Հայաստանի հանքերը տալիս են մրցույթով չանցած անփորձ ընկերություններին. բնապահպան
Կոտայքի մարզում գտնվող Թեժ լեռան հանքավայրի շահագործման նախագիծը վրդովվեցրել է բնապահպաններին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեցին բնապահպաններ Լևոն Գալստյանն ու Ինգա Զարաֆյանը, նախագծում ներառված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, այսինքն՝ հերթական անգամ հանքարդյունաբերողները փորձում են անտեսել բնապահպանական խնդիրները:
Բանախոսները նշեցին, որ Խորհրդային Միության տարիներին Թեժ լեռան հանքավայրի շահագործման թույլտվություն էր տրվել, սակայն ծրագիրը կասեցվել էր: Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը դեռ այն ժամանակ ահազանգել էր, որ հանքավայրի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
Կոտայքի մարզում գտնվող Թեժ լեռը մոտ է հանգստյան գոտիներին, շրջապատված է անտառներով, որոնք հարուստ են բուսական և կենդանական աշխարհով: Թեժ սարը գտնվում Մարմարիկ գետի հովտում, մոտ է նաև Աղստև գետին, հետևաբար հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա նաև ջրային ռեսուրսների վրա: Տարածքից ոչ հեռու հանգստյան գոտիներ են, որտեղ տարեկան մեծ թվով երեխաներ են անցկացնում իրենց հանգիստը:
Ինգա Զարաֆյանը հիշեց, որ դեռևս այն ժամանակ Ֆադեյ Սարգսյանն ասել էր, թե հանքավայրի բացասական ազդեցությունը 15-20 կմ շառավղով տարածք կընդգրկի, կաղտոտվեն ջրերն ու հողերը, կվտանգվի այստեղ հանգստացող մոտ 50 հազար երեխաների առողջությունը: Սակայն այսօր կառավարությունն առանց այս վնասները հաշվի առնելու, թույլ է տվել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը նման խայտառակ նախագիծ կազմի և դրանում չներառի այդ վնասների մասին որևէ տող:
Բնապահպանների խոսքով՝ արդեն մի քանի լսումներ անցկացվել են: Այս ամսվա վերջին նախարարությունը պետք է եզրակացություն տա ընկերության ներկայացրած նախագծին:
«Թեժ լեռան կենդանական աշխարհի նկարագրությունը նախագծում 6 տող է զբաղեցրել: Գրված է, որ 801 տեսակի բույսեր կան: Բայց ոչ մի բան գրված չի, թե դրանք որտեղ են տարածված, կա՞ն Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, թե՞ չկան, կենդանիներ կա՞ն Կարմիր գրքում գրանցված, թե՞ չկան: Դրանք այնքան էլեմենտար բաներ են, որ ցանկացած նախագծում պետք է լինեն»,- ասաց Լևոն Գալստյանը: Ըստ նրա՝ փոքր ընկերությունները նման կիսատ-պռատ նախագծեր են կազմում, իսկ ավելի մեծ ընկերությունները «մակիյաժ» են անում նախագիծը: «Նախագծում սիրուն թվեր են ներառում, հրավիրում են արտասահմանյան մասնագետներ, որոնք իրենց կարծիքն են գրում: Դա կարդացողների վրա մեծ ազդեցություն կարող է թողնել, բայց երբ որ խորանում ես, տեսնում ես, որ պրինցիպը նույնն է: Պրինցիպն այն է, որ ծրագիրը լավը լինի, թե վատ՝ կանցկացնեն: Մեկ է՝ տեղի բնակչությունը կողմ է լինելու, որովհետև մարդկանց պետք է լինելու 250 կամ 300 աշխատատեղ և ամիսը մի 100-150 հազար դրամ աշխատավարձ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ պատճառով էլ այսօր անհնար է դարձել տեղերում բնակչության հետ լսումներ անցկացնելը:
Բնապահպանների խոսքով՝ Հայաստանի հանքերը բաժանվել են մի քանի ընկերությունների, որոնք մրցույթով չեն ընտրվել: «Եթե դու հանք ես ուզում շահագործել, պետք է ամենալավ ընկերությանը վստահես այդ գործը: Բայց մեր հանքերը շահագործման են տալիս անփորձ ընկերություններին»,- ասաց Ինգա Զարաֆյանը: