Մանկատներից երեխաներին վերադարձնում են կենսաբանական ընտանիք
Օրերս 168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ մանկատների բեռնաթափման ծրագրով Վանաձորի մանկատնից մի քանի երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք:
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե մասնավորապես սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններից դրդված ընտանիքների` երեխաներին մանկատուն հանձնելու դեպքերն ինչպիսի՞ զարգացում են ստանում, երբ պետությունը երեխային կրկին վերադարձնում է կենսաբանական ընտանիք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի հավաստմամբ` ծրագիրը գործում է Լոռու մարզում. «Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգերի հաստատությունների երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագիր է դա: Այն ընտանիքներում, որտեղ քիչ, թե շատ բարոյահոգեբանական մթնոլորտը կայուն է, և կարող է երեխան հաստատությունից վերադառնալ ընտանիք` այդ ընտանիքներին երեխաների թվին համապատասխան մասնակի աջակցություն է տրամադրվում: Հետևաբար երեխաները տեղափոխվում են կենսաբանական ընտանիք»,- մեզ հետ զրույցում նշեց Լ. Հայրապետյանը` հավելելով, որ նախատեսված է Լոռու մարզի խնամքի հաստատությունը բեռնաթափել 10 երեխայով: Նախատեսվում է նաև կանխարգելել 40 երեխայի մուտքը դեպի հաստատություն:
Ընդ որում, ըստ Լ. Հայրապետյանի ծրագիրն իրականացվում է 2006 թվականից և նախատեսվում է շարունակել նաև առաջիկա տարիներին: Յուրաքանչյուր տարի 50 երեխա բեռնաթափվում է, իսկ 40-ի մուտքը հաստատություն կանխարգելվում է: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր տարի 50 ընտանիքի տրվում է աջակցություն, որպեսզի երեխան իր կենսաբանական ընտանիքում խնամք ստանա:
Մեր հարցին, թե ընտանիքներին մասնավորապես ի՞նչ աջակցություն է տրվում, Լ. Հայրապետյանը պատասխանեց. «Հագուստ, գրենական պիտույք, սնունդ, էլեկտրաէներգիայի վարձ»:
Մեկ տարվա ընթացքում սոցիալական աշխատողներն աշխատում են թե’ ծնողների, թե’ երեխաների հետ, որպեսզի ընտանիքներն ամրապնդվեն:
Նշենք նաև, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է 8 մանկատուն, որտեղ իրականացվում է մոտ 940 երեխայի մշտական խնամքն ու դաստիարակությունը (360-ը` մասնագիտացված մանկատներում):