Համաժողովրդական շարժման վախճանը

Չորս տարի առաջ` օգոստոսի 1-ին, Մատենադարանի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարվեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին: 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից, մարտի 1-ի ոճրագործությունից, դրան հետևած բռնաճնշումներից ու քաղաքական հալածանքներից հետո ՀԱԿ-ի ծնունդը հասարակության մեջ փոփոխությունների իրական հույս արթնացրեց:

Անցած տարիների Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը կարելի է գնահատել բազմաթիվ տեսանկյուններից, արձանագրել, որ ՀԱԿ-ը ձախողվել է, տապալվել է, կամ հակառակը, որ Կոնգրեսը դեռևս շարունակում է պահպանել արմատական ու հուժկու ընդդիմության կարգավիճակը: Սակայն, թերևս, ամենակարևորն այն է, որ ՀԱԿ-ն  ինքը կարողանա անաչառ լինել սեփական գործունեությունը գնահատելիս, ինչը, իհարկե, շատ անհավանական է: Հաշվի առնելով ՀԱԿ-ի հռետորաբանությունը՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչ բովանդակություն կունենան նրանց ինքնագնահատականները. «ՀԱԿ-ն իր ամենօրյա գործունեությամբ նպաստել է ռեժիմի թուլացմանը, առանց ՀԱԿ-ի քրեաօլիգարխիկ համակարգն ավելի սանձարձակ կլիներ, ՀԱԿ-ն իշխանությանը օր ու արև չի տալիս», և այլն, և այդպես շարունակ: Եվ հակառակը, ցանկացած այլ գնահատական, սովորության համաձայն, ՀԱԿ-ի կողմից կորակվի՝ որպես դավաճանական, «ծախու», «իշխանական դավեր» և այլն:

Իրականությունն այն է, սակայն, որ ՀԱԿ-ը չորս տարվա ընթացքում համաժողողովրդական շարժումից վերածվեց քաղաքական մանր ինտրիգների մեջ մտնող մի միավորի: Պատճառները բազմաթիվ են, սակայն ամենակարևորը, թերևս, հռչակած գաղափարներից շեղումն է ու հանուն ինչ-որ նպատակների` միջոցների մեջ խտրություն չդնելու ռազմավարությունը: 2008 թվականին ՀԱԿ-ը ստեղծվեց՝ որպես իր հիմնական նպատակ հռչակելով սահմանադրական կարգի վերականգնումը: Սակայն ժամանակի ընթացքում ՀԱԿ-ը, ըստ էության, սկսեց սերտաճել նույն սահմանադրական կարգը ոտնահարողների հետ: Այդ գործընթացի սկիզբն, իհարկե, իշխանության հետ երկխոսությունն էր, որը, սակայն, գոնե մարդկային հիմնավորում ուներ: Այդ երկխոսության արդյունքում ազատ արձակվեցին դեռևս բանտերում գտնվող քաղբանտարկյալները: Սակայն հետագա գործընթացները, որոնցում անցած տարվա աշնանից սեփական նախաձեռնությամբ կամ ոչ` ներգրավվեց ՀԱԿ-ը, ոչ միայն քաղաքական, այլ, ըստ էության, նաև բարոյական արդարացում չունեն: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժման արդյունքում ծնված ուժի գերնպատակ հռչակեց «քաղաքագիտական վերլուծության» ռազմավարությունը, որի արդյունքում ՀԱԿ-ը դարձավ «ավազակապետության սյուներից» մեկի` ԲՀԿ-ի շահերի սպասարկուն: Իսկ խորհրդարանական ընտրություններում ստանալով և վերցնելով 7 մանդատները՝ ՀԱԿ-ը վերջնականապես ինտեգրվեց «ավազակապետական համակարգին»: Որևէ այլ քաղաքական ուժի դեպքում վարքագծի նման փոփոխությունը գուցե այդքան արտառոց չլիներ: Սակայն ՀԱԿ-ի պարագան առանձնահատուկ է նրանով, որ այն ստեղծվել էր համաժողովրդական պայքարի արդյունքում և պետք է դառնար դրա շարունակողը:

ՀԱԿ-ը դե ֆակտո վաղուց դադարել է լինել համաժողովրդական շարժման կրողը և նրա առաջնորդները պետք է համարձակություն ունենան խոստովանել դա ու ամրագրել նաև դե յուրե: Առավել ևս, որ ՀԱԿ-ի հիմնադրման ակունքներում կանգնած ուժերից ու գործիչներից շատերը հեռացել են Կոնգրեսից` այնտեղ թողնելով միայն նրանց, ում համար ճշմարտությունը սկսվում ու ավարտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծություններով:

Տեսանյութեր

Լրահոս