-ի այն հարցին, թե որքանո՞վ են արդարացված այս օրենքի հետ կապված մտահոգությունները, և արդյոք ի՞նչ օգուտ (կամ վնաս) է տալու այն վարձու աշխատողներին ու գործատուներին, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը պատասխանեց. «Լինելու է այն, որ գործատուները փորձելու են աշխատողների վրա դնել այդ լրացուցիչ բեռը, որը որպես հարկ՝ վճարելու են պետությանը: Էլ չեմ ասում՝ ստվերը, որը նույնպես եղել ու շարունակելու է լինել»: Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ խուսափել ստվերից, Բ.Ասատրյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ ուղղակի և անուղղակի ձևով: Բոլորն էլ գիտեն, թե գործատուներն ինչպես են աշխատում Հայաստանի Հանրապետությունում, և ինչ աստիճանի անպաշտպան են աշխատակիցները Հայաստանում: Առաջիկա ավելացումների հաշվին կփորձեն լրացնել իրենց ֆինանսական միջոցները: Եթե, ամեն դեպքում, արժեզրկման դեպքում գործատուները փորձում են ավելացնել աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզի աշխատողները չզգան գնաճը և արժեզրկումը, նույնը կարվի այս դեպքում՝ միայն ամբողջական միանվագ գումարի միջոցով: Բնականաբար, այդ ամենն արվում է, որպեսզի բյուջեի եկամտային մասն ավելանա, բայց դե, ամեն դեպքում, ստվերն այդ ոլորտում ամենամեծն է»: