Կապ չունե՞ն արդյոք աֆրիկյան ադամանդները Միշա Հայրապետյանի ինքնասպանության հետ
Օրերս «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել էր Հայրապետյանների ընտանիքի և «Ամերիաբանկի» ամիսներ շարունակ տևող հակամարտությունը, երբ բանկը «Հայաստան» հանրախանութի շենքը վերցրեց Հայրապետյաններից՝ պատճառաբանությամբ, թե վերջիններս չեն կատարել վարկային պարտավորությունները։ Թերթի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Փայլակ Հայրապետյանը` ինքնասպանություն գործած Միշա Հայրապետյանի հարազատ եղբայրը պատմել էր հետևյալը.
Այսպես. 2009 թվականի նոյեմբերին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում և Հայրապետյանների ներկայությամբ։ Հանդիպման նպատակը Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկն է եղել, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։
Հանդիպման նպատակն էր 100 միլիոնի վարկը բաժանել այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Բնականաբար, կբացվեին հազարավոր աշխատատեղեր։ Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարը, վարչապետը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խորհրդակցության ժամանակ, սակայն, Հայրապետյանի ներկայացմամբ, ոմն Աշոտ Սուքիասյան (Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպսկ. Կճոյանի սանիկն է)՝ «Ձորագյուղ» ԱԿ նախագահ, ներկա գործարարներին հավաստիացնում է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից 20-30 տոկոս ավելի էժան և ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի։
Ներկաներն էլ, ոգևորվելով ավելի մատչելի առաջարկով, համաձայնում են, որ Աշոտ Սուքիասյանը բերի անհրաժեշտ հումքը և աշխատեցնի այդ 23 ֆաբրիկաները։ Նախնական համաձայնությունից հետո Սուքիասյանը ծրարով բերում է իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումք։ Գործարարները հավանություն են տալիս, բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում է պահանջում՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար։
«Դրա համար անհրաժեշտ էր, որ այդ 23 կազմակերպությունները գումար հավաքեին, բայց ես, լինելով բոլորից ավելի տարիքով, առաջարկեցի գրավադնել իմ ունեցվածքը, Սուքիասյանին տրամադրել անհրաժեշտ գումարը, որ աշխատանքները սկսվեն, ու արդեն փակեն վարկը և հետ տան իմ ունեցվածքը։ Բոլորը համաձայնեցին»,– թերթին պատմում է Փայլակ Հայրապետյանը։
Անհրաժեշտ գումարը վերցնելու համար գնում են «Սվիս» բանկ՝ վարկի համար, սակայն բանկն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է տրամադրել այդ 12 միլիոն դոլարը։ Օրեր անց Սուքիասյանը Հայրապետյանին տեղեկացնում է, որ կառավարության միջնորդությամբ «Ամերիաբանկը» խոստացել է տրամադրել 12 միլիոն դոլարի վարկ։ Հայրապետյանն էլ գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը, որից հետո բանկը սկսում է վարկային վճարումները։ Բիզնես-պլանն էլ կազմում է «Ամերիաբանկը»։
Այդ ընթացքում բանկը Սուքիասյանին տրամադրել է մոտ 10 միլիոն դոլար գումար, սակայն Սուքիասյանը ոչ մի դրամ չի ներդրել գործը սկսելու համար։ Հայրապետյանի խոսքով, երբ իրենք հետաքրքրվել են, թե ինչ աշխատանք է տարվում Աֆրիկայում գործը սկսելու համար, պարզվել է, որ ոչ մի տեխնիկա չի տարվել այնտեղ, բացի իրենց միջոցներով ուղարկած մի մեքենայից։ «Մի 6 ամիս հետո Աշոտից հետաքրքրվեցի գործի ընթացքից, ասաց, որ դեռ նորություն չկա։ Ապա մոտ 1 տարի անց իմացա, որ «Ամերիաբանկը» վերցրել է հանրախանութի մի մասը, հետո վերցրեց երկրորդ մասնաշենքը։ Բանկի կառավարիչն ինձ ու Աշոտին կանչեց-ասեց, որ եթե մի 500 հազար գրավադնի, ապա 4-5 ամիս ժամանակ կտա, որ փակեն գումարը և շենքը վերադարձնեն։ Բայց Աշոտն ասեց, որ ոչինչ չունի»,– թերթի հետ զրույցում ավելացրել է Հայրապետյանը։
Վերջինս և Աշոտին, և բանկի կառավարչին զգուշացնում է, որ կդիմի դատախազություն, և այդպես էլ վարվում է։ Նախորդ ամսվա՝ հուլիսի 14-ին Փայլակ Հայրապետյանը դիմել է ոստիկանություն և դատախազություն։ Գործն այս պահին քննվում է ոստիկանությունում։ Հայրապետյանին մեկ անգամ արդեն հրավիրել են բացատրություն տալու։ Աշոտ Սուքիասյանին ևս հրավիրել են հարցաքննության, մի քանի ժամ պահել են, ապա բաց թողել։ Այդ ընթացքում նա փախուստի փորձ է արել, այս պահին ևս, Հայրապետյանի խոսքերով, անհետացած է։ «Պետք է մերկացնել Սուքիասյանին և բանկին, պետք է նրանք ասեն, թե ինչ են արել այդ գումարները, ում են տվել»,- պահանջում է Հայրապետյանը։ Ներկա պահին Հայրապետյանևերի գույքը դրված է աճուրդի, որից բանկը պետք է վերցնի իրեն հասանելիք 12 միլիոնը, ինչի արդյունքում Հայրապետյւսնը չի կարողանում աշխատեցնել իր արտադրամասերը։ «Այսպիսի մեծ հանցագործություն Հայաստանում 50 տարին մեկ չի կատարվում։ Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
Միշա Հայրապետյանի թոռնուհին վերջերս ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի տղայի հետ: Այս ընտանիքը հայտնի է դեռևս խորհրդային տարիներից, նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին` Հայրապետ Հայրապետյանը, 2007թվականին ԲՀԿ-ի կողմից առաջադրվեց ԱԺ պատգամավորության թեկնածու և պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին: