Ֆրիտյոֆ Նանսենը` Հայ Դատի պաշտպան

Այս հոդվածը, որ պատրաստված է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր գրասենյակի կողմից կհետաքրքրի հայ հասարակությանը:

Ֆրիտյոֆ Նանսենի, որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի, բացառիկ կյանքի և թողած արժեքավոր ժառանգության մասին պատմող վեց մասից բաղկացած հոդվածաշարից սա երրորդն է:

Որպես փախստականների գծով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, Ֆրիտյոֆ Նանսենը նպատակամղված հետապնդվում էր իր նորարարական  մոտեցումների համար` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը  հակամարտությունների և տեղահանումների ժամանակ:

Հայաստանը դրա վառ ապացույցն էր:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, հայ ժողովուրդը  շարունակում էր պայքարել անկախ պետություն ունենալու համար: Թեև Ազգերի լիգայի անդամները համաձայնել էին ստանձնել նման ‌‌առաքելություն  և նախաձեռնությունն էլ գալիս էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնից, այնուամենայնիվ այդ պարտավորվածությունները չկատարվեցին:

 Այդ ժամանակ Հայաստանը դիմակայում էր երաշտի, մալարիայի, տուբերկուլյոզի բռնկումներին և թուրքական սահմանից եկող այլ  սպառնալիքների, ինչն ավելի էր դժվարացնում անընդհատ աճող  փախստականներին  աջակցության ապահովումը:

Փախստականների ճգնաժամը կործանար եղավ Հայաստանի համար`մոտ 1,5 միլիոն մարդկային կորուստ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիություն չունեցող փախստականներ, որոնք ապրում էին  փախստականների ճամբարներում և մանկատներում:

Վրդովված միջազգային հանրության անտարբերությունից՝ Նանսենը անձամբ  կազմակերպեց օգնությունը հայ ժողովրդին: Նա նպատակ ուներ մեղմել փախստականների խնդիրները զարգացման իր անձնական  նախաձեռնությունների միջոցով: Այդպիսի փորձ էր Հայաստանի գյուղատնտեսությանն ու սոցիալական զարգացմանն ուղղված օգնությունը`Հայաստանում ստեղծելու ծավալուն ոռոգման համակարգ:  Լինելով ականատեսը 1925 թ-ին Հայաստանում տեղի ունեցող ավերածություններին, Նանսենը հետագայում գրեց ազդեցիկ մի գիրք` <<Հայաստանը և Մերձավոր Արեւելքը>>, ինչպես նաև`Հայ Դատը քարոզող բազմաթիվ հոդվածներ ու ելույթներ:

Նանսենը հույս էր ներշնչում անհապաղ օգնության կարիք ունեցող  հազարավոր հայերի: Նա ներդրեց իր ողջ եռանդն ու ջանքերը հայ ժողովրդին  օգնելու գործին` հասցնելով իրեն ֆիզիկական հյուծման: 1930 թվականին նա  ունեցավ սրտի կաթված:

Ֆրիտյոֆ Նանսենը անձամբ կազմակերպեց ավելի քան 7000 փախստականների վերադարձը Հայաստան՝ մինչև 1928 թվականը: Նանսենյան <<ճամփորդական փաստաթղթի>> ստեղծումը, որն իր անունով կոչվեց  <<Նանսենյան անձնագիր>>, զգալիորեն օգնեց հայկական Սփյուռքին:   Նանսենյան անձնագրեր ստացան շուրջ 320,000 հայեր:

Թեև Հայաստանը չկարողացավ ստեղծել անկախ պետականություն՝ մինչեւ 1991 թվականը, այնուամենայնիվ Նանսենը օգնեց հայ ժողովրդին նախապատրաստելու ազգը հետպատերազմյան համաշխարհային կարգին:  Հայ հասարակությունը և Սփյուռքը չեն մոռացել Նանսենի ջանքերը փրկելու հազարավոր հայերի կյանքեր և գիտակցում են այն կարեւոր դերը, որ նա ունեցել է երկրի պատմության մեջ այդ օրհասական պահին: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` <<Նանսենը ոչ միայն փրկեց  հազարավոր հայերի կյանքեր, այլև հույս ներշնչեց նրանց ապագայի հանդեպ>>:

<<Մարդկային էության ներսում չարը չի կարող հաղթել բարուն: Կա արդյոք ավելի մեծ առաքելություն, քան հավատը փրկելը, հավատը` մարդու  նկատմամբ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև ողջ մարդկության>>:

 Ֆրիտյոֆ Նանսենի ոգին ապրում է Երևանի և Օսլոյի միջև հաստատված  առանձնահատուկ հարաբերություններում, ինչի վկայությունն է նրա անունը կրող բազմաթիվ հուշարձանների եւ հանրային վայրերի գոյությունը Հայաստանում:

Ֆրիտյոֆ Նանսենի թողած ժառանգությունը շարունակում է ապրել հայերի սրտերում:

Նանսենյան Փախստականների մրցանակը, որը ստեղծվել է նրա պատվին՝ 1954թ-ին, կշնորհվի մեկ այլ հումանիստի` Ժնևում, 2012թ.  հոկտեմբերի 1-ին կայանալիք արարողությանը:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս