Տրապիզոնի նավահանգստից Հայաստանի օգտվելու առաջարկը՝ հերթական փուչի՞կ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել վերջերս թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված և հայկական լրատվամիջոցներով տարածված մի հայտարարության շուրջ: Խոսքը թուրք երկրորդական պաշտոնյայի՝ Տրապիզոնի նավահանգստի տնօրենի հայտարարություններն էին այն մասին, թե իբր Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է ընդունել՝ Հայաստանի համար նախատեսված բեռները և ճանապարհել Հայաստանից եկողները: Հայտարարությունը երևի ավելի լուրջ ընդունվեր, եթե չլինեին դրա չիրականացված բազմակի նախադեպերը: Մասնավորապես՝ ժամանակին Կարսից տեղական իշխանության մակարդակով հայտարարություններ հնչեցին Հայաստանի հետ առևտրային կապեր հաստատելու պատրաստակամության մասին, հետո էլ Վանի պաշտոնյաները հայտարարեցին, թե բացում են Վան-Երևան ավիաչվերթը: Բայց այս ամենի մեջ զավեշտալին այն էր, որ դրանք արվում էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ հակահայկական հայտարարությունների ու քայլերի համապատկերում՝ ակնհայտ ցույց տալով դրանց իրական նպատակը:

Եվ ահա այս հոդվածը հայ մարդու մտորումներն է թուրքական վերջին «փուչիկի» շուրջ, որ ներկայացնում ենք ստորև.

«Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել «Սփյուռքի ղեկավարների» հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված hայկական պահանջները։

Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ և առաջ, նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր։

Անցյալ շաբաթ, թուրքական Gunebakis կայքը և այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ, և ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015 թվականին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ։ Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն  պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը Մուզաֆեր Էրմիշին կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն»։ Gunebakis կայքի փոխանցմամբ՝ «Տրապիզոնը կողմ է այդ պահանջին»։

Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց, «թե Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում՝ մենք պատրաստ ենք։ Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով։ Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առևտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար»։ Gunebakis կայքում տեղադրված «Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է» վերտառված հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով։

Նավահանգստի տնօրեն Էրմեշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները։ Նա նշեց, որ Տրապիզոնից մինչև Երևան հեռավորությունը 430 կիլոմետր է։ «Թեև Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ, բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ։ Մյուս կողմից, Տրապիզոնի և Երևանի միջև գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Տրապիզոնի նավահանգստից մինչև Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կիլոմետր է… Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից, կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար»,-  նշեց էրմիշը։

Գլխավոր տնօրենը նշեց, որ «Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր», և, որ «մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9-10  միլիոն տոննա։ Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը։

Մենք պատրաստ ենք ցանկացած առևտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ»։

Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ և դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝

– Այս գործարքը փոխշահավետ է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար։

Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր և կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք։

– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը։ Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները՝ որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների և ընդդիմադիրների հակազդեցությունը։ Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք և ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առևտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը։

– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ-թուրքական սահմանով և ոչ թե՝ Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ-թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը։

Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսևորում ցուցաբերել, պետք է որ ճանաչի Տրապիզոնը՝ որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը։ Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց և երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում և դաժանորեն խեղդել Սև ծովում։

Հարկ է նշել, որ ոչ Հայաստանին Տրապիզոնի նավահանգստի օգտագործման թույլտվությունը, և ոչ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում։ Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները՝ ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։

 

Տեսանյութեր

Լրահոս