Գաբալայի շուրջ ադրբեջանա-ռուսական համաձայնագիրը տապալման եզրին է
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում: Թեև այցի մասին ոչինչ չի հաղորդվել, սակայն, ըստ ադրբեջանական մամուլի՝ քննարկման թեմաներից մեկը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ պայմանագրի երկարաձգումն է:
Բաքվում Ռոգոզինը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ:
Միաժամանակ՝ ռուսական «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ Բաքուն և Մոսկվան չեն կարողացել համաձայնության գալ Գաբալայի շուրջ համաձայնագրի երկարաձգման հարցում, և, հավանաբար, մոտ ժամանակներս կստեղծվի լիկվիդացոն հանձնաժողով՝ կայանի ապամոնտաժման համար:
«Ադրբեջանը դեմ չէ համաձայնագրի երկարաձգմանը, բայց Մոսկվայում պետք է ուշադրություն դարձնեն այս տարածաշրջանի զարգացմանը»,- չինական «Սինհուա» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
«Եթե Ռուսաստանին իսկապես պետք է այդ կայանը, և նրանք ցանկանում են համագործակցել, Ադրբեջանը դեմ չէ: Սակայն այդ հարցը պետք է համաձայնեցնել գործերի իրական ընթացքի հետ»,- ասել է Մամեդովը: Նա նշել է, որ այդ տարածաշրջանն ունի գյուղատնտեսության, զբոսաշրջության մեծ հեռանկարներ:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին սպա Արասթուն Օրուջլուն այն կարծիքին է, որ Ռոգոզինի այցը Ադրբեջան այդ երկրի վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի արևմտամետ դիրքորոշումից: Օրուջլուի խոսերով՝ Ադրբեջանը, չնայած այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարմանը, ձգտում է լավ հարաբերություններ ձևավորել Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ: Թուրքիայի հետ գազային համաձայնագրերի կնքումը բարձրացնում է Եվրոպայի էներգետիկ անկախության մակարդակը և Ռուսաստանից Ադրբեջանի անկախ քայլերը:
Հիշեցնենք, որ մինչ այս այցն արդեն Ադրբեջանում եղել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Սակայն, ըստ ադրբեջանցու, Բաքուն արդեն անցել է Ռուսաստանին ենթարկվելու փուլը, և նրան արևմտամետ դիրքորոշումից հետ կանգնեցնել չի լինի: Օրուջլուի կարծիքով՝ Գաբալայի մասին համաձայնագրի երկարաձգումը ևս տապալվում է:
«Ռեգնումը» նշում է, որ ռադիոլոկացիոն կայանը 52 հեկտար տարածք է զբաղեցնում, որտեղ ծառայում է շուրջ 1000 զինվորական: Ամռան սկզբին կայանի ղեկավարությունը զինվորականների ընտանիքների անդամներին առաջարկեց վերադառնալ Ռուսաստան, ինչի դեմ նրանք բողոքեցին ու նամակ գրեցին Պուտինին:
1985 թվականին շահագործման հանձնված կայանը նախկին ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության 8 կայաններից մեկն էր, ոը վերահսկում է 6000 կմ շառավղով տարածք: Կայանն Ադրբեջանի սեփականությունն է և 2002թ.-ին պայմանագրով վարձակալության է հանձնվել Ռուսաստանին՝ 7 միլիոն դոլար վճարով: Ադրբեջանը կրկնապատկեց իր պահանջը և Ռուսաստանից արդեն 15 միլիոն դոլար պահանջեց, հետո այն հասցրեց 150 միլիոնի, իսկ հիմա էլ 300 միլիոն է ուզում: Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ համաձայնությունը պետք է կայացվի առավելագույնը՝ պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ: