Ռուս պաշտոնյաներին արտասահմանում միջոցներ ունենալն արգելող օրենքը կխստացվի

Ռուսաստանի պետական ծառայողներին արտասահմանում բանկային հաշիվներ և անշարժ գույք ունենալն արգելող ՌԴ օրենքի նախագիծը հնարավոր է, որ ավելի խստացվի: Այս մասին հայտարարել է օրեսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը` ՌԴ պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վյաչեսլավ Լիսակովը: Նա նաև հավանական է համարում այդ օրենքի ազդեցության տակ հայտնվող անձանց շրջանակի մեծացումը: Օրինակ, ըստ նրա «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունում գտնում են, որ այդ իրավական փաստաթղթի դրույթները պետք է տարածվեն նաև պետական կորպորացիաների ղեկավարների վրա: Փորձագետները վստահ են, որ այս ամենը Ռուսաստանի «փակվածությունը» բարձրացնելու գործընթաց է:

«Կոմերսանտ» ռուսական շաբաթաթերթը նշում է, որ այս հարցով պետական դումա է ներկայացվել երկու նախագիծ: Դրանցից առաջինը, որի հեղինակներ են`ՌԴ օրենսդիր մարմնի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը և պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, առաջարկում է պարտադրել չինովնիկներին տեղեկատվություն հրապարակել իրենց արտասահմանյան ակտիվների վերաբերյալ: Իսկ երկրորդ օրինագիծը, որը պետդումայի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ստեղծված փաստաթուղթ է, պետական և մունիցիպալ ծառայողների (այդ թվում` երկրի նախագահի, վարչապետի, նախարարների և բոլոր մակարդակների օրենսդիրների), նրանց կանանց և անչափահաս երեխաների համար սահմանում է կես տարվա ընթացքում ազատվել բանկային հաշիվներից և արտասահմանում եղած ունեցվածքից: Իսկ այդ կանոնների խախտման դեպքում նախատեսվում է 5-10 մլն. ռուբլի տուգանք կամ բանտարկություն մինչև 5 տարի ժամանակով: Նույն հարցին նվիրված երկու օրենսդրական նախագծերից Կրեմլը հավանություն է տալիս երկրորդին, որը շատ ավելի խիստ դրույթներ է պարունակում:

«Մեր պետության խնդիրն է անել այնպես, որ քաղաքացիներն ունենան առավել մեծ հնարավորություններ և ոչ թե նրանց արգելել ամեն ինչ, հայտարարել է պատգամավոր Իլյա Պոնոմարյովը:- Օրինակ, եթե Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ իր աղջիկները սովորեն արտասահմանում, թող սովորեն, բայց ընտրությունների ժամանակ ժողովուրդն այդ մասին պետք է իմանա»:

Ինչպես պարզել է ռուսական «Հասարակական կարծիք» հիմնադրամը, ժողովուրդն, իրոք, հավանություն է տալիս չինովնիկների նկատմամբ նախատեսվող ամենախիստ միջոցներին: Այսպես, նրանց արտասահմանյան բանկային հաշիվների և ունեցվածքի վրա արգելք դնելուն կողմ են քաղաքացիների 66 տոկոսը, դեմ` միայն 10 տոկոսը: 26 տոկոսը գտնում է, որ այդպիսի օրենքն անհրաժեշտ է, որպեսզի դադարեցվի երկրից կապիտալի արտահոսքը, իսկ 16 տոկոսը վստահ է, որ չինովնիկների կողմից արտասահման տարվող փողերը ստացված են հիմնականում կոռուպցիայի արդյունքում: Օրենքի նախագիծը քննադատողների 4 տոկոսը նշել է, որ մարդն իրավունք ունի իր փողերը պահել որտեղ ցանկանում է:

Տեսանյութեր

Լրահոս