Բաժիններ՝

Ռուսները հիասթափվել են Եվրոպայից

«Ֆինանսական և պարտքային ճգնաժամի արդյունքում Եվրոպան պակաս գրավիչ է դարձել ռուսների համար»,- Die Welt-ում գրել է Էդուարդ Շտայները` անդրադառնալով այդ երևույթի պատճառահետևանքային կապերին: Մասնավորապես, մոսկովյան «Լևադա կենտրոնի» ղեկավար Լև Գուդկովի կարծիքով՝ հենց Եվրոպայում սկիզբ առած ճգնաժամը դարձավ Ռուսաստանում բողոքի աննախադեպ ալիքի հասունացման հիմնական պատճառներից մեկը: «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, բնակչության 22 տոկոսը սկսեց մտածել արտագաղթի մասին,- ասել է սոցիոլոգը` ավելացնելով,- Սակայն հետո մարդիկ զգացին, որ Եվրոպան ռետինից չէ և մխրճված է ճգնաժամի մեջ»: Բնականաբար, ըստ Գուդկովի, ոչ բոլորն արտագաղթեցին, և դժգոհությունները Դումայի ընտրություններից առաջ վերաճեցին բողոքի ալիքի: Ըստ Die Welt-ի, թեև ռուս գործարարները դժգոհում են կենտրոնացված տնտեսական քաղաքականությունից, սակայն, ի տարբերություն նախաճգնաժամային շրջանի, ձեռնպահ են մնում եվրոպական ակտիվների ձեռքբերումից, այն դեպքում, երբ դրանք այսօր զգալիորեն էժան են և գնվում են Չինաստանի ու Քաթարի կողմից: «Բազմաթիվ ռուսներ զգալիորեն տուժեցին մինչ 2008 թվականը Եվրոպայում ձեռք բերած մեծ թվով ակտիվների պատճառով: Օրինակ, Օլեգ Դերիպասկան` Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդը, ստիպված եղավ հրաժարվել պարտքով գնված «Magna International Hochtief»-ի մասնաբաժնից: «Mergermarketgroup»-ի հաշվարկներով՝ արտերկրում ռուսական ներդրումների ծավալը 2011 թվականին նվազել է 19 տոկոսով, այն դեպքում, երբ Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների գնման արժեքը երեք խոշոր գործարքների հաշվին աճել է 116 տոկոսով` հասնելով 21.2 մլրդ. եվրոյի»,- գրում է Die Welt-ը: Ինչ վերաբերում է Դերիպասկային, ապա եվրոպական ֆիասկոյից հետո նա իր «Ռուսալի» բաժնետոմսերը գնանշել է Հոնկոնգի բորսայում և հայտարարում է, որ Ռուսաստանի գլխավոր գործընկերը պետք է դառնա Չինաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս