Ռազմավարական պլացդարմ
Անցած շաբաթ տեղի ունեցած մի իրադարձություն գրեթե ուշադրության չարժանացավ հայաստանյան քաղաքական շրջանակների և մամուլի կողմից: Խոսքը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած անսպասելի այցի մասին է: Ռոգոզինը, ով ՌԴ կառավարությունում համակարգում է ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքները, Բաքու էր մեկնել՝ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու այդ երկրում տեղակայված ռուսական «Գաբալա» ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագրի հետ կապված հարցերը:
«Գաբալայի» ռադիոլոկացիոն կայանի շուրջ քննարկումները սկսվեցին դեռևս անցյալ տարի, երբ ադրբեջանական իշխանությունները պահանջեցին բարձրացնել այդ տարածքի համար վճարվող վարձավճարը: Կայանն Ադրբեջանի սեփականությունն է և 2002թ.-ին պայմանագրով վարձակալության է հանձնվել Ռուսաստանին՝ 7 միլիոն դոլար վճարով: Ադրբեջանը կրկնապատկել է իր պահանջը. նա Ռուսաստանից արդեն 15 միլիոն դոլար պահանջեց, հետո այն հասցրեց 150 միլիոնի, ներկայումս էլ պահանջում է 300 միլիոն դոլար: Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ համաձայնությունը պետք է կայացվի առավելագույնը՝ պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ:
Ադրբեջանական քաղաքական շրջանակներն ու մամուլն՝ այս խնդրի հետ կապված, միշտ նշում են, որ բացի զուտ ֆինանսական պահանջներից, իրականում Ադրբեջանը «Գաբալայի» վարձակալության պայմանագիրը երկարաձգելու համար Ռուսաստանից պահանջում է ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:
Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունների լարվածության, հատկապես՝ Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ քննարկումների ֆոնին, ՌԴ փոխվարչապետը մեկնում է Բաքու` քննարկելու համար մի խնդիր, որի` ռուսների համար ցանկալի ընթացքի համար Ադրբեջանը պահանջում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ: Եվ ահա, Ռոգոզինի այցի հենց հաջորդ օրը, որպես կանոն, Կրեմլի ոչ պաշտոնական տեսակետն արտահայտող ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ «Գաբալայի» ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցություններն, ըստ էության, տապալվել են: Ավելին, ըստ նույն աղբյուրների, առաջիկայում նախատեսվում է ստեղծել ռուս-ադրբեջանական լիկվիդացիոն հանձնաժողով` կայանի ապամոնտաժման նպատակով: Այս հարցի շուրջ պաշտոնական պարզաբանումներ դեռ չեն հնչել, և դժվար է ասել` որքանո՞վ է ռուսական լրատվամիջոցներում հրապարակված «տեղեկատվական արտահոսքը» համապատասխանում իրականությանը:
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունների այսպիսի զարգացումը «զարմանալի պատահականությամբ» համընկավ Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումների ակտիվացման հետ: Ու երբ Ռոգոզինի այցը, ապա՝ դրան հետևած տեղեկատվական արտահոսքը դիտարկում ենք ավելի լայն` Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության համատեքստում, ապա իրավիճակը փոքր-ինչ ավելի պարզ է դառնում: Դժվար չէ կանխատեսել, որ «Գաբալայի» ռադիոլոկացիոն կայանից հնարավոր հրաժարումը ռուսական կողմը փորձելու է «վաճառել» Հայաստանին: Այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանն իր համար ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտից հրաժարվում է ոչ թե Ադրբեջանի ֆինանսական պահանջների, այլ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու պահանջի պատճառով, ՌԴ-ն էլ «չի դավաճանում իր ռազմավարական դաշնակից Հայաստանին»:
Այս զարգացումները հետաքրքիր են ևս մեկ տեսանկյունից, որը կրկին անուղղակիորեն կապված է Եվրասիական միության հետ: Այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտված ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան` վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս տարվա գարնանը ռուսական մամուլում հանդես եկավ ՌԴ իշխանություններին ուղղված մի առաջարկով: Մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցի շուրջ: Ավելին` Տ. Սարգսյանն ասել էր, որ նման կայանի տեղակայման տեսանկյունից Հայաստանը «մրցակցային առավելություններ ունի»: «Այստեղ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Դիտարկման գոտին կարող է ավելի լայն լինել»,- հայտարարել էր Տ. Սարգսյանը:
Հիմա, եթե ռուսներն իսկապես հրաժարվեն ադրբեջանական «Գաբալայից» և քննարկեն Տ. Սարգսյանի առաջարկը, ապա առաջիկայում Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը կարող է համալրվել ռադիոտեղորոշիչ կայանով: Եթե դա տեղի ունենա, ապա Եվրասիական միությանն անդամակցության հարցը, ըստ էության, երկրորդական կլինի, քանի որ Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության միակ ու հիմնական հենակետը` դրանից բխող բոլոր հետևանքներով: