Գների աճը թույլատրելի միջակայքում է
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հուլիսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%։
Այսպես, սպառողական գների ինդեքսը 2012թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ եղել է 102.3։
Այդ թվում, սպառման ապրանքները թանկացել են 2.4 տոկոսով, պարենային ապրանքները՝ 1.4, ոչ պարենային ապրանքները՝ 4.4, ծառայությունները՝ 2.3 տոկոսով։
Թեև բյուջեում որպես նորմատիվային ցուցանիշ վերցվում է հենց 12-ամսյա գնաճը, ԱՎԾ-ն առավել մանրամասն անդրադառնում է ամսական կտրվածքով ցուցանիշին (տվյալ ամիսը նախորդ ամսվա համեմատ) և տարվա սկզբի հետ համեմատականներին։ Ըստ ԱՎԾ զեկույցի, 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ: 2012թ. հուլիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95.2%, ոչ պարենային ապրանք-
ներինը՝ 102.2%, ծառայությունների սակագներինը՝ 101.5%: 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):
2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի գների 24.4-3.5%-ով նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 24.4-0.2% գնանկում, իսկ 4-ում` 0.7-2.6% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.3-1.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով: