Թալանել են կանադահայ քանդակագործ Գևորգ Ջորջ Քասաբյանի առանձնատունը (լուսանկարներ)

Նկարիչ-քանդակագործ, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ կանադահայ Գևորգ Ջորջ Քասաբյանը բնակվում է Կանադայում: Տարվա մեջ մի քանի անգամ նա գալիս է Հայաստան: 2012թ. մայիսի 24-ին Կանադայից Հայաստան այցելելով` Գ. Ջ. Քասաբյանը Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյի 76 հասցեում գտնվող իր առանձնատունը հայտնաբերել է թալանված վիճակում: Գ. Ջ. Քասաբյանի առանձնատան մեջ հազարավոր դոլարների արժողության քանդակագործության համար թանկարժեք նյութեր կային: Հսկայական նյութերից բացի, գողացվել են նրա ծավալային քանդակները, որոնք ցուցադրվել էին աշխարհի մի շարք երկրներում և հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունք էին: Ինչևէ, հասկանալով, որ խոշոր չափի այդ գողությունը չէր կարող կատարվել անծանոթ մարդու կողմից, մանավանդ, որ դռան փականներից որևէ մեկը վնասված չի եղել, քանդակագործն իսկույն կապվել է այն մարդու հետ, ով ազատ ելումուտ է ունեցել իր տանը և իր բացակայության ժամանակ հսկում էր տունը. «Ես, արդեն մի քանի տարի է, ինչ Մնացական Հովհաննիսյան անուն-ազգանունով` մասնագիտությամբ սանտեխնիկ մի մարդու վճարում եմ, որպեսզի Կանադայում իմ գտնվելու ժամանակ նա հետևի իմ տան ջեռուցման գործողություններին: Քանի որ քանդակներս առանձնատանն եմ պահում, ջերմաստիճանի պահպանումը պարտադիր է: Բանից պարզվեց, որ ինձ համար այդ վստահելի մարդը գողացել է բոլոր թանկարժեք նյութերս ու քանդակներս»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Գ. Ջ. Քասաբյանը` ավելացնելով, որ Մ. Հովհաննիսյանը խոստովանել է, որ կարիքից դրդված է գողությունը կատարել և դրանք վաճառելով՝ գումար է ձեռք բերել:

Գ. Ջ. Քասաբյանը դիմել է ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա տարածքային ստորաբաժանում, որտեղ կասկածյալը խոստովանել է, որ խոշոր չափի գողություն է կատարել: Երկու ամիս տևած նախաքննությունից հետո խոշոր չափի գողություն կատարելու մեղադրանքով Մ. Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն, որքան էլ տարօրինակ է, Մ. Հովհաննիսյանը ներկայումս ազատության մեջ է: Գ. Ջ. Քասաբյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը Մալաթիա-Սեբաստիայի Դատախազությունից Քրեական գործ հարուցելու մասին որոշում չի ստացել, սակայն դատարանից ծանուցագիր ստացել է, համաձայն որի` ուրբաթ օրը դատական նիստ է լինելու: «Տասնյակ-հազարավոր դոլարի գողություն է կատարվել` ինդիում, տիտանիում, որոնք կիլոգրամներով և թանկ արժողությամբ նյութեր են, տակառներով տարբեր նյութերի փոշիներ էի գնել, որոնք քանդակագործության թանկարժեք նյութեր են: Էլ չեմ ասոում` իմ արվեստի գործերը, որոնց համար ես կյանք եմ դրել: Նա այդ գողությունը միայնակ չէր կարող կատարել, որովհետև իմ ամեն մի գործը հսկայական կիլոգրամների քաշ ունի: Եղել է խմբակային գողություն, բայց նա չի խոստովանում, թե ում հետ է այդ ամբողջ թալանը կատարել: Ոստիկանությունում ասում են` դեմոկրատիա է, մենք չենք կարող իրեն ստիպել խոստովանել: Փաստորեն, օրենքը, դեմոկրատիան` գողի կողմից է: Ամբողջ ունեցածս տարել է ու այսօր ազատության մեջ է»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանն` ավելացնելով, որ անգամ չի բացահայտվել, թե Մ. Հովհաննիսյանը գողոնն ո՞ւմ է վաճառել: Եվ սա՝ այն դեպքում, երբ նախաքննություն իրականացնողները հնարավորություն ունեին նրա բջջային հեռախոսազանգերի վերծանումն ուսումնասիրելով` հանցագործության շղթան բացահայտել: Որքան էլ տարօրինակ է` առայսօր հեղինակի քանդակները չեն գտնվել: Ընդ որում, ստեղծագործությունների հեղինակը պատրաստ է հազարավոր դոլարների դիմաց գնել իր քանդակներն այն մարդուց, ում վաճառել է գողություն կատարած Մ. Հովհաննիսյանը: Վերջինս Ոստիկանությունում ցուցմունք տալու ժամանակ ասել է, թե չի հիշում ո՞ւմ է վաճառել քանդակները: «Արտասահմանում մենք թուրքերի ու ազերիների դեմ պայքարում ենք, որ մեր խաչքարերն ու եկեղեցիները չկորցնենք: Չէ՞  որ քաղաքակրթությունն արվեստով, մշակույթով է ճանաչվում: Երբ ոչնչացնում ես արվեստը` ոչնչանում է նաև քաղաքակրթությունը: Ես, որպես անհատ, այդ քաղաքակրթության մասնիկն եմ: Երբ այդ մասնիկը ոչնչացնում են` նշանակում է՝ հայ քաղաքակրթության դեմ են»,- ասում է արվեստագետը: Ի դեպ, երբ Գ. Ջ. Քասաբյանը Մ. Հովհաննիսյանին ուղեկցել է Ոստիկանության բաժին, վերջինս զանգահարելով անհայտ մի անձի` տեղեկացրել է, որ գնում է Մալաթիա-Սեբաստիա ոստիկանություն: Քանդակագործը թեև պահանջել է քննություն կատարել և պարզել, թե կասկածյալն ո՞ւմ է զանգահարել, այդուհանդերձ, նրան այդ մասին Ոստիկանությունից ոչինչ չեն ասում և որևէ քայլ չեն ձեռնարկում: Փաստն այն է, որ խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով մեղադրվող Մ. Հովհաննիսյանն ազատ է արձակվել: «Ուրեմն` մի թիկունք կա, որ նրան ազատ թողեցին: Եթե գործը քննող քննիչը ցանկանար՝ հեռախոսահամարների վերծանումով կարող էր շատ բան պարզել: Ես հիմա իրավաբան եմ վարձել և պիտի փորձեմ դատարանից պահանջել հեռախոսահամարների վերծանումը: Մարդու վստահությունը ոտնահարելը, ագահությունն ահավոր բան է: Մենք սիրում ենք վստահել, բայց եթե չկա վստահություն, ուրեմն` ի՞նչ գործ ունենք այստեղ: Հայը, որն այստեղ մարդ չունի, մեկին պետք է վստահի, չէ՞,  բայց դա ոչնչացավ: Հիմա պիտի գնամ Կանադա, որտեղ գոյություն ունի Քանդակագործների միություն, որի անդամ եմ 1986թ.-ից, և իմ քանդակները նաև իրենց են պատկանում, որովհետև նաև կանադացի եմ: Իմ իրավունքն է՝  նրանց տեղեկացնել` ի՞նչ է կատարվել, իսկ իրենք պարտադիր կերպով Հայաստանի վարչապետին կտեղեկացնեն, որ այստեղ քանդակներ են կորչում: Թեկուզ մարդն անոթի մեռնի` արվեստի գործը չի կարելի ոչնչացնել: Համաշխարհային օրենքով այսօր դու կարող ես Պիկասոյի 40 միլիոնանոց արվեստի գործերը գնել, բայց իրավունք չունես այդ գործը ոչնչացնել: Գործը քոնն է, բայց արվեստն ընդհանուրինն է»:

Լուսանկարներում պատկերված են գողացված գործերը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս